Փառքի ճանապարհին
«Փառքի ճանապարհին» (անգլ.՝ Bound for Glory), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 1976 թվականին Հել Էշբիի կողմից։ Այն ազատորեն մեկնաբանում է ֆոլկ երգիչ Վուդի Գատրիի մասին ինքնակենսագրական գիրքը (գրված՝ 1943 թվականին), որտեղ թափառաշրջիկի տեսանկյունից նկարագրում է Մեծ ճգնաժամի տարիների կյանքը։ Գատրիի դերը, որն ի սկզբանե նախատեսված է եղել Թիմ Բակլիի համար, արդյունքում խաղացել է Դևիդ Քերադայնը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ռոնի Կոքսը, Մելինդա Դիլոնը, Գեյլ Ստրիկլենդը, Ջոն Լենեն, Ջի-Տու Կումբուկան և Ռենդի Քուեյթը[7]։
«Փառքի ճանապարհին» ֆիլմը առաջինն է, որում գյուտարար–օպերատոր Հարեթ Բրաունը օգտագործել է իր նոր Steadicam համակարգը՝ շարժվող տեսարանների նկարահանման համար[8]։ 1977 թվականին գլխավոր օպերատոր Հասկել Ուեկսլերը ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ 1977 թվականին Հարեթ Բրաունը և Cinema Products Corp ընկերության տեխնիկական աշխատակազմը Ջոն Յուրգենսոնի գլխավորությամբ արժանացել են 1978 թվականի Օսկար կինոմրցանակին՝ գիտատեխնիկական նվաճումների համար։
Ֆիլմի գլխավոր իրադարձությունները և կերպարները, բացի Վուդի Գատրիից և նրա առաջին կնոջից՝ Մերիից, ամբողջությամբ մտացածին (հորինված) են։ Ֆիլմը ավարտվում է Գատրիի ելույթով, ով ուղևորվել էր Նյու Յորք և կատարել իր ամենահայտնի «God Blessed America» (հետագայում՝ «This Land Is Your Land») երգը, բայց իրականում երգը գրվել է 1940 թվականին Նյու Յորքում և թողարկվել հինգ տարի հետո միայն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվական։ Վուդրո Ուիլսոնը՝ «Վուդի» Գատրին, և կինը՝ Մերին, իրենց երկու դուստերի հետ համեստ կյանք են վարում Տեխաս նահանգի Պամպա քաղաքում։ Ժամանակի մեծ մասը Գատրին կիթառ է նվագում, նկարում ցուցանակներ՝ չնչին վաստակով մի կերպ պահելով գոյությունը։ Իր քաղաքում հզոր փոշոտ փոթորիկ լինելուց հետո, որն ստացավ Փոշոտ կաթսա անվանումը, Գատրին թողնում է ընտանիքը և որոշում ուղևորվել Կալիֆոռնիա աշխատելու, որպեսզի հետագայում ընտանիքի անդամները ևս տեղափոխվեին իր մոտ։ Ճամփորդելով ավտոստոպով, գնացքով և ոտքով՝ նա առնչվում է մեծ թվով մարդկանց հետ, որոնց՝ երջանիկ կյանքի մասին երազանքները փշրվել են Կալիֆոռնիայում աշխատանքի բացակայության, աշխատանքի ծանր պայմանների և ոստիկանների ու տեղաբնակների դաժանության պատճառով։ Աշխատավորների սեզոնային ճամբարներից մեկում, որտեղ ապրում է Գատրին, ժամանում է երգիչ Օզարկ Բյուլը, ով իր երգերով զվարճացնում է մարդկանց, ինչպես նաև կազմակերպում գործադուլ՝ ընդդեմ դաժան գործատուների։ Օզարկը բոլոր աշխատավորներին, ովքեր ունեին երաժշտական գործիքներ, առաջարկում է միասին կատարել երգը։ Վուդիի երգերից տպավորված՝ նա վերջինիս ներկայացնում է ռադիոկայանի սեփականատիրոջը, որտեղ ելույթ է ունենում։ Վուդին տեղ է զբաղեցնում եթերում, և նրանք երկուսով ազատ ժամերին շրջում են սեզոնային ճամբարներով և պլանտացիաներով, աշխատավորներին հորդորում միանալ արհմիություններին։ Բավականաչափ գումար վաստակելով՝ Գատրին կնոջն ու դուստրերին տեղափոխում է իր մոտ։
