Վիշապագլուխ մոլդավական
Վիշապագլուխ մոլդավական | |
![]() Վիշապագլուխ մոլդավական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ցեղ | Dracocephalum |
Տեսակ | Վիշապագլուխ մոլդավական (D. moldavica) |
Միջազգային անվանում | |
Dracocephalum moldavica |
Վիշապագլուխ մոլդավական (լատ.՝ Dracocephalum moldavica), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճյուղավոր ցողուններով և երկարավուն նշտարաձև սղոցաեզր տերևներով, 15-40 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Գագաթնային տերևների ատամիկները ավարտվում են նուրբ խոզաններով։ 6-ական անկանոն կարճակոթ ծաղիկները, որոնք օղակներով խմբված են ցողունի վրա, կազմում են երկար նոսր ողկույզների։ Պսակը, որը բաժակից ավելի քան երկու անգամ երկար է, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ է։ Պսակի և բաժակի ստորին մասերը խողովակաձև են։ Բաժակի վերին շուրթը եռաբլթակ է, իսկ ստորինը՝ երկբաժան և նշտարաձև սրված ատամիկներով։ Մանր եռանիստ պտուղները շագանակագույն երկարավուն ընկուզիկներ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտու աղբավայրերում, անմշակ տարածքներում։ Հանդիպում է Արարատի, Արմավիրի մարզերում։ Երբեմն նաև աճեցվում է։ Մեղրատու բույս է[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղիկներն ու կանաչ զանգվածը, որը պարունակում է դաբաղանյութեր, կումարիններ, ֆլավոնոիդներ, կարոտին, կիտրոնի հոտ ունեցող եթերային յուղ, որի կազմի մեջ մտնում են ցիտրալ, հերանիոլ և այլ տերպենային սպիրտներ։ Կիտրոնի հոտ ունեցող թարմ կամ չորացրած ծաղիկներն ու տերևները որպես համեմունք օգտագործվում են աղցանների, ապուրների, մսային և ձկնային կերակրատեսակների մեջ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|