Վահրամ Բաբայան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահրամ Բաբայան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահրամ Բաբայան
Ծնվել է1972,Մայիսի 5
ԾննդավայրՄեծ Թաղլար,(ԼՂՀ)
Մահացել է1993, մարտի 31
Մահվան վայրՔելբաջար
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Վահրամ Լենսերի Բաբայան (Մայիսի 5, 1972, Մեծ Թաղլար, ԼՂՀ - մարտի 31, 1993, Քելբաջար, ԼՂՀ), ազատամարտիկ, ֆիդայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Լենսերի Բաբայանը ծնվել է 1972 թվականի մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում։ 1976 թվականին ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Մասիս քաղաքում։ 1979 թվականին հաճախել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը, որը գերազանցության մեդալով ավարտել է 1989 թվականին։ Երկար տարիներ զբաղվել է սպորտով, եղել է ազատ ոճի ըմբշամարտի տարբեր մրցաշարերի մասնակից և հաղթող։ 1987 թվականի ավարտել է Մասիսի երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, եղել է հմուտ ջութակահար։ 1989 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի նախապատրաստական բաժինը, այնուհետև շարունակել ուսումը շուկայաբանության ֆակուլտետում։ 1991 թվականին կամավոր մեկնել է Արցախ և զինվորագրվել ազատագրական պատերազմին։ Առաջին մարտը մղել է Երասխավանում, այնուհետև մեկնել է Արցախ։ 1991-1992 թվականներին Ստեփանակերտի 1-ին վաշտի կազմում՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հրամանատարությամբ, մասնակցել է բազում մարտերի։ 1992 թվականին Բեկորի հետ մասնակցել է Շուշիի ազատագրմանը։ 1992 թվականից մարտնչել է Հադրութի ինքնապաշտպանական ուժերի կազմում՝ գեներալ Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ։ 1992 թվականից եղել է Մեծ Թաղլարի կամավորական ջոկատի հրամանատար, ստացել է Լեյտենանտի, այնուհետև ավագ-լեյտենանտի զինվորական կոչումներ։ 1993 թվականին որպես դասակի հրամանատար միացել է Մարտունիի պաշտպանական շրջանի մարտերին՝ Մոնթե Մելքոնյանի ընդհանուր հրամանատարությամբ։ Մասնակցել է Հադրութի, Շուշիի, Լաչինի, Մաճկալաշենի, Մարտակերտի ազատագրմանն ուղղված մարտերին։ Աչքի է ընկել հատկապես Քելբաջարի ազատագրական մարտերի ժամանակ։ Ռազմական գործողությունների ժամանակ բազմիցս վիրավորվել է, սակայն դեռևս լիովին չապաքինված վերադարձել է մարտադաշտ։ Զոհվել է 1993 թվականի մարտի 31-ին՝ Քելբաջարում, փրկելով վիրավոր մարտական ընկերոջ կյանքը։ Դասակի հրամանատար էր։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման», «Արիության համար» մեդալներով և այլ բազմաթիվ պատվոգրերով և շքանշաններով։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Վահրամն ավարտելով դպրոցը դիմեց Երևանի ժողտնտեսության ինստիտուտ։ Դպրոցը ավարտել էր գերազանցության մեդալով, ուստի մի քննությունն էլ բավական էր, որ ընդունվի, և ահա երբ թիկնեղ ու խոհեմ երիտասարդը դուրս եկավ քննասենյակից ընդամենը մի նախադասություն ասաց. «Ես ուզում էի չստանայի այս քննությունը, և գնալ բանակ։ Ինչո՞ւ ստացա…»։ Սակայն ճակատագիրը երկար սպասեցնել չտվեց։ Շուտով սկսվեց Արցախյան ազատագրական պատերազմը։ Վահրամը նրանցից չէր, որ պիտի ճառեր կարդային ու պայքարի կոչ անեին։ Նա ինքը այդ պայքարի զինվորն էր ուստի 1990 թվականին մեկնեց Երասխ, որտեղ ստեղծվել էր լարված իրավիճակ։ Սակայն դիտակետում օրերով հերթապահելը նրա համար չէր։ Նա չէր կարող անգործ նստել սպասելով նոր հանձնարարականների։ Նրա ոգին պայքար էր տենչում, ուզում էր Քելբջարաը ազատագրել, որովհետև այնտեղ Վահրամյանների իշխանական տոհմն է եղել։ 1991 թվականին մեկնում է Ստեփանակերտ և անդամագրվում Արթուր Աղաբեկյանի ինքնապաշտպանական ջոկատին։ «Ացախյան պատերազմի մասնակից հազարավոր տղաներ գիտեմ։ Պապերի կանչով Արցախ վերադարձած և հանուն հայրենիքի մարտնչած շատ ու շատ տղաների եմ ճանաչում։ Նրանք բոլորը հերոսներ են։Ինձ համար իմ զինակից և ընկեր, Քելբաջարի ազատագրության ժամանակ հերոսաբար կռված և զոհված Վահրամ Բաբայանը հերոսների հերոսն էր։ Հիշում եմ Վահրամին, որպես ըմբոստ ու խիստ մտահոգ մի անձնավորություն։ Առիթներ եմ ունեցել նրա հետ խոսելու մարտից առաջ և հետո։ Որքան վճռական ու մարտական էր մարտից առաջ, այնքան համեստ էր մարտից հետո։Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատարներից ու շատ շատերից կլսեք Վահրամին բնութագրող այս խոսքերը։ Նրա ամեն մարտական ընկերը ավելին կասի, քան ես որպես համագյուղացի և հրամանատար։ Այսօր և ընդմիշտ ես Վահրամի անունը հպարտությամբ կհնչեցնեմ ամեն առիթով, երբ պիտի խոսեմ հայրենասիրական դաստիարակությունից և մատաղ սերնդի անելիքներից»-Վահրամ Բաբայանի մասին պատմեց ջոկատի հրամանատար, գեներալ Արթուր Աղաբեկյանը։

