Jump to content

Ֆլայշմարկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլայշմարկտ
Երկիր Ավստրիա
Գտնվում էՎիեննա
Տեսարան դեպի Ֆլյաիշմարկտ փողոց Սուրբ Երրորդություն եկեղեցու կողմից

Ֆլայշմարկտ (գերմ.՝ Fleischmarkt` «մսի շուկա»), փողոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Ներքին քաղաք պատմական շրջանում[1][2][3][4][5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյաիշմարկտը Ներքին քաղաքի ամենահին փողոցներից մեկն է։ Դրա մասին առաջին հիշատակությունն արվել է 1220 թվականին, երբ փողոցը հիշատակվել է որպես «carnifices Viennensis»: Այստեղ են տեղակայված Վիեննայի ամենահին մսի շուկան և մսի վաճառքի հնագույն տաղավարները[1][2][3]։

1333 թվականի մի հրամանով Ֆլյաիշմարկտ փողոցում տեղակայվում է մսագործների գիլդիայի տունը։ Մինչև 1256 թվականը մսի ամբողջ վաճառքը Վիեննայում կազմակերպվում էր հարևան Լիխտենշթեգ (Lichtensteg) փոքրիկ փողոցում։ Այն փաստաթղթերում հիշատակվում էր տարբեր անվանումներով, օրինակ՝ «հին (նախկին) մսի շուկա» («domus in antiquo foro carnium», 1258) կամ «մսի շուկա» («in foro carnium», 1314): Խառը ժամանակաշրջանում, օրինակ 1450 թ.-ից 1460 թվականների ժամանակահատվածում, մսի շուկայի պանդոկներն ու գինետները ապստամբների ու բողոքավորների հավաքատեղիներ էին դառնում[1][2][3]։

Միջնադարի և Նոր ժամանակների միջև ընկած շրջանում Ֆլյաիշմարկետ փողոցին սկսեցին վերագրել նաև մսի շուկային հարող, բայց մոտակա փողոցների ու նրբանցքների (Դրախենգասե, Պոստգասե, Վոլֆենգասե, Գրիխենգասե և Լիխտենշեգ) տները[1][2][3]։

1683 թվականին թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ շրջափակման ժամանակ Ֆլյաիշմարկտը սաստիկ տուժեց հրետակոծությունների հետևանքով[1][2][3]։

Երկար ժամանակ Ֆլյաիշմարկտում կարելի էր գնել ոչ միայն միս, այլ նաև փայտ։ Ավելի ուշ՝ 1742 թվականին փայտի շուկան տեղափոխվեց Ռոզաու շրջան։ 1759 թ.-ին Ֆլյաիշմարկտի խոշոր վերակառուցման արդյունքում հայտնաբերվեցին հռոմեական ժամանակաշրջանին վերաբերվող տարբեր առարկաներ և բազմաթիվ քարե դագաղներ[1][2][3]։

18-րդ դարում՝ Ավստրիայի և Վենետիկի միջև 1718 թվականին կնքված «Պասարովիցյան խաղաղություն» խաղաղության համաձայնագիրը կնքելուց հետո, Վիեննա են սկսում ժամանել հույներ, որոնց ձեռքում այն ժամանակ կենտրոնացած էր Բալկանների և Լիբանանի առևտուրը։ Շատ հույներ Վիեննայում սկսում են բնակություն հաստատել հենց Ֆլյաիշմարկտում, և այդ հանգամանքն իր արտացոլումն է գտնում փողոցի ընդհանուր տեսքի վրա։ Ի հայտ են գալիս բազմաթիվ հայտնի տեսարժան վայրեր՝ Գրիխենբայսլը (№ 11), հունական Երրորդություն եկեղեցին (№ 13), հույն առևտրական, բանկիր և բարոն Գեորգ Սիմոն ֆոն Սինի դեսպանի պալատը (№ 20-22): Միևնույն ժամանակ բազմաթիվ տներ, որոնք կառուցվել էին դեռ գոթական ոճով, վերակառուցման են ենթարկվում բարոկկոյի ոճով։ 19-րդ դարի սկզբին կառուցվում է փողոցի արևելյան կողմի մեծ մասը։ 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ փողոցը կարճ ժամանակով անվանափոխվում է՝ դառնալով Բարիկադների փողոց ( «Barrikadenstraße»), սակայն 1862 թվականին այն կրկին ստանում է իր այժմյան Ֆլյաիշմարկտ անվանումը[1][2][3]։

20-րդ դարասկզբին Ֆլյաիշմարկտ փողոցում հայտնվում են մի քանի յուգենդ ոճի շենքեր (№ 1,3,5,7,14): 1913 թվականին Ֆլյաիշմարկտ փողոցը երկարում է՝ հասնելով Բաուերնմարկտ և Յուդենշտրասսե փողոցների հատման վայրը։ Դրանով հանդերձ տների հին համարակալումը պահպանվում է և հայտնվում են այնպիսի նոր հասցեներ, ինչպիսին է օրինակ՝ 1а: Այս ընդլայնման արդյունքում Ֆլյաիշմարկտ փողոցը հատվում է Ռոտենտուրմշտրասսեի հետ[1][2][3]։

Շենքեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի Ֆլյաիշմարկտ փողոցի հատկանշական շենքերն են[1]

№ 1 (Ռոտենտուրմշտրասսե 20, Շտաիրերհոֆ 2)[խմբագրել | խմբագրել կոդը]

1830 թվականին այս հասցեում նախկին քանդված տանը ապրել է կոմպոզիտոր Թեոդոր Կարայանը։ 1799 թվականից այդ տանը տեղակայված է եղել Յոհան Մեկեի երաժշտական և տպագրական հրատարակչությունը։ 1909 թ.-ից 1910 թվականներին ավստրիացի ճարտարապետ Արթուր Բարոնը շենքը վերակառուցել է Սեցեսիոնի ոճով։

№ 2 (Ռոտենտուրմշտրասսե 18, Քյոլներհոֆգասե 5)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում շենքում տեղակայված է եղել «Ոսկե գայլի մոտ» պանդոկը, ավելի ուշ՝ «Ավստրիական բակ» հյուրանոցը (շենքը ոչնչացվել է 1945 թվականին)։

№ 5 (Գրեխենգասե 6)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում «Շագանակագույն եղջերուի մոտ» գարեջրատուն, որտեղ այցելել է Բեթհովենը[5]։

№ 10[խմբագրել | խմբագրել կոդը]

1828 թվականի գարնանը այս հասցեում է բնակվել Նիկոլո Պագանինին, միևնույնժամանակ շենքում է բնակվել նաև Յոզեֆ Ֆիշհոֆը։ 1828 թ. Մայիսի 31-ին այս տանը, Ֆիշհոֆը Պագանինիի հետ միասին սոնատի համերգ է տվել։

№ 11 (Գրիխենգասե 9) «Կարմիր վիշապի մոտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգին նվիրված հուշատախտակ

1679 թվականին տանը տեղակայվել է Գրիհենբայսլ պանդոկը, որտեղ, համաձայն լեգենդի գրվել է «Օ՜, իմ սիրելի Ավգուստին» երգը։ Ի պատիվ այդ հանգամանքի, տան դիմերեսին կախված է երգի հեղինակի պատկերով խոշոր ցուցանակ։

№ 13 Երրորդության եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հունական եկեղեցին կառուցվել է 1858 թվականին՝ Թեոֆիլ Հանսենի կողմից, ով Ռինգշտրասե փողոցի նախագծի հեղինակներից մեկն էր։ Շիանարարական աշխատանքներն իրականացվել են բարոն Գերոգ Սիմոն ֆոն Սինի գումարով, ով կամավոր նվիրատվություն է կատարել 70 հազար ֆլորին[6]։ Շենքն կառուցվել է բյուզանդական ոճով և ճոխ զարդարում ունի ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ 1963 թվականից եկեղեցին Ավստրիայի և Հունգարիայի հունական ուղղափառ եկեղեցու տաճար է դարձել[7]։

№ 15[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Մորից ֆոն Շվինդի հարազատ տունն է, ով Ֆրանց Շուբերտի ամենամոտ ընկերներից էր և այս տանը ապրել է մինչև 1828 թվականը։ Այստեղ նաև ապրել և մահացել է բանաստեղծ Հենրիխ Ջոզեֆ Կոլլինը[5]։

№ 24[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շենքում հաջորդաբար տեղակայվել են «Լոնդոն», «Սպիտակ գայլի մոտ» և «Ռաբլ» հյուրանոցները։ 1901 թվականից շենքում գործում է «Փոստ» հյուրանոցը։ 1762 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 1763 թվականի հունվարի 1-ը «Սպիտակ գայլի մոտ» հյուրանոցում Վիեննա կատարած իր առաջին այցի ընթացքում բնակվել է Լեոպոլդ Մոցարտն իր երեխաների հետ։ 1830 թվականին Վիեննա կատարած երկրորդ այցի ժամանակ նույն հյուրանոցում է բնակվել նաև Շոպենը։ 1872 թ.-ից մինչև 1876 թվականները «Սպիտակ գայլի մոտ» հյուրանոց են այցելել Ֆերենց Լիստը և Ռիխարդ Վագները։ Այստեղ տեղակայված է եղել նաև կամերային օպերա[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fleischmarkt. Արխիվացված 2014-12-25 Wayback Machine(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Вена / Филипп Бене, Рената Хольцбахова. — М.: Вече, 2012.(ռուս.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Австрия. - М.: Авангард, 2004.(ռուս.)
  4. These Streets in Vienna Are Rich in History.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Street Fleischmarkt in Vienna.(չաշխատող հղում)(անգլ.)
  6. Վիեննայի հունական համայնքի պատմություն, Տեոֆանաս Պամպաս.(գերմ.)
  7. Griechisch Orthodoxe Kirche in Wien. Արխիվացված 2009-07-05 Wayback Machine(գերմ.)