Տեկլա Հուլտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեկլա Հուլտին
ֆիններեն՝ Thekla Johanna Virginia Hultin
 
Կուսակցություն՝ Young Finnish Party? և Ազգային կոալիցիոն կուսակցություն
Կրթություն՝ Հելսինկիի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և Ապահովագրության վիճակագիր
Ծննդյան օր ապրիլի 18, 1864(1864-04-18)[1]
Ծննդավայր Յակիմա (կայարան, Լահդենպոխսկի շրջան), Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր մարտի 31, 1943(1943-03-31)[2] (78 տարեկան)
Վախճանի վայր Հելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն  Ֆինլանդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն

Տեկլա Յոհաննա Վիրջինիա Հուլտին[3] (ֆիններեն՝ Thekla (Tekla) Johanna Virginia (Wirginia) Hultin[4][5], ապրիլի 18, 1864(1864-04-18)[1], Յակիմա (կայարան, Լահդենպոխսկի շրջան), Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - մարտի 31, 1943(1943-03-31)[2], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն հասարակական և պետական գործիչ, Ֆինլանդիայում առաջին կին փիլիսոփայության դոկտորը։ Եղել է հայտնի լրագրող, աշխատել է «Պյայվյալեհտի» թերթում, այնուհետև զբաղեցրել է «Իսյանմաան Յուսթյավյա» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը[⇨]: Իշխանությունների կողմից թերթը փակելուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ, աշխատել է որպես Լեոպոլդ Մեխելինի քարտուղար, դարձել 20-րդ դարի սկզբում Ֆինլանդիայի քաղաքական կյանքի նշանավոր գործիչ։ Պայքարել է ինչպես ռուսական իշխանությունների վարած ռուսականացման քաղաքականության դեմ, այնպես էլ Շվեդիայի ճնշող տիրապետության դեմ։ Եղել է ֆիննական խորհրդարանի (1908-1924), Հելսինկիի քաղաքային խորհրդի (19241930) անդամ[⇨]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկլա[Ն. 1] Հուլտինը ծնվել է 1864 թվականի ապրիլի 18-ին Ֆինլանդիայի մեծ իշխանությունում՝ Յակիմա համայնքում[4] (այժմ այդպես է կոչվում Կարելիայի Հանրապետության Լախդենպոխսկի շրջանի Յակիմա կայարանը)՝ Յուլիուսա Հուլտինի և Էդլա Կատարինա Սավանդերի ընտանիքում։ Նրա հայրը պետական փոքր պաշտոնյա էր՝ բնակչության գլխահարկի ցուցակի կազմող։ Նրանց ընտանիքում կար 5 երեխա, բոլորն էլ աղջիկ էին, Տեկլան ամենամեծ դուստրն էր[5]։

Երիտասարդ Տեկլա Հուլտինի լուսանկարը

Սովորել է աղջիկների մասնավոր դպրոցում. սկզբում Սորտավալայում (1874-1878), այնուհետև Համինայում (1878-1881)։ 1883-1885 թվականներին սովորել է Հելսինկիի Ֆիննական ուսումնարանում[5]։ 1886 թվականներին սկսել է ուսումն Ալեքսանդրյան կայսերական համալսարանում (այժմ՝ Հելսինկիի համալսարան)։ 1891 թվականին դարձել է փիլիսոփայության թեկնածու, 1894 թվականին՝ փիլիսոփայության մագիստրոս, 1897 թվականին՝ փիլիսոփայության դոկտոր[4]։

Որպես ուսուցիչ աշխատել է Հյամեենլիննայի տեղական իգական դպրոցում[4] (այժմ՝ Հյամեենլիննայի ընդհանուր դպրոց)։ Զբաղվել է շվեդերենից և գերմաներենից ֆիններեն տնտեսագիտական գրականության թարգմանությամբ։ Աշխատել է որպես հայտնի քաղաքական գործիչ Լեո Մեխելինի քարտուղար[4]։

1893-1901 թվականներին եղել է «Պյայվյալեհտի» թերթի հաստիքային թղթակից։ 1900 թվականին, արդեն որպես փորձառու և հայտնի լրագրող, համաձայնվել է դառնալ «Իսյանմաան Յուսթյավյա» թերթի գլխավոր խմբագիր[4] («Հայրենիքի ընկեր», «Հայրենասեր»), սակայն արդեն 1900 թվականի վերջին գեներալ-նահանգապետ Նիկոլայ Բոբրիկովի հրամանով թերթը փակվել է։ Այդ իրադարձությունը մի կողմից Հուլթինին բերել է էլ ավելի հայտնիություն, բայց, միաժամանակ, բարձրացրել է հայրենիքում իր հետագա գոյության հարցը. նա սկսել է սպասել արտաքսման իր հերթին, քանի որ դա տեղի էր ունեցել հայրենասիրական տրամադրություններով իր բազմաթիվ ծանոթների հետ, սակայն վտարումը տեղի չի ունեցել[3]։

