Ապահովագրության վիճակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապահովագրության վիճակագիր կամ Ակտուար, ապահովագրության մասնագետ, որն զբաղվում է կյանքի երկարաժամկետ ապահովագրման տարիֆային դրույքների հաշվարկման, ապահովագրական մուծումների ռեզերվների կազմավորման հետ կապված հաշվարկների, փոխատվությունների չափերի, հետգնման գումարների և կրճատված ապահովագրական գումարների որոշման գիտականորեն հիմնավորված մեթոդների մշակմամբ։ «Ակտուար» տերմինի ծագումը մինչ այժմ ճշգրիտ բացահայտված չէ, սակայն կան վարկածներ, որ այն ծագել է լատին․՝ actuatius-ից, որը նշանակում է ցուցակագրող, գրանցող։ Ակտուարների աշխատանքի բնույթը բավականին բազմազան է։ Այն կապված է տարբեր տեսակի ֆինանսական ռիսկերի գնահատման, ինչպես նաև բազմաթիվ այլ բարդ հաշվարկների կատարման հետ այնպիսիք ինչպիսիք են՝ որոշակի իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը, ապահովագրական սակագները, ապահովագրավճարները, ապահովագրական գումարները, տեխնիկական պահուստները, կենսաթոշակները, անուիտետները և այլ նմանատիպ ցուցանիշների չափերը։