Ծնվել է Դոնի զորքի յասավուլի ընտանիքում։ Ալեքսանդր Սերաֆիմովիչը 1883-1887 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում։ Ձերբակալվել է Ուլյանովի ու մյուսների գործի (1887 թվականին) կապակցությամբ և աքսորվել Արխանգելսկի նահանգ։ Վերադառնալով Դոն (1890 թվական)՝ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատական խմբակների հետ։ Վաղ շրջանի ստեղծագործությունները («Սառցաբեկորի վրա», 1899 թ., պատմվածք և այլն) գրված են աքսորի տպավորությունների տակ։ 1901 թվականին հրատարակվել է Սերաֆիմովիչի «Ակնարկներ և պատմվածքներ» առաջին գիրքը։ 1902 թվականին փոխադրվել է Մոսկվա, մտել «Չորեքշաբթի» գրական խմբակի մեջ, ծանոթացել է Մաքսիմ Գորկու հետ, աշխատակցել «Գիտելիք» հրատարակչությանը։ «Գիշերվա կեսին»,«Ջարդ», «Պրեսնյայում» և այլ ակնարկներում ու պատմվածքներում արտացոլված են 1905-1907 թվականների հեղափոխության իրադարձությունները։ Հեղափոխությունից հետո Սերաֆիմովիչի ստեղծագործության մեջ ուժեղացել է պատմականությունը։ «Քաղաք տափաստանում» (1912 թվական) վեպը ռուսական արդիական կապիտալիզմի ընդհանրացված պատմությունն է։ Սերաֆիմովիչի 1914-1918 թվականներին գրած ակնարկներն ու պատմվածքները աչքի են ընկնում ժողովրդի թշվառության խոր ըմբռնումով, արտացոլում են հակապատերազմական և հեղափոխական տրամադրությունների աճը ժողովրդի մեշ։ Սերաֆիմովիչին ողջունել է 1917 թվականի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունները։ Որպես «Պրավդա»-ի զինթղթակից եղել է 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Գրողի զինվորական հրապարակախոսությունը բարձր է գնահատել Վլադիմիր Իլյիչ Լենինը։ Նրա «Երկաթե հեղեղ» (1924 թվական, հայկական հրատարակչություն 1927 թվական) վեպը խորհրդային գրականության դասական ստեղծագործություններից է, որի հիմքում Թամանյան բանակի հերոսական արշավանքն է (1918 թվական)։ 1930-ական թվականներին Սերաֆիմովիչը հրատարակել է «Դոնի տափաստաններով» (1931 թվական) ակնարկաշարը, աշխատել ինքնակենսագրական ստեղծագործության վրա։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին եղել է ռազմաճակատում, զբաղվել հրապարակախոսությամբ։ Սերաֆիմովիչը խմբագրել է «Օկտյաբր» («Октябрь», 1926-1929 թվականներ) ամսագիրը։ ԽՍՀՄ գրողների միության կազմակերպիչներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։