Տրամվայի երկընտրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրամվայի երկընտրանք

Տրամվայի երկընտրանք, մտային փորձ բարոյագիտության (հունարեն՝ Ηθική) մեջ։ Տրամվայի դիլեմայի ընդհանուր ձևակերպումը հետևյալն է. Երկաթուղային ճանապարհով անցնում է տրամվայը, որի առջևում կա 5 մարդ, որոնք կապված են ռելսերին և անկարող են շարժվել։ Դու կանգնած ես լծակի կողքին և հնարավորություն ունես փոխելու տրամվայի ուղղությունը, որի դեպքում այն կսպանի միայն 1 մարդու, որը նույնպես կապված է և չի կարող շարժվել։ Այս պարագայում դու ունես երկու ընտրություն.

  1. Ոչինչ չանել, որի հետևանքով կմահանա հինգ մարդ
  2. Փոխել տրամվայի ուղղությունը՝ սպանելով մեկ մարդ։

Այսպիսով, էթիկայի մեջ ո՞ր ընտրությունն է համարվում ավելի բարոյական[1]։

Երկընտրանքի խնդիրն առաջարկել է բրիտանացի փիլիսոփա Ֆիլիպա Ֆութը 1967 թվականին, սակայն այս խնդիրը շատ են վերլուծել նաև ուրիշ փիլիսոփաներ։ Բացի փիլիսոփայությունից՝ տրամվայի երկընտրանքով զբաղվում են նաև կոգնիտիվ գիտությունները։

Նախնական դիլեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպա Ֆութի ձևակերպած երկընտրանքը սկզբում հետևյալն էր.

Խռովարարները ապստամբում են, իշխանությունից պահանջելով իրենց տալ հանցագործին, այլապես նրանք կհարձակվեն հասարակության որոշ հատվածի վրա և կսպանեն նրանց։ Դատավորը, որը պատասխանատու է նշանակված, չգիտի, թե ով է մարդասպանը, հետևաբար կանգնում է ծանր ընտրության առջև։ Նա պետք է մատնի մի անմեղ մարդու՝ որպես մարդասպանի, կամ վտանգի հասարակության ավելի մեծ զանգվածի կյանքը, օրինակ՝ հինգ մարդու, և ոչինչ չձեռնարկի։

Կա նաև մեկ այլ երկընտրանք, որի ժամանակ օդաչուն, չկարողանալով կառավարել ինքնաթիռը, վայրէջք է կատարում։ Եթե նա չփոխի ուղղությունը, ինքնաթիռը վայրէջքի կկատարի մի վայրում, որտեղ ավելի շատ մարդ կտուժի, քան եթե փոխի ուղղությունը։

Ըստ ուտիլիտարիստական մոտեցման` ավելի բարոյական է փոխել տրամվայի ուղղությունը, որի հետևանքով կմահանա միայն մեկ մարդ, և համապատասխանաբար մատնել մի անմեղ մարդու՝ համարելով նրան մարդասպան, փրկելով հինգ մարդու կյանք և փոխել ինքնաթիռի ուղղությունը՝ սպանելով հնարավորինս քիչ մարդկանց։

Նման իրավիճակում գտնվելը և ոչինչ չանելը բարոյագիտության շատ տեսությունների համաձայն համարվում է սխալ և դիտվում է որպես անտարբերություն։ Այսինքն ոչինչ չանելը ոչ թե ընտրությունից զերծ մնալն է, այլ ոչինչ չանելու ընտրությունն է[2]։

Տրամվայի երկընտրանքի այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեր մարդու երկընտրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայի երկընտրանքի այլ տարբերակներ

Գեր մարդու երկընտրանքը առաջարկել է ամերիկացի փիլիսոփա և մետաֆիզիկ Ջուդիթ Թոմսոնը։ Այս դիլեման առաջարկում է նմանատիպ խնդիր, երբ տրամվայը պատրաստվում է սպանել հինգ մարդու, սակայն այս դեպքում դու կանգնած ես կամրջի վրա և կարող ես փրկել հինգ մարդու կյանքը՝ տրամվայի առջև կամրջից ծանր իր գցելով։ Սակայն մոտակայքում ոչ մի ծանր բան չկա բացի մի շատ գեր մարդուց, ում կարող ես հրել՝ փրկելով հինգ մարդու կյանքը։ Այսպիսով կա երկու ընտրություն.

  1. Ոչինչ չանել, որի հետևանքով կմահանա հինգ մարդ
  2. Հրել գեր մարդուն և սպանել միայն նրան, բայց փրկել հինգ մարդու կյանքը։

Շատ մարդիկ, ովքեր առաջին դեպքում պատասխանում են, որ պետք է փոխել տրամվայի ուղղությունը, երկրորդ դեպքում հրաժարվում են ընդունել, որ գեր մարդուն սպանելը ճիշտ է։ Բանն այն է, որ գեր մարդու դեպքում տեղի է ունենում սպանություն՝ մարդու ուղղակի միջամտությամբ, որը բարոյականորեն դժվար է ընդունելը։ Իսկ առաջին դեպքում մեկ մարդու սպանությունը դիտվում է որպես հինգ մարդուն փրկելու կողմնակի ազդեցություն[3]։

Հարցումը ցույց է տվել, որ կանայք ավելի քիչ են հակված սպանելու գեր մարդուն, քան տղամարդիկ։ Ուտիլիտարիզմի որոշ տեսությունների համաձայն երկու երկընտրանքի միջև տարբերություն չկա, հետևաբար ճիշտ են համարում գեր մարդուն տրամվայի տակ գցելը։ Իսկ ոմանք էլ կարծում են, որ գեր մարդուն սպանելը բարոյական չէ[4]։

