Օսիպ Մոնտրեզոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպ Մոնտրեզոր
Դիմանկար
Ծնվել է1767[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 21, 1804(1804-08-21)[1]
Մահվան վայրՓամբակի գոգավորություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունլեհեր
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
 Iosif Montrezor Վիքիպահեստում

Օսիպ Անտոնովիչ Մոնտրեզոր կամ Իոսիֆ Մոնտրեզոր (ռուս.՝ Иосиф Монтрезор, գրականության մեջ հայտնի է նաև «Ղարա մայոր», «Քաջ մայոր», «Կորովի մայոր» մականուններով, 1767[1], Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 21, 1804(1804-08-21)[1], Փամբակի գոգավորություն[1]), ցարական բանակի մայոր, ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքի (1804) մասնակիցներից։ Ազգությամբ՝ լեհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսաստանում, լեհերի ընտանիքում։ Ավարտել է Ռուսաստանի զինված ուժերի դրագունական (հեծյալ) զորքերի կադետական կորպուսը (17831785-1787 թվականներին մասնակցել է կովկասյան լեռնաբնակների խռովությունների ճնշմանը, 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմում՝ 1788 թվականի Կուբանի օպերացիային։ Աչքի է ընկել Անապայի գրավման ժամանակ (1791), որի համար արժանացել է Սբ․ Վլադիմիրի IV աստիճանի շքանշանի։ Մասնակցել է Անդրկովկաս ներխուժած Աղա-Մահմեդ խանի հրոսակների դեմ Կասպիական կորպուսի ռազմարշավին (1796-1797), Վրաստան թափանցած Օմար խանի լեզգի ելուզակների և վրաց խռովարար արքայազունների դեմ կռիվներին (1800-1802

1803 թվականին գեներալ Պ․ Դ․ Ցիցիանովի հրամանով նշանակվել է Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանի հս․ շրջաններից նոր կազմված Փամբակի ռազմական դիստանցիայի պետ։ Իր գումարտակով (որի կազմում կային նաև հայ զինվորականներ) հաստատվել է Ղարաքիլիսայում (Կիրովական)։ Սահմանների ու կոմունիկացիաների պաշտպանությունից բացի, դիվանագիտական հարաբերությունների մեջ է մտել սահմանամերձ իրանական խանությունների, թուրք, փաշայությունների, ինչպես նաև Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ։ Այդ գործում Մոնտրեզորին աջակցել են հայ ազատագրական շարժման գործիչները։ Մոնտրեզորի հրամանատարության տակ գտնվող Փամբակի դիստանցիայի սահմաններում ապաստան են գտել իրանական ու թուրքական հալածանքներից փախած հազարավոր հայեր։

1804 թվականի մայիսի 29-ին՝ Մոնտրեզորը, իր հայ օգնական Տանի Օհանի մասնակցությամբ, Երևանի խանին ներկայացրել է ռուսական ցարի հրովարտակը՝ Դանիել Ա Սուրմառեցուն կաթողիկոսական գահին վերականգնելու, ինչպես նաև Երևանի բերդը հանձնելու մասին Ցիցիանովի վերջնագիրը։ Մերժումից հետո մասնակցել է Էջմիածնի ազատագրմանը, ապա՝ Երևանի բերդի պաշարմանը։

1804 թվականի օգոստոսի 18-ին Մոնտրեզորը առաջադրանք է ստացել Փամբակում դիմավորել և Երևան հասցնել Թիֆլիսից Մելիք-Ապովի որդի Ռոստոմ Բեկի գլխավորությամբ պարենամթերք և զինամթերք տեղափոխող հերթական գումակին։ Մոնտրեզորի ջոկատը (114 զինվոր, 35 հայ ու վրացի աշխարհազորային) ճանապարհին հետապնդվել է Փիր-Ղուլի խանի 500 հեծյալներից, իսկ Փամբակի գոգհովտում հանդիպել է նաև վրաց խռովարար արքայազն Ալեքսանդրի 6 հզ զորքին (պարսիկ սարբազներից և տեղի վաչկատուն խռովարարներից բաղկացած)։ Անհավասար մարտում ջոկատը համարյա գլխովին ջախջախվել է, Մոնտրեզորը՝ զոհվել[2][3]։ Մոնտրեզորի և նրա հերոսական ջոկատի պատվին, ճակատամարտի վայրում զոհվածների եղբայրական գերեզմանի վրա, 1805 թվականին կանգնեցվել է հուշակոթող։ Հուշակոթողը գտնվում է Սպիտակ Վանաձոր ճանապարհին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Скил. «Feat detachment Major Montrezor». Военное обозрение (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Bournoutian, George (2020 թ․ դեկտեմբերի 29). From the Kur to the Aras: A Military History of Russia’s Move into the South Caucasus and the First Russo-Iranian War, 1801-1813 (անգլերեն). Leiden/Boston: BRILL. էջ 132. ISBN 978-90-04-44516-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 18