Ֆիլիպ Գունտագճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ֆիլիպ Գունտագճյան
Ծնվել է1880
ԾննդավայրՀասանբեյլի
Մահացել էհունիսի 1, 1936(1936-06-01)
Մահվան վայրՀալէպ, Սիրիա
Ազգությունհայ
ԴավանանքՀայ Ավետարանական Եկեղեցի
ԿրթությունՏարսոնի Սեյնթ Պոլ քոլեջ
Բեյրութի Ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԲաղդադի գերմանական երկաթուղագիծ
ՊարգևներՍիրիայի պետության Գ կարգի պատվանշան (հետմահու)

Ֆիլիպ Հարությունի Գունտագճյան (1880, Հասանբեյլի - հունիսի 1, 1936(1936-06-01), Հալէպ, Սիրիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1880 թվականին Ադանայի նահանգի Ջեբել-Բերեքեթի գավառի Հասանբեյլի գյուղում։ Հայրը, պապը և նախնիները եղել են հրացանի խզակոթ պատրաստող վարպետներ՝ գուդակչիներ և զինագործներ։ Սամվել Գունտագճյանի (Հովնանյան) կրտսեր եղբայրն է։ Ընտանիքով ավետարանականներ են եղել։

Երկրորդական ուսումն ստացել է, նյութական դժվարությունների գնով, ամերիկացի միսիոներների Տարսոնի Սեյնթ Պոլ քոլեջում։

1907 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1907-09 թվականներին աշխատել է Այնթապում` ամերիկացի անվանի բժիշկ դոկտ. Շեփըրդի հետ։ 1909 թվականին վերադարձել է ծննդավայր`Հասանբեյլի և աշխատել որպես բժիշկ, մտավորական ու քարոզիչ։

1912-19 թվականների գեհենական փոթորիկների շրջանում եղել է Բաղդադի գերմանական երկաթուղագծի բժիշկը։ 1914-18 թվականներին` Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, իր գիտելիքներն ու եռանդը ներդրել է հայ գաղթականների կյանքերը փրկելու գործում։ Դա պատճառ է հանդիսացել, որ թուրքական կառավարությունը նրան ամբաստանի ու ձերբակալի՝ ինքնապաշտպանության նպատակով լեռները բարձրացող հայ ֆիդայիներին (չեթեներին) դրամ և պարեն հայթայթելու համար։ Սակայն Ֆիլիպ Հովնանյանը բախտի բերումով ազատ է արձակվել Պատերազմական ատյանի նախագահի վճռով, որի կնոջը երկու տարի առաջ բուժել էր։

1919 թվականին տեղափոխվել է Հալեպ, որտեղ շահել է տեղի ողջ հայության համակրանքը։

1922 թվականին սկսվում է Հեդվիգ Բյուլի հայասիրական գործունեության երկրորդ փուլը։ Նա անդամագրվում է Ստրասբուրգ քաղաքում հիմնադրված «Քրիստոնեական առաքելություն Արևելքի մեջ» ավետարանական մարդասիրական կազմակերպությանը և մեկնում Հալեպ։ Այդ ժամանակ Սիրիայում կար ավելի քան 160 000 գաղթական, որոնք հիմնականում ապաստանել էին Հալեպի Սուլեյմանիե և Ռամատանիե արվարձաններում կառուցված հյուղակներում («Հայկական քեմփ») և ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Կենցաղային տարրական պայմաններից զուրկ հայ գաղթականության շրջանում խիստ տարածված էին վարակիչ զանազան հիվանդություններ, որոնք օրական հարյուրավոր մարդկային կյանքեր էին խլում։ Անհրաժեշտ էր շտապ կերպով կազմակերպել հիվանդների փրկության գործը։ Հաեպում Գեդվիգ Բյուլի նախաձեռնությամբ բացվում է հիվանդանոց, որտեղ աշխատում են Սիրիայի նշանավոր հայ բժիշկները (Ավետիս Ճեպեճյան, Ֆիլիպ Հովնանյան և այլք)։

Եղել է Ռամկավար ազատական կուսակցության ղեկավարներից։

1936 թվականին մի արաբ հիվանդի թոքը վիրահատելիս վնասել է սեփական մատը և արյան վարակման հոջորդող հինգերորդ օրը՝ 1936 թվականի հունիսի 1-ին մահացել է Հալեպում՝ 56 տարեկանում։ Հուղարկավորությունը կատարվել է մեծ շուքով։ Հայ և արաբ մտավորականները դագաղի վրա դամբանական ճառեր են ասել։

Սիրիայի նախարարների խորհրդի որոշումով հետմահու պարգևատրվել է Սիրիայի պետության Գ կարգի պատվանշանով։ Հետմահու հիմնվել է ՌԱԿ «Ֆիլիպ Հովնանյան» ակումբը։

Պատմել են, որ մի օր բժշկին հրավիրել են Ամանոսի լեռներում ապրող մի հիվանդի մոտ։ Նա անմիջապես ճանաչել է իր Տիգրան եղբորն սպանող թուրք աճրագործին։ Վրիժառությունն ու պարտականությունը փոթորկել են հոգին։ Սակայն ի վերջո նա բուժել է եղբորն սպանողին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Գրիգորյան Վ., Հայությանը նվիրված կյանք, Երևան, 1996 թ., 87 էջ։
  • Թորանեան Թորոս, Էջեր հայ եւ օտար բժշկութեան պատմութենէն, «Գանձասար», 12-04-2012։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
  • Ֆիլիպ Գունտագճյանի զարմիկի՝ երևանաբնակ թուրքագետ և ազգագրագետ Քեթի Ասատուրի Գունտագճյանի պատմածը, 1201-2009։