Ոճրագործ գեր մարդու երկընտրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ դիլեմայի հանդեպ վերաբերմունքը փոխվում է, քանի որ այդ գեր մարդը ոճրագործ է, և հենց ինքն է հինգ մարդկանց կապել ռելսերին՝ վտանգի ենթարկելով նրանց կյանքը։ Այս դեպքում մարդկանց մեծամասնությունը ոչ միայն արդարացնում է գեր մարդուն հրելը և այն բարոյական համարում, այլ նաև համարում է այդ արարքը պարտադիր։

Ոճրագործ գեր մարդու երկընտրանքը կապված է «Արդարացված խոշտանգում» (անգլ.՝ Ticking time bomb scenario) մտային փորձի հետ, որի հիմնական հարցն այն է, թե արդյոք կարող է խոշտանգումը արդարացվել[5]։

Փոխպատվաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուդիթ Թոմսոնը առաջարկել է ևս մեկ նմանատիպ մտային փորձ, այս անգամ առանց տրամվայի։ Երկընտրանքը հետևյալն է.

Մի շատ փորձառու վիրաբույժ ունի հինգ հիվանդ, որոնցից յուրաքանչյուրը կարիք ունի տարբեր օրգանների, առանց որի նրանք կմահանան։ Սակայն դժբախտաբար փոխպատվաստման համար ոչ մի օրգան չկա հիվանդանոցում։ Այդ ժամանակ մի առողջ երիտասարդ զբոսաշրջիկ գնում է բժշկի մոտ՝ ընդհանուր հետազոտության։ Բժիշկը պարզում է, որ երիտասարդի բոլոր օրգանները համատեղելի են իր հինգ մահամերձ հիվանդների հետ։ Ենթադրենք, որ եթե երիտասարդը անհետանար, ոչ մեկը վիրաբույժին չէր կասկածի։

Արդյո՞ք բարոյական կլինի, եթե վիրաբույժը սպանի երիտասարդին՝ հինգ հիվանդների կյանքը փրկելու նպատակով[6]։

Բակում քնած մարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի ժամանակակից փիլիսոփա Փիթեր Ունգերը առաջարկել է մեկ այլ երկընտրանք.

Ինչպես նախորդ դեպքերում, հիմա էլ հնարավոր է փոխել տրամվայի ուղղությունը, բայց այս անգամ ոչ թե դեպի մեկ մարդը, այլ դեպի մեկ այլ տրամվայ, որի հետ բախման հետևանքով երկու տրամվայներն էլ բլուրից ցած կգլորվեն՝ սպանելով բակում ցանցաճոճի մեջ քնած մարդուն։

Ըստ Ունգերի այս հարցի վերաբերում է ավելի շատ հոգեբանությանը, քան էթիկային։ Ըստ նրա հարցի պատասխանը կախված է նրանից, թե պատասխանողը նախապես գիտի տրամվայի երկընտրանքի առաջին տարբերակը, թե ոչ։ Ունգերը սա պայմանավորում է նրա հետ, որ պատասխանողը չի ցանկանում փոխել իր՝ ի սկզբանե տված պատասխանը, այդ պատճառով եթե արդեն պատասխանել է մի տարբերակին, ապա երկրորդ պատասխանը կլինի սուբյեկտիվ։

Մարդկանց մեծամասնությունը պատասխանում է, որ արդար չի լինի, եթե քնած մարդը մահանա, քանի որ նա ոչ մի ուղղակի կապ չունի ստեղծված իրավիճակի հետ։ Սակայն եթե երկընտրանքը խորապես ուսումնասիրենք, այս և մյուս երկընտրանքների միջև բարոյական տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա[7]։

Տրամվայի երկընտրանքը հոգեբանական տեսանկյունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցումները ցույց են տվել, որ մարդկանց 90%-ը հակված է սպանելու մեկ մարդուն՝ փրկելով հինգի կյանքը։ Սակայն սա այն դեպքում, երբ բոլոր մարդիկ, ում կյանքը վտանգի տակ է, պատասխանողին անծանոթ մարդիկ են։ Եթե այդ մեկ մարդը պատասխանողին հարազատ մարդ է, ապա պատասխանը փոխվում է, և մարդ պատրաստ է անել ամեն ինչ՝ հարազատին փրկելու։ Բանն այն է, որ երբ հարցը վերաբերում է մարդկանց, ովքեր մեզ հարազատ են, դժվար է լինել սառնասիրտ և դատել օբյեկտիվորեն։

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) (անգլ.՝ Functional magnetic resonance imaging (fMRI)) ցույց է տվել, որ ավելի հուզական արձագանք ենթադրող դիլեմաները, օրինակ՝ գեր մարդու երկընտրանքը, առաջացնում է ուղեղի գործունեության բարձր ակտիվություն ուղեղի այն մասերում, որոնք կապված են պատասխանողական կոնֆլիկտի հետ։ Մինչդեռ այն դիլեմաների դեպքում, որտեղ հուզականությունը համեմատաբար քիչ է, օրինակ՝ տրամվայի երկընտրանքի առաջին տարբերակը, առաջացնում է ակտիվություն ուղեղի այն մասում, որը կապված է ճանաչողական գործառույթի հետ։

2009 թվականի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ փիլիսոփաների 68%-ը կփոխեր տրամվայի ուղղությունը, զոհաբերելով մեկ մարդու՝ հանուն հինգի, 8%-ը պատասխանել է, որ չէր փոխի, իսկ 24%-ը փորձել է ուրիշ ելք գտնել, կամ չի կարողացել կողմնորոշվել[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]