Ալթըն-Թեփե
Նկարագրություն | |
Տեսակ | հնագիտական հուշարձան, բնակավայր և ժառանգություն |
Վարչական միավոր | Էրզինջանի մարզ |
Երկիր | Թուրքիա |
Altintepe, Erzincan Վիքիպահեստում |
Ալթըն-Թեփե (թուրք, ոսկե բլուր), Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից 20 կմ արևելք, Կարինից (Էրզրում) Սեբաստիա (Սվազ) տանող ճանապարհի մոտ գտնվող բլուր, որի վրա հայտնաբերվել է ուրարտական քաղաք-ամրոց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեբեր հովտում, արևմուտքը արևելքի հետ կապող ռազմուղու վրա կառուցված ամրոցը հիմնադրվել է Արգիշտի Բ-ի ( մ․ թ․ ա․ 714-680) օրոք, որպես Ուրարտական պետության արևմտյան սահմանային մարզի կենտրոն։ Ամրոցը կառուցված է 60 մ բարձրության զառիթափ բլրի կատարին և շրջապատված արտաքին երկու պատերով, որոնցից յուրաքանչյուրի հաստությունը 12 մ է։ Դրանք շարված են 35–40 տ կշռող տաշված քարերից։ Տաճարը բաղկացած է երկու հատվածից։ Առաջինը ճեմասրահներով շրջապատված գավիթ է, որի մեջտեղում կառուցված է աշտարականման խուց՝ 13,8 մ հաստությամբ պատերով։ Խուցի ներսում կա արձանի քարե պատվանդան, սակայն արձանը չի գտնված։ Ճեմասրահների կտուրները պահել են 4,5 մ բարձրությամբ 20 փայտե սյուներ, որոնք հանգչում են քարե շրջանաձև հիմքերի վրա։ Տաճարի պատերի ներքևի մասը քարից է, մնացածը շարվել է հողե աղյուսներով։ Խցի և ճեմասրահների պատերին կան մեծ վարպետությամբ կատարված որմնանկարներ։ Գտնվել են նաև Խալդ աստծուն նվիրված նիզակների բրոնզե և երկաթե սայրեր, խորհրդանշաններ, գավազաններ, գայիսոններ, սկահակներ և փորագրված փայտե առարկաներ։ Աստծուն նվիրաբերված առավել թանկ ընծաների տաճարի դռներից կախված վահաններ, սաղավարտներ, գահեր, փղոսկրե քանդակազարդ առարկաներ, առյուծների եղնիկների արձաններ, հայտնաբերվել են զավթի, մուտքի մոտ գտնվող ճեմասրահում։ Ավելի լավ է պահպանվել տաճարի երկրորդ հատվածը, որը բաղկացած է մեծ սրահից և օժանդակ սենյակներից։ Այստեղ տեղի են ունեցել ընդունելություններ և կրոնական ծիսակատարություններ։
Որմնանկարները կատարված են բաց կապույտ ֆոնի վրա և պատկերում են թևավոր ոգիներ, նուռ, կենդանիներ, երկրաչափական նախշեր։ Սենյակների ծխնելույզները անցնում են հաստ պատերի միջով, իսկ հատակի տակ կան քարե խողովակներ՝ ջուրը հեռացնելու համար։ Տաճարի այս հատվածի շենքի ճակատին կա սև, կարմիր և կանաչ ավազաքարերից պատրաստված խճանկար։ Նման տաճարները որոշակիորեն տարբերվում էին ասորական և հեթիթական տաճարներից և յուրահատուկ էին միայն ուրարտացիներին։ Ալթըն-Թեփեյում հայտնաբերված մթերանոցն ունի երկու ընդարձակ սենյակներում կանոնավոր շարքերով հողում թաղված կարասներ, որոնցից յուրաքանչյուրի վրա հիերոգլիֆով նշված է պարունակության չափը։ Գրանցում պահվել են ցորեն, գարի, լոբի, յուղ, գինի։ Ամրոցի տերերը թաղված են բլրի հարավ–աևելյան լանջին՝ քարերով ու կղմինդրով ծածկված քարաշեն դամբարաններում։ Բազմաթիվ սենյակներից բաղկացած այս ստորգետնյա տների արտաքին մուտքը փակված է մի քանի ա կշռող քարերով, իսկ սենյակները միմյանց միացնող դռները խնամքով ծածկված են սալաքարերով։ Ննջեցյալներին թաղել են փայտե կամ քարե դագաղներում՝ առանձին–առանձին կամ զույգերով։ Նրանց շքեղ հագուստը և հարուստ արդուզարդը ցույց են տալիս, որ կանայք կրելիս են եղել գունագեղ զգեստ և ոսկուց, արծաթից ու թանկագին քարերից պատրաստված զարդեր, իսկ տղամարդիկ՝ բրոնզե և երկաթե զենքեր։ Դամբարաններում հայտնաբերվել են նաև բրոնզե կաթսաներ, որոնց կանթերը ցուլի քանդակված գլուխներ են, կավե անոթներ, ոսկե ափսեներ՝ մարդագլուխ ցուլերի պատկերով, ինչպես նաև բազմազան զարդեր և քարից, մետաղից ու փայտից պատրաստված առարկաներ։
