Jump to content

Վեգա-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեգա-2
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր ԳԱ
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1984-128A[1]
NSSDCA ID1984-128A
SCN15449
Գործարկման ամսաթիվ1988 դեկտեմբերի 21, 09:13:52 UTC[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն
Զանգված4840 կգ[2]

Վեգա-2 (ռուս.՝ Вега-2), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Վեներայի և Հալլեյի գիսաստղի հետազոտությունների համար, այս նպատակով արձակված զույգ կայաններից առաջինը։ Արձակվել է 1984 թվականի դեկտեմբերի 21-ին։

Կայանը նախագծվել է Վեներա ծրագրի կայանների հենքի վրա։ Կայանները կառուցվել են, որպես 5ՎԿ հենք Լավոչկինի անվան գիտա-արտադրական միավորումում։ Վեգա անվանումը ծագում է Վեներա և Հալլեյ անվանումներից (համապատասխանաբար՝ Венера և Галлей, ռուսերեն «Վեներա» և «Հալլեյ» բառերը)։

Վեգա-2-ը սնուցվում էր երկու մեծ արևային մարտկոցներով։ Գիտական գործիքները ներառում էին՝ ալեհավաք, տեսախցիկներ, սպեկտրոմետր, մագնիսաչափեր, պլազմային զոնդեր և այլն։ Կայանի զանգվածը կազմում էր 4,920 կգ, դրանք արձակվել են Պրոտոն կրող հրթիռներով Բայկոնուր տիեզերակայանից։ Կայանի վրա տեղադրված էր հատուկ վահան գիսաստղի փոշուց պաշտպանելու համար[3]։

Վեներայի հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգա-2-ից արձակված իջեցվող սարքը հասել է Վեներայի մթնոլորտին 1985 թվականի հունիսի 15-ին՝ Կայանից արձակվելուց երկու օր անց։ Իջեցվող սարքը 240 սանտիմետր տրամագծով 1500 կիլոգրամ գունդ էր, որը պարունակում էր մակերևույթին վայրէջք կատարելու համար նախատեսված սարք և օդապարիկ։ Վեգա-2 կայանը իականացրեց գրավիտացիոն աջակցության մանևր՝ օգտագործելով Վեներայի ձգողության դաշտը և շարունակեց իր թռիչքը դեպի գիսաստղ[4]։

Իջեցվող սարք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակերևույթին վայրէջք կատարելու համար նախատեսված իջեցվող սարքը նույնական էր Վեգա-1-ի, ինչպես նաև նախորդ վեց Վեներա կայանների հետ։ Մոդուլի նպատակն էր ուսումնասիրել մթնոլորտը և մոլորակի մակերեսը։ Գիտական սարքավորումները ներառում էին ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր, ջերմաստիճանի և ճնշման տվիչներ, ջրի կոնցենտրացիայի հաշվիչ, գազաֆազային քրոմատոգրաֆ, ռենտգենյան սպեկտրոմետր, զանգվածային սպեկտրոմետր և գրունտի նմուշառման սարք։ Քանի որ իջեցվող սարքը վայրէջքը կատարեց մոլորկի գիշերային կողմում լուսանկարներ չեն արվել։ Գիտական գործիքներից մի քանիսը (ուլտրամանուշակագույն սպեկտրոմետրը, զանգվածային սպեկտրոգրաֆը և ճնշումը և ջերմաստիճանը չափելու սարքերը) մշակվել են ֆրանսիացի գիտնականների հետ համատեղ[5]։

Իջեցվող սարքը հաջողությամբ վայրէջք կատարեց Ափրոդիտե Տերրայից հյուսիսային շրջանում։ Վայրէջքի վայրի բարձրությունը մոլորակային միջին շառավղից 0,1 կիլոմետր էր։ Վայրէջքի վայրում չափված ճնշումը 91 մթնոլորտ էր, իսկ ջերմաստիճանը՝ 736 Կ։ Մակերևույթի նմուշառությունը ցույց է տվել, որ գրունտը անորթոզիտ-տրոկտոլիտ ժայռ է, որը հազվադեպ է հայտնաբերվում Երկրի վրա, սակայն առկա է Լուսնային բարձրավանդակներում, ինչը հանգեցնում է այն եզրակացության, որ այդ տարածքը մինչ այդ պահը հետազոտվածներից ամենահինն էր։ Իջեցվող սարքը մակերեսից տվյալներ փոխանցեց 56 րոպեի ընթացքում[5]։

