Վռամ Դովլաթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դովլաթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վռամ Դովլաթյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 13, 1923[1] Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2005[1] (82 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | քիմիկոս և ուսուցիչ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1967) |
Պարգևներ |
Վռամ Վաղինակի Դովլաթյան (օգոստոսի 13, 1923[1], Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2005[1], Երևան, Հայաստան), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1986)[2]:
Ֆրունզե Դովլաթյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վռամ Դովլաթյանը ծնվել է Նոր Բայազետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնում, 1958-1989 թվականներին զբաղեցրել է ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1962-2005 թվականներին եղել է նույն ինստիտուտի պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, 1962 թվականից, միաժամանակ՝ թունաքիմիկատների սինթեզի և փորձարարական լաբորատորիայի վարիչ[3], 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ անդամ։
Հեղինակ է ավելի քան 450 գիտական աշխատությունների։ Ստացել է հերբիցիդներ, հակասնկիկային նյութեր և աճման խթանիչներ (կրոտիլին, մեթազին, ցուլֆազին, ֆենագոն, լավին և այլն)։ Դովլաթյանի ղեկավարած պեստիցիդների գիտական պրոբլեմային լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերված նոր բարձրակտիվ հերբիցիդները, ֆունգիցիդներն ու աճի խթանիչները մեծ կիրառություն են գտել գյուղատնտեսության բնագավառում։ Ուսումնասիրել է ացետաքացախաթթվային բարդ եթերի քլորմեթօքսիմեթիլման ռեակցիաները, չորրորդային ամոնիումային աղերի կատալիտիկ ազդեցությունը կարբոնաթթուների բարդ եթերների առաջացման վրա։
Հայտնաբերել է քլորալկօքսի (թիո, ամինա)-սիմ-տրիազինների ինքնատիպ վերախմբավորման ռեակցիաներ (համակցված տարա-սիմ-տրիազինների ստացումով)։ Դովլաթյանի առաջարկած ցիանամինա-սիմ-տրազինների սինթեզի եղանակը արտոնագրված է Գերմանիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում։ Ընդգրկված է համաշխարհային գիտության բնագավառի 500 ազդեցիկ առաջատարների ցուցակում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ, 2002,
- Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-1997» կոչում,
- Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Դարի մարդ» կոչում,
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1980,
- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան (2),
- Պատվո շքանշան,
- Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան,
- «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ,
- Մեդալ «Ի հիշատակ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարի», 05.05.1995,
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 60 տարի» հոբելյանական մեդալ, 05.09.2005,
- «70» հոբելյանական մեդալ. ԽՍՀՄ զինված ուժերի տարիներ», 09.05.1988,
- «Աշխատանքի վետերան» մեդալ, 28.05.1986,
- «Իններորդ հնգամյա պլանի թմբկահար», 27.03.1985։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրգանական քիմիայի գործնական աշխատանքների ցուցումներ, Երևան։ Ա. հ., 1958[4]:
- Օրգանական քիմիայի ստուգողական աշխատանքների վարիանտները։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1960։
- Օրգանական քիմիայի գործնական աշխատանքների մեթոդական ցուցումներ։ Երևան։ Ա. հ., 1980 (համահեղինակ)։
- Օրգանական քիմիայի դասընթաց։ ՀՊԱՀ, 2011, (համահեղինակ)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վռամ Վաղինակի Դովլաթյան, Անվանի գիտնականներ-քիմիա։ ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն։ 2000, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գրադարան քարտարան։ Մանրամասներ։ Դովլաթյան, Վռամ Վաղինակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=4256
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վռամ Դովլաթյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վռամ Դովլաթյան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 25 մահեր
- 2005 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քիմիկոսներ
- Հայ օրգանիկներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Քիմիական գիտությունների դոկտորներ