Վեդուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վեդուտա (իտալ.՝ veduta, տեսնված, տեսք, նկար, տեսանկյուն), արևմտաեվրոպական գեղանկարչության ու գրաֆիկայի ժանր, որը հատկապես տարածված է եղել 18-րդ դարի Վենետիկում։ Վեդուտայի ժանրով արվեստի գործը նկար է կամ փորագրություն` ամենօրյա քաղաքային բնանկարի և ճարտարապետության հայտնի հուշարձանների մանրամասն պատկերմամբ։ Վեդուտաների բնորոշ առանձնահատկությունը պատկերի մեջ ճարտարապետության լուսանկարչական ճշգրտությունն է` ընդհուպ մինչև ամենափոքր մանրամասները, պատկերվող տարածության խորության հետ առանձնահատուկ կերպով միավորման գրաֆիկայնությունը[1]։

Անտվերպենից Պոլ Բրիլը վեդուտայի նմանությամբ նկարել է դեռևս 16-րդ դարում։ Վեդուտիսների մեկ այլ նախորդ է եղել գերմանացի նկարիչ Յոզեֆ Հայնց կրտսերը (մոտ.` 1600-1678):

Քաղաքային բնանկարը 17-րդ դարի «փոքր հոլանդացիների» ամենասիրելի ժանրերից մեկն էր։ Նրանցից առավել հայտնի էին Փիթեր Սանրեդամը (1597-1665), Յան վան դեր Հեյդենը (1637-1712), Իով (1630-1693) և Հերրիտ (1638-1698) Բերկհեյդե եղբայրները։ Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Դելֆտի տեսարան նկարը, որը պատկերվել է 1660 թվականին, Յան Վերմեերի կողմից։ Հոլանդիայից Հռոմ տեղափոխված վեդուտիստ Գասպար վան Վիտտելը նպաստել է մեծ չափերով, քաղաքային կյանքի առօրյան մանրամասնորեն պատկերող նկարչական ոճի` Իտալիայում տարածմանը։ Հռոմում է աշխատել նաև ամերիկացի Դուայթ Բենտոնը։

Ժանրն իր ծաղկման շրջանին է հասել 18-րդ դարում, Վենետիկի գեղարվեստի դպրոցում։ Նշանավոր վեդուտիստ է համարվում իտալացի Կանալետտոն։ Գեղանկարչական վեդուտաները կրկնում էին նաև օֆորտով։ Փորագրությունների անգլիացի հրատարակիչ և կոլեկցիոներ Ժոզեֆ Սմիթը, որը հայտնի էր «հյուպատոս Սմիթ» անունուվ, 1744 թվականից եղել է անգլիական հյուպատոսը Վենետիկում։ Հենց նա է հուշել Կանալետտոյին և մյուս վեդուտիսներին գեղանկարչական բնանկարնեն օֆորտի վերածելու միտքը` զբոսաշրջիկներին ու կոլեկցիոներներին վաճառելու համար։ Անգլիացի երիտասարդ ազնվականները սիրում էին իրենց հետ Իտալիայից բերել Կանատելլոյի և Ֆրանչեսկո Գվարդիի օֆորտային աշխատանքները` որպես իտալական տպավորությունների հիշողություն։ Բացի քաղաքային կյանքի ռեալիստական տեսարանները, պահանջարկ ունեին նաև կապրիչչոները` ճարտարապետական հսկա ավերակների բնանկարները, որոնք ստեղծվել էին այնպիսի վարպետների երևակայությամբ, ինչպիսիք են Անտոնիո Ջոլին, Միկելե Մարիեսկին, Ջովաննի Պաոլո Պանինին և Ջովաննի Բատիստա Պիրանեզին։ Շատ բնանկարիչ-վեդուտիստներ դիմում էին ճարտարապետական հեռանկարի վարպետների օգնությանը, որոնք ընդգծում էին պատրաստի նկարն ըստ ճարտարապետական պրոյեկցիայի կանոնների։

Վեդուտայի վարպետները պահանջված էին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, որտեղ ի թիվս այլոց այդ ժանրով աշխատել են գծանկարիչ Մ. Մախեևը, գեղանկարիչ Ֆ. Ալեքսեևը[2], Ի. Շարլեմանը և Լուիջի Պրեմացին։ Ռուսական տեսարաններով վեդուտաների շարք է ստեղծել ճարտարապետ Ջակոմո Կվարենգին։ Սաքսոնիայում և Լեհաստանում մեծ ճանաչում ուներ Կանալետտոյի զարմիկը` Բերնարդո Բելլոտտոն։ Իտալացի որոշ բնանկարիչներ ապրել և աշխատել են Անգլիայում` տեղի լորդերի պատվերով։

Իտալական դասական վեդուտան դարձել է համայնապատկերի արվեստի աղբյուրներից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Власов В. Г. Ведута // Власов В. Г. Новый энциклопедический словарь изобразительного искусства. В 10 т. — СПб.: Азбука-Классика. — Т. II, 2004. — С. 436—438
  2. Ведута

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]