Jump to content

Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ
Տեսակազգային թանգարան, հնագիտական թանգարան և գիտահետազոտական ինստիտուտ
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՍոֆիա
ՎայրՍոֆիա
Պատկանում էԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ղեկավարության նստավայրGreat Mosque of Sofia, Սրեդեց, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա
Հասցե„Атанас Буров“ 1000
Հիմնադրվել է1892
Կայքnaim.bg(բուլղ.)
Քարտեզ
Քարտեզ

Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ (բուլղար․՝ Национален археологически музей, Natsionalen arheologicheski muzey) հնագիտական թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Թանգարանը զբաղեցնում է նախկին օսմանյան մզկիթի շենքը՝ Büyük camii (Մեծ մզկիթ), որը կառուցվել է 1474 թվականին Մեհմեդ II-ի օրոք։ Թանգարանը որպես առանձին մարմին՝ «Ազգային թանգարան», հիմնադրվել է 1893 թվականին, այն, ինչպես նաև նախկին մզկիթի շենքը, որտեղ 1880-1883 թվականներին տեղակայվել է «Ազգային թանգարանը», ղեկավարել է չեխ Վացլավ Դոբրուսկին[1]։

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1905 թվականին, և քաղաքում առկա բոլոր հնագիտական ցուցադրությունները տեղափոխվել են այստեղ։ Հետագա տարիներին կառուցվել են հավելյալ սրահներ և վարչական շենքեր որպես հավելում նախկին մզկիթի շենքին, որը շարունակում է օգտագործվել, չնայած անբարենպաստ պայմանների, մասնավորապես ամռան ընթացքում ի հայտ եկող խոնավության։ Թանգարանը կառավարվում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի կողմից։

Թանգարանը 1920 թվականին

Հնագիտական թանգարան-ինստիտուտ ստեղծելու մտահղացումը բուլղարացի մտավորականներն ունեցել են 1840-ական թվականներին, և 1969 թվականին Բուլղարիայի գրական ընկերության ստեղծումից հետո այն եղել է առաջնային։ Բուլղարիայի ազատագրումից հետո անմիջապես քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ 1892 թվականին ցարի հրամանով հաստատությունը հիմնվել է de jure, իսկ հավաքածուի համալրումն սկսել է հաջորդ տարի։ Ի սկզբանե այն հայտնի է եղել որպես «Հայրենիքի թանգարան-տաճար»։

Մինչև 1906 թվականը թանգարանը ընդգրկել է ազգագրական իրերի հավաքածու։ Այնուհետև հավաքածուի ընդլայնման պատճառով այն առանձնանում է և ցուցադրվում առանձին կառույցում, որն էլ դառնում է Սոֆիայի ազգագրական թանգարան։ Հիմնադրումից ի վեր թանգարանն ակտիվորեն համագործակցում է Բուլղարիայի հնագիտական ընկերության հետ։ 1920 թվականին որպես առանձին կառույց հիմնադրվել է Հնագիտական ինստիտուտը, որը գլխավորել է Բոգդան Ֆիլովը։ 1948 թվականին այն միավորվել է թանգարանի հետ և գտնվում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հովանու ներքո։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համատեղ հաստատությունն սկսել է Բուլղարիայում իրականացնել մի շարք հնագիտական արշավներ։ Կատարվել են մի շարք վայրերի ուսումնասիրություններ էնեոլիթ շրջանից մինչև վաղ միջնադար, որի արդյունքում թանգարանի հավաքածուն համալրվել է մի շարք թանգարանային նմուշներով։ Այսօր թանգարանում են պահում մեծ քանակությամբ իրեր, ճնայած դրանց մի մասը վտանգված է ամառային սեզոնի բարձր խոնավության պատճառով։

Թանգարանն ունի հինգ ցուցասրահ՝

  • Կենտրոնական սրահ, գտնվում է գլխավոր շենքի առաջին հարկում։ Ներկայացված են տարբեր հավաքածուներ հին Թրակիայից, Հունաստանից, Հռոմից մինչև ուշ միջնադար։
  • Նախապատմության սրահ, գտնվում է շինության հյուսիսային հատվածում։ Այստեղ ցուցադրվում են մ. թ. ա. 1,600,000 մինչև մ.թ.ա. 1,600 թվականների նմուշներ։ Հավաքածուն ներկայացված է ժամանակագրական տեսքով և ներառում է տարբեր գտածոներ Բուլղարիայի քարանձավներից, նախամարդու գործիքները, գծագրեր, պարզ խեցեղեն, ծիսական իրեր և այլն։ Հավաքածուն բաժանվում է վաղ, միջին և ուշ պալեոլիթի հավաքածու, նեոլիթյան և բրոնզեդարյան հավաքածու։
  • Միջնադար, գտնվում է գլխավոր շենքի երկրորդ հարկում։ Հավաքածուն ներառում է միջնադարյան գրքեր, փայտե աշխատանքներ, գծանկարներ, մետաղական իրեր և ժամանակաշրջանին բնորոշ այլ առարկաներ։
  • Գանձարան, գտնվում է արևելյան հատվածում։ Այստեղ ցուցադրվում են ինվենտարիզացիա անցած գերեզմաններ, ուշ բրոնզեդարյան գանձեր, ինչպես նաև երկու ամենահայտնի բուլղարական գանձերը՝ Վիլչիտրին գյուղի և Լուկովիտի գանձերը։
  • Հատուկ ժամանակավոր ցուցադրություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Shegunova, Rositsa. «The building of Byuyuk Mosque has housed the National Archaeological Museum for 111 years now». Bulgarian Diplomatic Review. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ (Բուլղարիա)» հոդվածին։