Տանձենի խառնված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանձենի խառնված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ վարդածաղկավորներ
Ընտանիք վարդազգիներ
Ցեղ տանձենի
Տեսակ Տանձենի խառնված
Լատիներեն անվանում
Pyrus complexa


Տանձենի խառնված (լատ.՝ Pyrus complexa), վարդազգիների ընտանիքին պատկանող տանձենի ցեղի ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տերևաթափ, փոքր ծառ է՝ 6-10 մ բարձրությամբ և 10-20 սմ բնի տրամագծով։ Սաղարթը անկանոն է, խոնարհված։ Ճյուղերը փշապատ են, մուգ շագանակագույն։ Ընձյուղները սկզբում սարդոստայնանման աղվամազով են ծածկված, այնուհետև համարյա մերկանում են։ Բողբոջները բավականին խոշոր են, ձվաձև կամ կոնաձև, մուգ դարչնագույն, կարմրող։ Տերևները օվալաէլիպսաձև են կամ համարյա ձվաձև, 6,5-8 սմ երկարությամբ և 3,5-4 սմ լայնությամբ, կարճ սրածայր, կարճացած ընձյուղների վրա ավելի նեղ երկարավուն, քան երկարացած ընձյուղների վրա, երկու կողմից մոխրավուն կամ սպիտակավուն թաղիքանման մազմզուկներով պատված, խոշոր սղոցաեզր։ Տերևակոթունները կարճ են, 1,5-2 սմ երկարությամբ, թաղիքամազմզուկապատ։ Վահանիկները բազմածաղիկ են։ Պտուղները կլորավուն են, տափակ, մանր, 2-3 սմ տրամագծով, դեղնավուն։ Պտղակոթերի երկարությունը հավասար է կամ մի փոքր գերազանցում է պտղի երկարությանը[1]։

Տիպիկ հայկական էնդեմ է, որը Հայաստանի սահմաններից դուրս չի հանդիպում։ Տարածված է Զանգեզուրի անտառներում, Մեղրու շրջանի Մուլք և Տաշտուն գյուղերի շրջակայքում, անտառների եզրերին, այգիների մոտ, ստորինից մինչև միջին լեռնային գոտի[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10 մ բարձրությամբ փշիկներով ծառ է։ 6,5-8 սմ երկարությամբ, 3,5-4 սմ լայնությամբ աղեղնասղոցաեզր, երկու կողմից խիտ թաղիքե թավոտությամբ, վերևում՝ կարճ սրացած, սպիտակավուն, կոթերը՝ թավոտ տերևները էլիպսաձև են։ 2-3 սմ տրամագծով դեղնավուն, տափակացածկլորավուն, մանր, կոթերը բարակ են, պտղին հավասար երկարությամբ[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Գեղամի (Միլլի գետի կիրճ), Դարեղեգիսի (Խաչիկ, Եղեգիս գետի կիրճ) և Մեղրու (Գուդեմնիս, Վանք, Ջինդարա, Մուլք, Վահրավար) ֆլորիստիկական շրջաններում[2]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1200-2100 մ բարձրությունների վրա, լայնատերև անտառներում անտառների եզրերին։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-սեպտեմբերին[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Արեալը խիստ մասնատված է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[2]:

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 343։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6