Օրեանդա (հյուրանոց, Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրեանդա
Տեսակհյուրանոց
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1907
Քարտեզ
Քարտեզ
Հյուրանոցի նոր մասնաշենքերը

«Օրեանդա» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Ореанда»), հյուրանոց Յալթայում (Ղրիմ), որը կառուցվել է 1907 թվականին ար-դեկո ոճով և քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Սև ծովի ափին` Յալթայի առափնյա փողոցում` շրջապատված Ղրիմի գեղատեսիլ լեռներով։

«Օրեանդա» հյուրանոցը Premier Hotels ցանցի մի մասն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրեանդա» հյուրանոցը կառուցվել է 1907 թվականին հուսարական գնդի դանիական ծագումով հրամանատար, գլխավոր շտաբի ակադեմիայի ռազմական պատմության և մարտավարության պրոֆեսոր, գրող և երկրային գործիչ Ալեքսանդր Վիտմերի` հյուրանոցի առաջին սեփականատիրոջ կողմից[2]։ Արդեն այն ժամանակ «Օրեանդան» ճանաչվել էր Յալթայի գավառի և ամբողջ Ղրիմի առաջին կարգի լավագույն հյուրանոցը[2]։ Հյուրանոցի բացման և կառուցվածքի մասին գրում էին այն ժամանակի գրեթե բոլոր թերթերը։ Հյուրանոցի անվանումը ծագում է Օրեանդա տեղանունից[2]։

Նախահեղափոխական ուղեցույցները նշում էին, որ հյուրանոցը հայտնի էր «անթերի պարենով, հիասքանչ կահույքով, հայելային ապակիներով, մաքրությամբ, լավ կազմակերպված այգով»։ Հյուրանոցի նախասրահներում սիգարի անզուգական հոտը խառնվում էր թարմ աղացած սուրճի և թանկարժեք օծանելիքի բույրերի հետ, գեղարվեստի սրահում ցուցադրվում էին Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի, Վլադիմիր Մակովսկու, Վասիլի Վերեշչագինի և «Օրեանդայի» մշակութային ավանդույթների հիմքը դրած այլ արվեստագետների կտավները։ 1918 թվականին, Յալթայում հեղափոխական իրադարձությունների շրջանում, հյուրանոցն օգտագործվել է որպես ապաստան և բոլշևիկյան կառավարության ղրիմյան հակառակորդների պաշտպանական կետ։ Հյուրանոցի շենքի տանիքին տեղադրված գնդացիրներից գնդակոծվում էին Առափնյա փողոցը և նրա շրջակայքը[2] մինչև այն պահը, երբ հեղափոխական նավաստիները նավից կրակոցով դադարեցրին կրակը` վնասելով երրորդ հարկի հյուրանոցային համարներից երկուսը։

Ղրիմում խորհրդային իշխանության հաստատումից հետո «Օրեանդայի» համար սկսվեց նոր փուլ։ Հյուրանոցն ազգայնացվեց[2], այն դարձավ հյուրանոց-պանսիոնատ, առողջարան, ԽՍՀՄ ԿԳԿ փակ տիպի հանգստյան տուն և ՆԳԾԿ առողջարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում հյուրանոցում տեղակայված էր ռազմական հոսպիտալ։ Հետպատերազմյան շրջանում «Օրեանդա» հյուրանոցը վերափոխվեց առողջարանի, որտեղ շարունակեցին բուժումը պատերազմի տարիներին վիրավորված զինվորներն ու սպաները։ 1958 թվականին հյուրանոցը ենթարկվեց «Ինտուրիստի» Ղրիմի մասնաճյուղին[2]։

1970-ական թվականների սկզբին, այնուհետև` 2001 թվականին, «Օրեանդան» երթարկվեց մի քանի խոշոր վերակառուցման[2]։

Հյուրանոցում նկարահանվել է խորհրդային պաշտամունքային «Ասսա» ֆիլմը։

2012 թվականի սեպտեմբերի 29-ին հյուրանոցի դիմաց բացվել է գրող Յուլիան Սեմյոնովի հուշարձանը։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Отель „Ореанда”
  3. «Памятник Юлиану Семенову».