Դամբարաններից մեկի ամենաընդարձակ սենյակում գտնվել են կառքի կաշվե լծաս,արք, մետաղյա սկավառակներ՝ աստվածների փորագրված պատկերներով, երկրաչափական զարդանախշերով բրոնզե գոտիներ, բրոնզակուռ և արծաթակուռ փայտե աթոռներ։ Ամենափոքր սենյակում հայտնաբերվել է ննջեցյալի դագաղը, որը հանգչում է առյուծի ոտքերի վրա։ Հայտնաբերվել է նաև դամբարաններին հարող բացօթյա տաճար՝ չորս կողմից շրջապատված քարաշեն պատերով, չորս մեծ կոթողներով և քարե զոհասեղանով։ Այստեղ կատարվել են հուղարկավորության հետ կապված կրոնական ծեսեր։ Հանգուցյալների պաշտամունքի համար կառուցված նման սրբավայրերը հատուկ էին ուրարտացիներին։
Մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսին կառուցվել է ընդարձակ ընդունասրահը (44 X 25,3 մ), որի տափակ կտուրը հենվել է երկու զուգահեռ շարքերով, քարե շրջանաձև հիմքերով 18 սյուների վրա։ Այս շինությունը նախատիպն է Աքեմենյանների օրոք կառուցված ժողովասրահների (օր․ Պերսեպոլիսում), այն առանձնահատկությամբ, որ պատերը վերից վար պատկերազարդված են հոյակապ որմնանկարներով։ Կարմիր, սպիտակ և սև եզրազարդերը արված են կապույտ կամ բաց շագանակագույն ֆոնի վրա և մեծ մասամբ ունեն 2,5 մ բարձրություն։ Դրանց մեջ նկարված են թևավոր ոգիներ, վարդանման նախշեր, նուռ, արմավենու տերևներ, ծնրադիր ցուլեր։ Ալթըն-Թեփեյում հայտնաբերված ամրոցը և առարկաներն ունեն պատմական ու գեղարվեստական մեծ արժեք և վկայում են ուրարտացիների նյութական ու հոգևոր մշակույթի բարձր զարգացումն ու ինքնատիպությունը։ Ալթըն-Թեփեյում ուրարտական արձանագրություններ առայժմ չեն հայտնաբերվել, որը, սակայն, չի ժխտում նրա ուրարտական ամրոց լինելու փաստը։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին այստեղ հայտնաբերվեցին հնագիտական նյութեր, որոնք գերմանացի Հանս Հեննինկը վերագրում էր ուրարտական շրջանին (VII-VIII դարեր մ.թ.ա)։ Ալթըն-Թեփեն սկսել են պեղել թուրքական պատմական ընկերությունը և հնությունների դեպարտամենտը 1959-ին (աշխատանքների ղեկավար՝ Անկարայի համալսարանի պրոֆեսոր Թահսին Էոզգյուչ)։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են տաճարի, մթերանոցների, դամբարանների, բացօթյա սրբավայրի, ընդունասրահի հետքեր, գեղեցիկ որմնանկարներ, շատ նման Էրեբունիի կառույցներին ու արվեստին։
Գ. Ղափացյանի կարծիքով, այստեղ է գտնվելիս եղել Հայասկան Ուրու քաղաքը և եղած նյութերն էլ վերաբերում են Հայասային։ Հ. Մանանդյանի կարծիքով Ալթըն-Թեփեի տեղում նստել է Բալա և Դումանա երկրների խեթական փոխարքան, այստեղ էլ գտնվել է Պատտիյարիկ քաղաքը[1]։
Մասնագետները (Բ․ Պիոտրովսկի, Մ․ Իսրայելյան, Կ․ Հովհաննիսյան) գտնում են, որ Ալթըն-Թեփեն իր կառույցների ճարտարապետական ոճով (պալատական շենքը), որմնանկարների զարդանախշերով, դրանց հերթականությամբ, գույներով նման է ուրարտական այլ ամրոցների, հատկապես Էրեբունուն։ Դա հաստատում է ուրարտացիների միասնական, ավարտուն ճարտարապետական ոճը և գեղագիտական ճաշակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 77 — 992 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Urartu and Altintepe, «Archaelogy», 1969, October, v. 22, № 4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 162)։ |