Ռադիոկայանի հովանավորները չեն հավանում Գատրիի բողոքական երգերը, և նրան արգելում են եթերում կատարել երկիմաստ երգեր։ Չհամաձայնվելով այդ ամենի հետ՝ հպարտ Գատրին թողնում է ռադիոկայանի աշխատանքը և ընդունում նրա հետքի վրա ընկած երաժշտական գործակալի՝ ողջ երկրի համերգային հարթակներում ելույթ ունենալու առաջարկը։ Մերին վիճում է ամուսնու հետ նրա՝ աշխատանքից դուրս գալու և կանոնավոր եկամտից հրաժարվելու պատճառով (Գատրին ընտրել էր թափառաշրջիկ երաժշտի կյանքը)։ Նա, առանց գրություն թողնելու, լքում է ամուսնուն՝ իր հետ տանելով երեխաներին։ Երաժշտական գործակալը Գատրիին ներկայացնում է հյուրանոցներից մեկի սեփականատերերին։ Վերջիններս տպավորված են նրա կատարմամբ և վեցամսյա ելույթի պայմանագիր են առաջարկում։ Նրանք առանձին քննարկում են իմիջի և երգացանկի ուղղման պլանները։ Գատրին լսում է այդ ամենը և, չցանկանալով էստրադային երգիչ դառնալ, ով երգում է «մարտինի խմողների և գառան ոտ խժռող պճնամոլների առջև», հեռանում է այդտեղից։ Նա բարձրանում է դեպի Նյու Յորք գնացող բեռնատար գնացքը և երգում իր ամենահայտնի երգը՝ «This Land Is Your Land»:
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Դևիդ Քերադայն | Վուդի Գատրի |
Ռոնի Կոքս | Օզարկ Բյուլ |
Մելինդա Դիլոն | Մերի / «Մեմֆիս Սյու» |
Գեյլ Ստրիկլենդ | Պաուլինա |
Ջոն Լենե | Լոկ |
Ջի-Տու Կումբուկա | Սլիմ Սնեդեգեր |
Ռենդի Քուեյթ | Լյութեր Ջոնսոն |
Էլիզաբեթ Մեյսի | բժիշկ Բեներ |
Սյուզան Վեյլ | Գվեն Գատրի |
Ալեքսանդր Մոկ | Սյու Գատրի |
Կիմբերլի Մոկ | Սյու Գատրի |
Բերնի Կոպել | գործակալ Վուդի |
Մերի Քեյ Պլեյս | Սյու-Էն՝ բարում գտնվող աղջիկ |
Գատրի Թոմաս | Ջորջ Գատրի՝ Վուդիի եղբայրը |
- Գլխավոր դերը պիտի խաղար երգիչ Թիմ Բակլին, սակայն 1975 թվականի հունիսի 29-ին նա հանկարծամահ է լինում ու հօդս են ցնդում այդ պլանները։ Այդ դերն առաջարկում են նաև կանտրի երգիչ Քրիս Քրիստոֆերսոնին, ով հրաժարվում է դրանից՝ համարելով, որ իրավունք չունի խաղալու Վուդի Գատրիի դերը[9]։
«Օսկար» մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարգևներ
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն օպերատորական աշխատանքի համար
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն հնչունավորման համար
- Անվանակարգեր
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն ֆիլմի համար
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն հանդերձանքի դիզայնի համար
- 1977 թվական՝ «Օսկար» լավագույն մոնտաժի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53635.html
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 https://www.imdb.com/title/tt0074235/releaseinfo
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt0074235/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/by-nie-pelzac-na-kolanach
- ↑ 5,0 5,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.imdb.com/title/tt0074235/fullcredits
- ↑ Bound for Glory(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Steadicam® Celebrates its 30th Anniversary at NAB 2005» (անգլերեն). The Tiffen Company. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Trivia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На пути к славе(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Статья Хэла Эшби на Senses of Cinema
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- 1976 ֆիլմեր
- United Artists ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Համաշխարհային ճգնաժամի մասին ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- 1970-ականների ամերիկյան ֆիլմեր