Ֆալենոպսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆալենոպսիս
Phalaenopsis philippinensis
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Ենթաբաժին Սերմնավոր բույսեր
Դաս Միաշաքիլավորներ
Ընտանիք Խոլորձազգիներ
Ցեղ ֆալենոպսիս
Լատիներեն անվանում
Phalaenopsis
Տեսակներ

տես տեքստը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Ֆալենոպսիս (լատին․՝ Phalaenopsis), խոլորձների ընտանիքին պատկանող էպիֆիտ (երբեմն լիտոֆիտ) խոտաբույս։ Տարածված է Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպիններում և Հյուսիսարևելյան Ավստրալիայում։ Բնական պայմաններում ապրում է խոնավ հարթավայրերում և լեռնային անտառներում։

Ընդհանուր անվան հապավում՝ Phal[1]:

Այս ընտանիքին պատկանող շատ ներկայացուցիչներ, հիբրիդային բազմաթիվ տեսակներ մեծ տարածում ունեն սենյակային և ջերմոցային ծաղկաբուծության ոլորտում, ինչպես նաև լայնորեն ներկայացված են բուսաբանական այգիներում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ընտանիքի առաջին ներկայացուցիչը գտնվել է Ամբոն կղզում (Մոլուքյան կղզիներ) գերմանացի ճանապարհորդ և բնագետ Գեորգ Ռումֆի կողմից (1627-1702):

1752 թվականին շվեդ հովիվ Պիտեր Օսբեկը գտավ մեկ այլ բույս Տերնատե կղզու հարևանությամբ գտնվող մի փոքրիկ կղզում և հերբարիումը ուղարկեց Կառլ Լիննեյին, որը նկարագրել է այն իր «Բույսերի տեսակները» հայտնի աշխատության մեջ՝ նշելով «էպիդենդրում» բառը (սա հունարեն բառ է, նշանակում է «ծառի վրա ապրող»։

1825 թվականին Լեյդենի Բուսաբանական այգու տնօրեն Կառլ Բլյումը գտավ մեկ այլ բույս Մալայան կղզեխումբը փոքրիկ կղզում։ Լուսաբացին դաշտային հեռադիտակով ջունգլիները դիտելիս նա խոլորձները շփոթեց սպիտակ թիթեռների հետ։ Ի հիշատակ իր սխալի՝ Բլյումն այդ բույսն անվանեց «Phalaenopsis», որը նշանակում է «թիթեռի նման» (phalania նշանակում է «գիշերային թիթեռ», իսկ opsis՝ «նմանություն»)։

Բուսաբանական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկների կառուցվածքը Phalaenopsis cornu-cervi

Ֆալենոպսիսը խոլորձների ամենաընդարձակ ընտանիքներից մեկն է, որի մեջ հաշվվում է 70 տեսակ[2]։ Այս ընտանիքի ներկայացուցիչները ունեն կարճ ցողուն և լայնածավալ տերևներ։ Բույսերի աճը տեղի է ունենում միայն մեկ ուղղությամբ` դեպի վեր։ Արմատային համակարգը ներկայացված է երկու տեսակի արմատներով։ Տերևների միջև կան նաև «օդային» արմատներ, որոնք նախատեսված են օդից ջուր ներծծելու համար։ Մեծահասակ բույսերը, որպես կանոն, ունեն 4-6 տերև։

5-30 սմ երկարությամբ տերևները մշտադալար են։ Որոշ տեսակների տերևների վրա կան գեղեցիկ նախշեր։

Ծաղիկները փարթամ են, երկար, հաճախ ճյուղավորվող։ Ծաղիկը նման է թիթեռի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Phalaenopsis amabilis
    Phalaenopsis schilleriana
    Phalaenopsis bellina
  • Phalaenopsis corningiana
  • Phalaenopsis gigantea
  • Phalaenopsis lueddemanniana
  • Phalaenopsis mannii
  • Phalaenopsis mariae
  • Phalaenopsis modesta
  • Phalaenopsis pulchra
  • Phalaenopsis reichenbachiana
  • Phalaenopsis schilleriana
  • Phalaenopsis speciosa
  • Phalaenopsis stuartiana
  • Phalaenopsis sumatrana
  • Phalaenopsis tetraspsis
  • Phalaenopsis venosa
  • Phalaenopsis violacea
  • Phalaenopsis wilsonii[3]

Ֆիլոգենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլեկուլային մեթոդների հիման վրա կատարված վերջին ուսումնասիրությունները հանգեցրել են ֆալենոպսիսի համակարգի և կազմի վերաբերյալ նոր տեսակետների ու հայացքների առաջացման։

Ֆալենոպսիսի ֆիլոգենետիկ ծառը երկու հիմնական ճյուղ ունի․ առաջինն իր մեջ ներառում է այնպիսի տեսակներ, որոնք ունեն 4 պոլինիում (Proboscidiodes, Parishianae, Esmeralda Հարավային Չինաստանում, Հնդկաստանում), երկրորդը՝ 2 պոլինիում ունեցող տեսակներ (Phalaenopsis, Polychilos, Fuscatae Մալայզիայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում)։ Ֆալենոպսիս ընտանիքի կենսաաշխարհագրությունը արտացոլում է այդ շրջանների երկրաբանական պատմությունը։

