Jump to content

Օքսիրինքոսի պապիրուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքսիրինքոսում գտնված պապիրուս պատառիկներից (Հին Կտակարանի Ամովս մարգարեի գրքից)
Օքսիրինքոսում գտնված պապիրուս պատառիկներից (Ավետարան ըստ Մատթեոսի)

Օքսիրինքոսի պապիրուսներ, հին ձեռագրերի պատառիկների խումբ, որը հայտնաբերվել է 1890-ական թթ. սկսած անգլիացի հնագետներ Բերնարդ Փայն Գրենֆելի և Արթուր Սարիջ Հանթի կողմից Եգիպտոսում, հին Օքսիրինքոս քաղաքի աղբակույտերի մեջ։ Ձեռագրերը թվագրվում են մ.թ.ա. 1-ին դարից առ մ.թ. 6–րդ դար։ Դրանք ներառում են հիմնականում հունարեն, բայց նաև լատիներեն լեզուներով գրված բազմաթիվ փաստաթղթեր, նամակներ և գրական ստեղծագործություններ։ Հայտնաբերվել են նաև մի քանի ձեռագրեր բարակ մագաղաթի վրա և, վերջերս, արաբերեն ձեռագրեր թղթի վրա։

Օքսիրինքոսի պապիրուսները ներկայումս գտնվում են աշխարհի մի շարք գիտակրթական հաստատություններում։ Դրանց հիմնական մասը պահվում է Օքսֆորդի համալսարանի Աշմոլեան թանգարանում։

Թեև անտիկ աշխարհի կորսված գրական ստեղծագործություններից շատերը Օքսիրինքոսի ձեռագրերի մեջ գտնելու նախնական հույսը իրականություն չդարձավ՝ պապիրուսների պատառիկների վրա հայտնաբերվեցին և շրջանառության մեջ դրվեցին նախկինում անհայտ մի շարք կարևոր հունարեն տեքստեր, ներառյալ Պինդարոսի նոր բանաստեղծությունները, հատվածներ Սաֆոյի և Ալկայոսի ստեղծագործություններից, մեծ կտորներ Ալկմանի, Իբիկուսի և Կորիննայի բանաստեղծություններից։

Գտնվել են նաև բավականին նշանակալից հատվածներ Եվրիպիդեսի մի շարք կորսված ողբերգություններից, այդ թվում՝ «Հիպսիլե» ողբերգությունից, Մենանդրոսի կատակերգություններից, Սոփոկլեսի «Որոնողներ» սատիրական դրամայից։ Այլ կարևոր գտածոներից մեկն է պատմական երկասիրությունից մի հատված, այսպես կոչված «Օքսիրինքոսի հունական պատմությունը», որի հեղինակն անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այն կարող է պատկանել Էֆորոսի կամ Կրատիպուսի գրչին։ Գտնվել է նաև Եվրիպիդեսին նվիրված մի կենսագրական երկ, ինչպես նաև Լիվիոսի «Պատմության» գրքերի համառոտագրություն։

Օքսիրինքոսի պապիրուսների ուսումնասիրությունն ու վերծանումը շարունակվում է առ այսօր։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]