Հերման Վեզին
Հերման Վեզին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1829[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 12, 1910[2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Փենսիլվանիայի համալսարան |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Ամուսին | Jane Vezin? |
![]() |
Հերման Վեզին (մարտի 2, 1829[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 12, 1910[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի դերասան, ճարտասանության ուսուցիչ և գրող[3]։ Ծնվել է Ֆիլադելֆիա քաղաքում և կրթություն ստացել Փենսիլվանիայի համալսարանում։
Կյանք և գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում ֆրանսիացի ծագմամբ վաճառական Շառլ Անրի Վեզինի և վերջինիս կնոջ՝ Էմիլիի ընտանիքում։ Ֆրանսիայի պետական հիմնի՝ «Մարսելյեզի» հեղինակ Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը նրա հեռավոր զարմիկներից էր։ Փենսիլվանիայի համալսարանում իրավաբանություն ուսումնասիրելուց հետո ավարտել է այն 1847 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1850 թվականին ստացել մագիստրոսի աստիճան։
Չնայած իր ընտանիքի դիմադրությանը՝ Վեզինը վճռական էր աշխատել որպես դերասան և ավարտելուց կարճ ժամանակ անց մեկնել է Մեծ Բրիտանիա։ Առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի Յորք քաղաքի արքայական թատրոնում։ Մի շարք երկրորդական դերեր խաղալուց հետո սկսել է մարմնավորել գլխավոր հերոսների, ինչպիսիք են՝ կարդինալ Ռիշելյե, Սըր Էդվարդ Մորտիմեր, Կլոդ Մելնոտ և Յանգ Նորվալ։ Լոնդոնյան դեբուտը կատարել է 1852 թվականին Արքայադստեր թատրոնում։ 1863 թվականի փետրվարի 21-ին Էյթոն հրապարակում գտնվող Սբ Պետեր եկեղեցում ամուսնացել է դերասանուհի Ջեյն Էլիզաբեթ Թոմփսոնի հետ։ Միասին շատ ներկայացումներում են դերեր կատարել, մինչև վերջինիս մահը 1902 թվականին։ Ունեցել են մեկ որդի՝ համր կինոյի դերասան Արթուր Վեզինը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Dan%27l_Druce%2C_Blacksmith_-_Illustrated_London_News%2C_November_18%2C_1876.png/220px-Dan%27l_Druce%2C_Blacksmith_-_Illustrated_London_News%2C_November_18%2C_1876.png)
1857–58 թվականներին դեպի Միացյալ Նահանգներ կատարած կարճատև մասնագիտական շրջագայությունից բացի, Վեզինի դերասանական կարիերայի մեծ մասն անցել է անգլիական բեմում։ Լինելով հիմնականում դերասան՝ 1866 թվականին համագործակցել է դրամատուրգներ Վ. Գ. Ուիլլսի և Ջեյմս Ալբերիի հետ և ստեղծել «Doctor Davey» պիեսը, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ Հաջորդ տարի Ուիլլսի «Man o' Airlie» (1867) ներկայացման մեջ կատարել է շոտլանդացի բանաստեղծ Ջեյմս Հարբելլի դերը և արժանացել դրական գնահատականի։ Հաջողությամբ կատարել է մի շարք այլ դերեր, այդ թվում՝ Ուիլյամ Գիլբերտի «Dan'l Druce, Blacksmith» ներկայացման մեջ, որը Հայմարքեթ թատրոնում բեմադրվել է հարյուր տասնինը անգամ[4]։ Խաղընկերներից էին Չարլզ Ֆեչթերը, Սամուել Ֆելփսը, Հենրի Իրվինգը, իսկ 1878 թվականին Դոկտոր Պրոմրոզի դերակատարմամբ հանդես է եկել դերասանուհի Էլեն Տերրիի հետ Օլիվեր Գոլդսմիթի «Վեյքֆիլդի քահանան» վեպի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման մեջ (1878)[5]։
«The Illustrated London News» շաբաթաթերթն, անդրադառնալով Վեզինի այս դերին, նշել է․ «Պարոն Վեզինը, հավանաբար, մեր դերասաններից ամենախելացին է և հենց ինքն էլ պետք է կատարեր ներկայացման գլխավոր դերը» և նկարագրել տեսարաններից մեկը որպես «պարոն Հերման Վեզինի կողմից կատարված դերասանական հիթ, որը բառացիորեն էլեկրականացրել էր դահլիճը»[6]։ Վեզինը Գիլբերտի սիրելի դերասաններից մեկն էր[7] և բացի վերոհիշյալ ներկայացումից, հանդես է եկել նաև նրա այլ պիեսներում[8]։
Կյանքի վերջին տարիներին Վեզինը շատ հազվադեպ է հայտնվել բեմում, փոխարենը իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր երիտասարդ դերասաններին վարպետացնելու վրա, այդ թվում Հերբերթ Բիրբոմ Թրին, Բալիոլ Հոլոուեյը և Ֆրենկ Բենսոնը, ինչպես նաև դերասանուհի Մերի Մեներինգը։ Գրեթե վաթսուն տարի ակտիվ գործունեություն է ծավալել բրիտանական բեմում։ Եղել է Լոնդոնի բնակիչ, որտեղ էլ մահացել է Լանկաստեր 10 Ստրանդ հասցեում գտնվող իր տանը 1910 թվականի հունիսի 12-ին։ Մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը՝ ցրվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Vezin, Hermann». Who's Who. Vol. 59. 1907. էջ 1802.
- ↑ Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. pp. 141–2
- ↑ *Wilman, George (1882), «Hermann Vezin», Sketches of living celebrities, London: Griffith and Farran, էջ 35
- ↑ The Illustrated London News, September 16, 1876, p. 275, col. 1.
- ↑ Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. p. 86
- ↑ Stedman, Jane W. (1996). W. S. Gilbert, A Classic Victorian & His Theatre. Oxford University Press. ISBN 0-19-816174-3. pp. 190–91
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Վեզին» հոդվածին։ |
|