Վտանգված տեսակների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալենոպսիսի բոլոր տեսակների աճելավայրերը ենթարկվում են ուժեղ մարդածին ճնշման։ Շարունակվում է արևադարձային անտառների ոչնչացումը և դրանց վերածումը գյուղատնտեսական նշանակության հողերի։ Խոլորձների կոլեկցիոներների անընդհատ աճող պահանջարկը գերակշռում է՝ նվազեցնելով դեռևս պահպանվող բնական միջավայրերում աճող տեսակների քանակը։ Որոշ տեսակներ ներկայումս հայտնի են միայն ավելի քան 100 տարի առաջ արված ուսումնասիրությունների ու նկարագրությունների համաձայն։

Բույսերը պաշտպանելու համար սահմանվել է օրենք՝ ուղղված առևտրի ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը։ Ֆալենոպսիս ընտանիքի բոլոր տեսակներն ընդգրկված են CITES կոնվենցիայի Հավելված 2-ում։ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել, որ վայրի կենդանիների և բույսերի միջազգային առևտուրը չի սպառնում դրանց գոյատևմանը։ Իրական խնդիրը բույսերի առևտուրը չէ, այլ բնական միջավայրի ոչնչացումը այն վայրերում, որտեղ նրանք աճում են։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդային ֆալենոպսիս

Սենյակային պայմաններում ֆալենոպսիսի տեսակները աճեցվում են կամ պլաստիկ տարաների մեջ (հաճախ թափանցիկ), կամ բլոկի վրա։ Թափանցիկ պլաստիկ տարաներն օգտագործվում են սուբստրատի խոնավությունը և արմատների աճը վերահսկելու համար։

Տեսակների մեծ մասը և հիբրիդային ֆալենոպսիսը կարելի է պահել 40-50% հարաբերական խոնավության պայմաններում։ Կան սենյակային պայմաններում էպիֆիտ բույսերի հաջողությամբ աճեցման բազմաթիվ նկարագրված դեպքեր։ Պետք է զգույշ լինել, որ ջուրը չթափանցի տերևների հագույցների մեջ․ դա կարող է քայքայման պատճառ դառնալ[4]։

Տեսակների և հիբրիդների մեծ մասը ջերմասեր է։ Ձմռանը և ամռանը 22-25 °C ջերմաստիճանը նրանց համար բարենպաստ է, գիշերը՝ առնվազն 21 °C: Հաջող ծաղկման համար ցանկալի է ցերեկային և գիշերային ջերմաստիճանների միջև 5-10 °C տարբերություն[5]։

Գրեթե բոլոր տեսակները էպիֆիտ բույսեր են, բնական պայմաններում դրանք աճում են ծառերի կոճղերի և ճյուղերի վրա։ Ֆոտոսինթետիկ «օդային» արմատների միջոցով նրանք ստանում են խոնավություն, հանքային և օրգանական նյութեր։ Հետևաբար սենյակային և ջերմոցային պայմաններում այս բույսերի արմատներին անհրաժեշտ է օդի շրջանառություն[6]։

Որպես դրենաժ՝ տարայի հատակին կարելի է լցնել փրփրապլաստի կտորներ՝ հանքային պարարտանյութով հարստացնելով 1 անգամ երկու շաբաթվա ընթացքում։ Փոխպատվաստումն իրականացվում է ծաղկելուց հետո տարին մեկ անգամ[4]։

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված ՝ Բույսերի հիվանդություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белицкий И. В. Орхидеи. Практические советы по выращиванию, уходу и защите от вредителей и болезней. Изд. АСТ, 2001 г. ISBN 5-17-004583-2
  • Морозов В., Орхидеи. Самоучитель комнатного цветоводства. Издательство: Нева, 2003 г. ISBN 5-7654-2237-3
  • Ежек Зденек, Орхидеи. Иллюстрированная Энциклопедия. Издательство: Лабиринт, 2005 г. ISBN 5-9287-1134-4
  • Коломейцева Г. Л., Герасимов С. О. Орхидеи. Изд. Кладезь-Букс, 2005 г. ISBN 5-93395-098-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ընդհանուր անունների հապավումների ցանկ:
  2. Ֆալենոպսիս ընտանիքի տեսակներ The Plant List
  3. «Խոլորձի բուրմունքների վերաբերյալ տեղեկատվություն։». orchidculture.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 «Փիթեր Լին։ Խոլորձ աճեցնելու սկսնակ ուղեցույց։». www.bigleaforchids.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  5. Ա. Նորտեն, Խոլորձներ ձեր տանը։
  6. Գ. Լ.Կոլոմեյցևա, Ս. Օ. Գերասիմով, Խոլորձներ, հրատ. Кладезь-Букс, 2005 թ.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]