Jump to content

Արքայադստեր թատրոն (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքայադստեր թատրոնի ազդագիր, 1847

Արքայադստեր թատրոն կամ Արքայադուստր թատրոն, թատրոն Լոնդոնի Օքսֆորդ փողոցում։ Շենքը բացվել է 1828 թվականին՝ որպես «Թագուհու շուկա», որի ներսում տեղադրված էր Կլարկսոն Ստենֆիլդի և Դեյվիդ Ռոբերթսի կողմից ստեղծված շարժական բեմ։ Վերափոխվել է թատրոնի և բացվել 1836 թվականին Արքայադստեր թատրոն անվամբ․ անվանվել է արքայադուստր Վիկտորյայի պատվին՝ նախքան վերջինիս թագուհի դառնալը[1]։ Մի շարք անհաջող համերգներից հետո ինտերիերի վրա փոփոխություններ են արվել, որից հետո թատրոնը վերաբացվել է 1842 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Վինչենցո Բելինիի «Լուսնոտը» օպերայով։ Թատրոնը, որն այժմ գտնվում էր Ջոն Մեդեքս Մադդոքսի ղեկավարության ներքո, բեմադրում էր օպերաներ և այլ ժամանցային ներկայացումներ, այդ թվում՝ Գեներալ Թոմ-Թամը։

Թատրոնն առավել լավ հիշվում է Չարլզ Քինի՝ շեքսպիրյան վերաբեմադրություններով, որոնք սկսվել են 1849 թվականից և շարունակվել տասը տարի։ Քինը դրանք ներկայացրել է շռայլ բեմադրություններով[2], ինչպես նաև ներմուծել ֆրանսիական դրաման։ Դայեն Բուսիկոն դարձել է թատրոնի առաջատար դերասանը, իսկ Էլեն Արիս Տերրին ու Հենրի Իրվինգը իրենց կարիերան են սկսել այս թատրոնում։ Որոշ ժամանակ թատրոնում միայն մելոդրամա է բեմադրվել։ Սկսած 1859 թվականից Հենրի Ջեյմս Բայրոնը թատրոնի համար գրել է Սուրբ Ծննդյան երաժշտական կոմեդիաների շարք, որոնցից էին «ack the Giant Killer», «Harlequin», «King Arthur» և «ye Knights of ye Round Table»[3], որոնց հաջորդել են «Ռոբինզոն Կրուզո», «the King of the Caribee Islands!» կոմեդիաները[4]։ 1863 թվականին Քեյփթաունից վերջերս վերադարձած Սեֆթոն Փերին «The Rough Diamond» ֆարսում կատարել է զարմիկ Ջոյի դերը[5]։ 1864 թվականին թատրոնում բեմադրվել է առանձնապես սիրված «Լոնդոնի լույսերը» դրաման։

Թատրոնը քանդվել և վերակառուցվել է 1879–80 թվականներին, որից հետո շարունակել ներկայացնել մելոդրամաներ, այդ թվում՝ «Լոնդոնի լույսերը» (1881) և «Արծաթե թագավորը» (1882)։

1902 թվականին հաջողությամբ բեմադրած «Ճակատագրական հարսանիք» վերջին ներկայացումից հետո թատրոնը մշտապես փակվել է, և շենքը պահեստ է դարձել։ Ապամոնտաժվել է 1931 թվականին․ տեղում կառուցվել է Woolworth խանութ-սրահը, այնուհետև՝ Oxford Walk առևտրի կենտրոնը։ Տարածքն այժմ զբաղեցնում է սպորտային խանութ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hartnoll, Phyllis (1983). The Oxford Companion to the Theatre (4th ed.). Oxford: Oxford University Press. ISBN 0-19-211546-4.
  • Thomas, Peter (1995). «Princess's Theatre». In Banham, Martin (ed.). The Cambridge Guide to Theatre. London: Cambridge University Press. ISBN 0-521-43437-8.
  • «Princess's Theatre». Վերցված է 2007 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադստեր թատրոն (Լոնդոն)» հոդվածին։