1901 թվականի հուլիսին Հուլտինին հաջողվել է Կենտրոնական վիճակագրական բյուրոյում ստանալ երկրորդ վիճակագրի պաշտոնը[3] (այժմ՝ Վիճակագրական կենտրոն), նա այդ աշխատանքում մնացել է մինչև 1929 թվականը[4] (սակայն նա ցանկացել է զբաղեցնել առաջին վիճակագրի պաշտոնը, սակայն նրան զգացնել են տվել, որ հարկ չկա նույնիսկ փորձ անել[3]):

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական զանազան պաշտոններ է զբաղեցրել Ֆինլանդիայի սեյմում. եղել է միջնորդությունների հանրային հանձնաժողովի քարտուղար (1897), սեյմի տնտեսական հանձնաժողովի քարտուղար (1900)[4]։

1901-1904 թվականներին Ֆինլանդիայի արդյունաբերական հանձնաժողովի կենտրոնական կոմիտեի քարտուղար[4]։

1906 թվականին սեյմը որոշում է ընդունել Ֆինլանդիայում դասային ներկայացուցչությունը վերացնելու և համընդհանուր ու հավասար ընտրական իրավունք, այդ թվում կանանց ընտրելու և ընտրվելու իրավունք ներդնելու մասին։ Սելի Մեխելինը՝ Լեո Մեխելինի դուստրը, հայտարարել է, որ Տեկլա Հուլտինի քաղաքական գործունեությունն ազդել է բոլոր նրանց վրա, ումից կախված էր պատմական այդ որոշման ընդունումը[3]։

1907 թվականին Տեկլա Հուլտինը Երիտֆիննական կուսակցության կողմից թեկնածու է առաջադրվել էդուսկունտայի (ֆիննական խորհրդարան, որ 1906 թվականի բարեփոխումից հետո փոխարինել է դասային սեյմին) համընդհանուր առաջին ընտրություններում, սակայն չի ընտրվել[3]։ Ընդհանուր առմամբ, համընդհանուր առաջին ընտրությունները կանանց հույսերը չեն արդարացրել, քանի որ 200 տեղանոց խորհրդարանում ընտրվել են միայն 19 կին ներկայացուցիչներ։ Ուժերի միավորման նպատակով 1907 թվականի ամռանը Հելսինկիում տեղի է ունեցել կանանց հավաք, որտեղ որոշում է ընդունվել հասարակական նոր կազմակերպության՝ «Ֆինլանդիայի կանանց միության» ստեղծման մասին։ Կազմակերպության առաջին նախագահ է ընտրվել Տեկլա Հուլտինը։ Միությունն զբաղվում էր կանանց կրթության ընդլայնման և բարելավման, կանանց սոցիալական կարգավիճակի բարելավման, ինչպես նաև ընդհանուր ազգային շահերի վրա հիմնված միջդասակարգային համագործակցության հարցերով[6]։

1908 թվականին համընդհանուր երկրորդ ընտրություններում Տեկլա Հուլտինը խորհրդարանի պատգամավոր է ընտրվել Վիբորգի նահանգի արևմտյան ընտրատարածքում։ Հուլտինն ակտիվորեն զբաղվել է Կանանց միության գործերով, բայց պատգամավոր ընտրվելուց շատ չանցած՝ 1909 թվականին, կազմակերպության նախագահի պաշտոնը հանձնել է Երիտֆիննական կուսակցության իր զինակից Լուսինա Հագմանին, իսկ ինքը կենտրոնացել է պատգամավորի իր պարտականությունների վրա[6]։ Այդ տարիներին խորհրդարանական ընտրությունները բավականին հաճախ են անցկացվել, և Հուլտինն ամեն անգամ վերընտրվել է իր շրջանում։ Ընդհանուր առմամբ նա խորհրդարանի պատգամավոր է եղել 16 տարի՝ 1908 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1924 թվականի ապրիլի 30-ը[7]։ Հայտնի է, որ նա բավականին հաճախ է խորհրդարանում ելույթ ունեցել, ընդ որում նրա ելույթները հիմնականում առանձնացել են խիստ գործնական ոճով[3]։ Խորհրդարանում ընտրվելու պահից սկսած կազմվել է Երիտֆիննական կուսակցության խորհրդարանական խումբը, իսկ 1918 թվականի նոյեմբերի 5-ից մինչև խորհրդարանում իր գործունեության ավարտը գործել է Ազգային կոալիցիա կուսակցությունների խորհրդարանական խումբը[7]։

