168 ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

168 Ժամ թերթը ստեղծվել է 2004 թվականին. թերթի առաջին համարը լույս է տեսել 2004 թվականի սեպտեմբերի 9-ին, և կանոնավոր լույս է տեսնում մինչև օրս։ Թերթի հիմնադիրը, գլխավոր խմբագիրը Սաթիկ Սեյրանյանն է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթը սկզբնական շրջանում լույս էր տեսնում շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրը, 16 էջ ծավալով, այնուհետև՝ շաբաթը երեք անգամ հաճախականությամբ (երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին), A3 ֆորմատով։ Երեքշաբթի և շաբաթ օրերին՝ 8 էջ ծավալով։ Թերթը տարածվում է ամբողջ Հայաստանում։ Կարճ ժամանակի ընթացքում «168 Ժամն» իր հաստատուն տեղը գրավեց հայկական լրատվական դաշտում, ինչը թերթի խմբագրակազմին վստահություն ներշնչեց նախաձեռնելու հետագա նախագծերը։ Երեքշաբթի և շաբաթ օրերին լույս տեսնող թերթը առավելապես տեղեկատվական ուղղվածություն ունի, աշխատում է օրաթերթի ռեժիմով։ Իսկ հինգշաբթի օրվա համարը, բացի լրատվությունից, առաջարկում է նաև բազմաբովանդակ վերլուծական, հրապարակախոսական, ճանաչողական, գիտահանրամատչելի հոդվածներ։

Սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«168 Ժամ» թերթի գործունեության ամենակարևոր սկզբունքը անաչառությունն է, որևէ երևույթի, հիմնախնդրի վերաբերյալ առավելագույն չափով և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը։ «168 Ժամը» քննադատում է ոչ թե անձանց, այլ երևույթները։ «168 Ժամը» անդրադառնում է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներին՝ քաղաքականություն, տնտեսություն, հասարակական հարաբերություններ, կրթություն, արվեստ, մշակույթ, գիտություն և այլն։ «168 Ժամն» իր գործունեության առաջին իսկ օրից ընդգծված կերպով առանձնացրել է սոցիալական բնագավառի հիմնախնդիրների լուսաբանումը։ «168 Ժամ» թերթի էջերում հրապարակվել են սոցիալական ծանր պայմաններում ապրող, պետության ու հասարակության կողմից անտեսված հարյուրավոր մարդկանց պատմություններ։ Բարեբախտաբար, այդ հրապարակումներից շատերին արձագանքել են բազմաթիվ գերատեսչություններ, անհատներ, կազմակերպություններ՝ օգնության ձեռք մեկնելով խոցելի խմբերի քաղաքացիներին։

Գործունեության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«168 Ժամ» թերթը տարիներ շարունակ ընթերցողին էր ներկայացնում համաշխարհային գրականության թարգմանություններ։ Թերթի էջերում տարիներ շարունակ հանդես են գալիս քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական թեմաներին անդրադարձող հրապարակախոս-սյունյակագիրներ[2]։

Կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին սկսեց գործել «168 Ժամ» թերթի կայք էջը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (https://archive.168.am/am/)[3]։ 2013 թվականից վերագործարկվեց թերթի նոր կայք էջը՝ www.168.am[4]։ www.168.am ինտերնետային կայքը «168 Ժամի» գործունեության շարունակությունն ու ընդլայնումն է վիրտուալ տարածության մեջ։ Կայքի խմբագիրն է Գառնիկ Գևորգյանը[5]։ Կայքը տրամադրում է անընդհատ թարմացվող՝ on-line տեղեկատվություն հայաստանյան կյանքի բոլոր բնագավառների, տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ www.168.am-ում կարող եք գտնել նաև վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ քաղաքականության, տնտեսության, հանրային կյանքի, մշակույթիվերաբերյալ։ Կայքը հատուկ ուշադրություն է դարձնում նաև գիտության ու կրթության ոլորտում կատարվող զարգացումներին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող նորություններին։ Կայքի «Գիտություն» բաժնում կարող եք ծանոթանալ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանում և Հայաստանից դուրս կատարվող բոլոր իրադարձություններին, ոլորտի տեղական ու համաշխարհային մասնագետների գնահատականներին ու կարծիքներին։

Pressing վերլուծական ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից «168 Ժամ» թերթին կից սկսեց գործել «Պրեսսինգ» վերլուծական ակումբը։ Անցած 5 տարիների ընթացքում ակումբում կազմակերպվել են ավելի քան 80 բանավեճ-քննարկումներ պետության ու հասարակության կենսագործունեությանն առնչվող գրեթե բոլոր թեմաների շուրջ։ Այդ քննարկումներին մասնակցել են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ լրագրողներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, փորձագետներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ու պետական կառավարման մարմինների տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Պրեսսինգի հաջողության գրավականը դարձել է այն, որ այստեղ հնարավոր է դառնում նույնիսկ ամենամոլի քաղաքական հակառակորդներին, տրամագծորեն հակադիր տեսակետներ ունեցող հանրային գործիչներին ներքաշել կառուցողական բանավեճի հարթություն՝ հնարավորություն տալով ոչ միայն ուղղակի արտահայտվել, այլև գտնել խնդիրների լուծման արդյունավետ ուղիներ։ Պրեսսինգի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում քաղաքական բազմակարծության ապահովմանը, բանավեճի քաղաքակիրթ մշակույթի արմատավորմանը և միավորել հասարակության ինտելեկտուալ հատվածին՝ ամենատարբեր բնագավառներից։ Պրեսսինգում կազմակերպված քննարկումների ամփոփ հավելվածները հրապարակվում էին միայն «168 Ժամ» թերթի էջերում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]