«Ազդարար», ՀնդկաստանիՄադրաս քաղաքում տպագրվող հայկական պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդես, պարբերական։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է[1][2][3]։
Հիմնադրվել է Մադրասում1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։
Ազդարարը՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականը, լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին հոկտեմբերի 16-ին, խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը, հրատարակվել է մինչև 1796 թվականը (18 համար), դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի» առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։
«Ազդարարի» թողարկումը վերսկսվել է 2007 թվականին, Կալկաթայում։ Այն լույս է տեսել ամերիկահայ աստղագետՆորա Անդրեասյանի մեկենասությամբ։ Վերահրատարակվող «Ազդարարի» խմբագիրն է Մարտիկ Սարգսյանը։ Նոր «Ազդարարը» տարբեր բարեգործների կողմից հովանավորվող գունավոր հանդես է՝ բաղկացած 48 էջից[4][5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 115)։