Վիլհելմ Շպեռլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Շպեռլինգ
Ծնվել էհունվարի 1, 1874(1874-01-01) (150 տարեկան)
Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Վիլհելմ Շպեռլինգ (հունվարի 1, 1874(1874-01-01), Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի դիրիժոր-կապելմայստեր, նվագել է փողային և լարային գործիքներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Շպեռլինգը ծնվել է 1874 թվականի հունվարի 1-ին Քյոնիգսբերգում։ 1914 թվականին տեղափոխվել է Հայաստան. 1914-1927 թվականներին ղեկավարել է Երևանի կայազորի և ռուսական արական գիմնազիայի փողային նվագախմբերը։ Նրա զինվորական նվագախումբը մեծապես նպաստել է եվրոպական փողային երաժշտության տարածմանը Հայաստանում։

1923 թվականին Ռոմանոս Մելիքյանը Վիլհելմ Շպեռլինգին հրավիրել է նորաստեղծ Երևանի պետական կոնսերվատորիա, որտեղ նա հիմնադրել է փողային, ապա՝ կոնտրաբասի բաժինները և ղեկավարել փողային գործիքների բոլոր դասարանները։

Որպես կազմակերպիչ և կատարող (կոնտրաբասահար, ֆագոտահար)՝ 1924 թվականին մասնակցել է Ա. Սպենդիարյանի հեղինակային սիմֆոնիկ համերգին, ինչպես նաև ԵՊԿ սիմֆոնիկ նվագախմբի (1925) գործունեությանը. վերջինս դարձել է Հայկական ԽՍՀ-ում ապագա բոլոր նվագախմբերի ստեղծման և սիմֆոնիկ երաժշտության սկզբնավորման հիմքը։

Խորհրդային կարգեր հաստատվելու օրերին (1920) Վիլհելմ Շպեռլինգն իր նվագախմբով դիմավորել է Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ Նրա կերպարը մար­մնավորվել է 1960 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Նվագախմբի տղաները» ֆիլմում (ռեժիսորներ՝ Հ. Մալյան, Հ. Մարգարյան)[1][2]։

1931 թվականին Վիլհելմ Շպեռլինգին անհիմն մեղադրանքով 5 տարով աքսորել են Միջին Ասիայի համակենտրոնացման ճամբար։ Կալանքից հետո հաստատվել է Տաշքենդում. եղել է կրկեսի դիրիժոր, մասնակցել երաժշտական դրամաների ստեղծմանը (ներդաշնակում, գործիքավորում), 1944 թվականին հրավիրել են Բուխարա, ճանապարհին չպարզված հանգամանքներում Վիլհելմ Շպեռլինգն անհետացել է։

Գրել է «Սգո քայլերգ» (նվիրված է Ա. Սպենդիարյանի հիշատակին, հրատարակվել է 1930 թվականին), հայկական 2 երգ (հրատարակվել են 1931 թվականին)՝ հոբոյի, անգլիական եղջերափողի և նվագախմբի, տրիո՝ ֆլեյտայի և 2 գալարափողի, ֆանտազիաներ՝ տրոմբոնի և դաշնամուրի, փողի և դաշնամուրի, «Փայլուն կոնցերտ»՝ տրոմբոնի և դաշնամուրի համար և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Будагян А., Маилян Г., Вильгельм Шперлинг, Е., 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։