Հայ նոր դիմադրություն
Հայ նոր դիմադրություն (ՀՆԴ) (անգլ.՝ New Armenian Resistance, NAR), հայկական քաղաքական ընդհատակյա զինված կազմակերպություն։ Գործել է 1977-83 թվականներին։ ՀՆԴ-ը 1970-ական թվականներին հրապարակ իջած հայ զինված խմբակներից միակն Էր, որի գործողություններն ուղղված էին ոչ միայն թուրքական այլև արտասահմանում գտնվող խորհրդային հաստատությունների դեմ։
Գտնելով, որ հայերի առաջին թշնամին տակավին թուրքական պետությունն է, ՀՆԴ-ն կոչ է արել չմոռանալ նաև այն, որ խորհրդային վարչակարգը Հայկական ԽՍՀ-ում բռնությունների է դիմում ազատախոհական շարժումները ճնշելու համար։ Կազմակերպությունը իրեն հայտարարել է ՀԽՍՀ ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության բարեկամ և դաշնակից, թեև նրանց միջև գործնական կապերի գոյությունը հաստատող որևէ փաստ չկա։
ՀՆԴ-ի գործունեությունը սահմանափակվել է միայն խափանարարական գործողություններով։ ՀՆԴ-ը պատասխանատվություն է ստանձնել 1979 թվականի դեկտեմբերի 22-ին Փարիզում թուրքական դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի սպանության համար։ Նույն գործողությունը հանձն է առել նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ)։
Կազմակերպության հիմնադիրների և առաջնորդների մասին տեղեկությունները քիչ են։ 1983 թվականի փետրվարին Բրյուսելում (Բելգիա) Turkish Airlines-ի շենքում տեղի ունեցած ռազմագործողությունից հետո, կազմակերպությունը կամ ամբողջովին դադարեցրել է իր գործողությունները կամ միաձուլվել է ավելի մեծ խմբերի հետ, ինչպիսին է ՀԱՀԳԲ-ը։
Գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Տարածք | Գործողություն[1] | Նշում |
---|---|---|---|
մայիսի 14, 1977 | Փարիզ, Ֆրանսիա | Պայթյուն թուրքական ճամբորդական գործակալությունում։ | Գործողությունը կատարվել է «Երիտասարդական գործնական խմբի» հետ համատեղ։ |
հունվարի 3, 1978 | Լոնդոն, Անգլիա | Պայթյուն թուրքական բանկում։ | |
հունվարի 3, 1978 | Բրյուսել, Բելգիա | Պայթյուն թուրքական դեսպանատան խորհրդականի բնակարաններում։ | |
դեկտեմբերի 6, 1978 | Ժնև, Շվեյցարիա | Պայթյուն թուրքական հյուպատոսությունում։ | |
դեկտեմբերի 17, 1978 | Ժնև, Շվեյցարիա | Պայթյուն թուրքական հյուպատոսությունում։ | |
դեկտեմբերի 9, 1979 | Հռոմ, Իտալիա | Պայթյուններ El А1-ի և British Airways-ի գրասենյակներում, 9 տուժած։ | |
փետրվարի 1, 1980 | Բրյուսել, Բելգիա | Պայթյուններ Aeroflot-ի և Turkish Airlines-ի գրասենյակներում։ | |
փետրվարի 1, 1980 | Փարիզ, Ֆրանսիա | Պայթյուն Խորհրդային տեղեկատվական գրասենյակում։ | |
ապրիլի 24, 1982 | Քյոլն, Գերմանիա | Թուրքական բանկում պայթյունի փորձ։ | |
ապրիլի 24, 1982 | Դորտմունդ, Գերմանիա | Պայթյուն թուրքական բանկում։ | |
փետրվար, 1983 | Բրյուսել, Բելգիա | Պայթյուն թուրքական ճամբորդական ընկերության շենքում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.