1924-1930 թվականներին եղել է Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ[5]։ 1925 թվականի նախագահական ընտրություններում եղել է Ազգային կոալիցիայի ընտրական կոլեգիայի անդամ[4]։

1930-ական թվականներին հրապարակվել են նրա օրագրերը. 1935 թվականին տպագրվել է առաջին հատորը, որն ընդգրկում էր 1899-1914 թվականները, 1938 թվականին՝ երկրորդ հատորը (մինչև 1918 թվականը)[5]։ Մահացել է 1943 թվականի մարտի 31-ին Հելսինկիում[4]։

Անձնավորություն, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ պատանեկության տարիներից Տեկլան ունեցել է բազմաթիվ երկրպագուներ (նրանցում թվում, մասնավորապես, կարելի է նշել լրագրող և քաղաքական գործիչ Յուլիուս Լյուլյուին), սակայն ոչ մի անգամ ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Նրա ամենամտերիմ մարդիկ միշտ էլ եղել են քույրերը[3]։

Հասարակական գործունեության բնագավառում Հուլտինի զինակիցները նրան բնութագրել են իրազեկ և հետաքրքրվող, վճռական և հնարագետ, «տղամարդավարի» մտածող։ Միևնույն ժամանակ ֆինն քաղաքական գործիչ Հենրիկ Ռենվալլը մի անգամ թերթում գրել է, որ «որքան էլ Տեկլա Հուլտինն առնական լինի, նրա հոգում փոթորկում են տառապանքի, սպասման և հիասթափությունների կանացի ուժեղ ալիքները»։ Տեկլայի մտերիմ ընկերուհին ասել է, որ եթե այլ մարդկանց հիշատակը հավերժացնելու համար հարմար է արձանը, ապա «Տեկլայի համար անհրաժեշտ է շատրվան կառուցել»[3]։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Historiallisia tietoja Suomen vuoritoimesta Ruotsin vallan aikana // Suomen teollisuushallituksen tiedonantoja XXVI. 1897.
  • Taistelun mies : piirteitä Jonas Castrenin elämästä ja toiminnasta. 1927.
  • Päiväkirjani kertoo I : 1899—1914. 1935.
  • Päiväkirjani kertoo II : 1914—1918. 1938.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականից Հելսինկիի Ատենեում թանգարանում՝ Ֆինլանդիայի արվեստի կենտրոնական թանգարանում, պահպանվում է ֆինն հայտնի նկարիչ Էերո Յարնեֆելտի՝ 1905 թվականին նկարված «Տեկլա Հուլտինի դիմանկար» կտավը[5][⇨]:

Հելսինկիի շրջանի Կատայանոկկա քաղաքի այն տան պատին, որտեղ ապրել է Հուլտինը, տեղադրված է հուշատախտակ[5]։ 2014 թվականի գարնանը՝ Հուլտինի ծննդյան 150-ամյակին, Հելսինկիի հրապարակի ամենակենտրոնը, որն ընկած է Սանոմատալո մամուլի տան և «Կիասմա» ժամանակակից արվեստի թանգարանի միջև, կոչվել է Տեկլա Հուլտինի անունով՝ Tekla Hultinin Aukio: Քաղաքային պլանավորման հանձնախմբի որոշման մեջ ասված է, որ հրապարակը Հուլտինի անունով է կոչվել ի նշան նրա՝ որպես լրագրողի և խորհրդարանի պատգամավորի նկատմամբ տածած հարգանքի[8]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիննական Տեկլա անունը (Thekla, Tekla) համապատասխանում է ռուսական Ֆյոկլա (ռուս.՝ Фёкла) անվանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tekla Hultin» (ֆիններեն). Eduskunta. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 12.02.2018-ին. {{cite web}}: Unknown parameter |showlang= ignored (օգնություն)
  • Sainio, V. (22.5.2000). «Hultin, Tekla (1864—1943)». Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4 (ֆիններեն). Helsinki: Suomalaisen Kirjallisuuden Seura. ISSN 1799-4349. Վերցված է 12.02.2018-ին. {{cite web}}: Text "Q18633673" ignored (օգնություն); Text "d" ignored (օգնություն)
  • «Suomalainen Naisliitto — 110 vuotta» (ֆիններեն). Suomalainen Naisliitto. 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 20.02.2018-ին. {{cite web}}: Unknown parameter |showlang= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեկլա Հուլտին» հոդվածին։