Վեգա-2-ի իջեցվող սարքը օդապարիկով մտավ Վեներայի մթնոլորտ 1985 թվականի հունիսի 15-ին մոտավորապես 11 կիլոմետր վայրկյան (6,8 մ/վ)։ Մակերևույթից 64 կիլոմետր բարձրության վրա բացվեց պարաշյուտը։ Օդապարիկի փաթեթը դուրս է բերվել խցիկից 40 վայրկյան անց 61 կիլոմետր բարձրության վրա։ Երկրորդ պարաշյուտը բացվել է 55 կիլոմետր բարձրության վրա։ Օդապարիկը փչվել է 100 վայրկյանի ընթացքում 54 կիլոմետր բարձրության վրա։ Բալաստը արտանետվել է, երբ օդապարիկը հասել է մոտավորապես 50 կիլոմետր բարձրության, դրանից հետո օդապարիկը բարձրացել է 53-ից 54 կմ բարձրության շերտ և կատարել է հետազոտություններ։

Միջին կայուն բարձրությունը 53,6 կիլոմետր էր։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին որ մթնոլորտի միջին, ամենաակտիվ շերտում առկա է 535 միլիբար ճնշում և 308–316 Կ (35–43 °C) ջերմաստիճան։ Վեներայի եռաստիճան ամպային համակարգի միջով օդապարիկը շարժվել է դեպի արևմուտք՝ գոտիային քամու հոսքով մոտ 66 մետր/վրկ միջին արագությամբ գրեթե միևնույն լայնության վրա։ Հունիսի 16-ին, ժամը 9:10-ին, 7400 կմ անցնելուց հետո օդապարիկը հատել է տերմինատորին։ Դրանից հետո զոնդը շարունակել է գործել մոլորակի ցերեկային կողմում, մինչև հունիսի 17-ին, ժամը 00:38-ին։ Վերջին տվյալների փոխանցումը ստացվել է սկզբնական կետից մոտ 11,100 կիլոմետր հեռավորությունից։ Հայտնի չէ, թե որքան է անցել օդապարիկը վերջին հաղորդակցությունից հետո[5]։

Հալլեյի հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներայի մոտով անցնելիս Վեգա կայանը օգտագործեց մոլորակի ձգողության դաշտը հետագծի ուղղման և արագացման համար, և ուղղվեց դեպի Հալլեյի գիսաստղը։

Կայանից լուսանկարներ սկսել են ստացվել 1986 թվականի մարտի 7-ին, 14 000 000 կիլոմետր հեռավորությունից և կատարել է գիսաստղի 100 լուսանկար։

Վեգա-2-ն իր ամենամոտ անցումը կատարել է մարտի 9-ին՝ միջուկից մոտ 8030 կիլոմետր հեռավորության վրա։ Անցման ընթացքում Վեգա-2-ը կատարեց գիսաստղի ընդհանուր առմամբ 700 լուսանկար՝ ավելի լավ լուծաչափով, քան երկվորյակ Վեգա-1-ը, մասամբ այդ ժամանակ կոմայի սահմաններից դուրս ավելի քիչ փոշու առկայության պատճառով։ Վեգա-2-ը գիսաստղի մոտով անցման ընթացքում գրանցել է էներգիայի 80% կորուստ՝ համեմատած Վեգա-1-ի 40%-ի հետ։

1986 թվականի մարտի 10-ին և 11-ին հաջորդող լուսանկարումներից հետո Վեգա-2-ը ավարտեց հիմնական առաքելությունը։

Հալլեյից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում նախատեցվում էր, որ Վեգա-2-ը կանցնի (2101) Ադոնիսի մոտով 6 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, սակայն կայանը Հալեյից հետո չուներ բավականաչափ վառելիք թռիչքի ուղեծրային անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար[6]։ Փոխարենը Վեգա կայնը հնարավորություն ունեցավ հատել 72P/Դենինգ–Ֆուջիկավա, 3D/Բիելա և 289P/Բլանպայն գիսաստղերի ուղեծրերը և հետազոտել նրանց փոշին[6]։

Կապը Վեգա-2-ի հետ կորել է 1987 թվականի մարտի 24-ին[6]։

Վեգա-2-ը ներկայումս գտնվում է հելիոկենտրոն ուղեծրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Vega 2». US National Space Science Data Centre. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Vega 2» (PDF). NASA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. V. A. Agureikin, S. I. Anisimov, A. V. Bushman, G. I. Kanel', V. P. Karyagin, A. B. Konstantinov, B. P. Kryukov, V. F. Minin, S. V. Razorenov, R. Z. Sagdeev, S. G. Sugak, V. E. Fortov, (1984). "Thermo-physical and gas-dynamic studies of the meteorite shield for the Vega spacecraft". High Temperature 761-778 22(5). WoS:A1984ALC5000020 Scopus:2-s2.0-0021489019
  4. NASA—NSSDC—Spacecraft—Details
  5. 5,0 5,1 5,2 «NASA Database—Solar System Exploration; Missions; By Target; Venus; Past; Vega 2». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 Ulivi, Paolo; Harland, David M (2009). Robotic Exploration of the Solar System Part 2 Hiatus and Renewal. Praxis Publishing. էջեր 90–92. ISBN 9780387789040.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]