Ստեփանակերտից հետո Վահրամը անդամագրվում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) Թիվ 1 վաշտին։ 1992 թվականին նախապատրաստվում էր Շուշիի ազատագրումը։ Մարտական ընկերները պատմում են, որ երբ գալիս է Բեկորը ու հայտնում, որ գնում են Շուշին ազատագրելու։ -Ո՞վ է գալիս ինձ հետ,- հարցնում է հրամանատար Աշոտ Ղուլյանը։ -Ես,- ոտքի ցատկելով պատասխանում է Վահրամը։ Բեկոր Աշոտը նայում է Վահրամին, ոտքից գլուխ չափում նրան և հպարտ ժպտում։ Հետո նա ընկերներին պատմում է, որ երբ տեսավ համարձակ, բարձրահասակ ու թիկնեղ այդ տղային, իրեն թվաց թե մի հմուտ զորավար է Վահրամը, և միայն հետո է իմացել, որ Վահրամը նոր է միացել մարտական գործողություններին։

1992 թվականի մայիսի 9-ին իրագործվեց անիրականանլի երազանքը։ Հայկական ուժերը 4 կողմից գրոհեցին Շուշին։ Շուշիի բերդի ուղղությամբ աշխատում էր Աշոտ Ղուլյանի վաշտը, իսկ հրամանատարի կողքին իբրև կենդանի պատնեշ կանգնած էր Վահրամը։ Վաշտի առջև խնդիր էր դրված մագլցել ժայռերը, հասնել պարիսպներին և վնասազերծել ադրբեջանական կրակակետը։


Բեկորի վաշտը փորձեց առաջ սլանալ, չստացվեց։ Դիմադրությունը ուժեղ էր։ Ցանկացած շարժման հակառակորդը պատասխանում էր տևական գնդակոծությամբ, մեր զինվորների վրա թափելով իրենց զինապահեստի անխնա փափուշտները։ Բերդի վրայից մեր տղաները երևում եին ինչպես ափի մեջ, ուստի վաշտը ստիպված ետ քաշվեց։ 6։30 րոպե միացավ ռադիոկապը.
-Զեկուցեք, որտեղ եք հասել,- հրամանատարական դիտակետից հարցրեց օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։
-Շուշիի տակ եմ,- պատասխանեց Բեկորը։
-Դու ինձ Շուշիի վրա ես պետք, ի՞նչ ես կորցրել ներքևում… Այլևս անհնար էր մնալ խրամատներում ու Աշոտն առաջ նետվեց, իսկ նրա ետևից գնաց ամբողջ վաշտը, որոնց թվում նաև Վահրամը։ Սկսվեց Շուշիի ազատագրումը։ Դաժան մարտեր մղելով տղաները մոտեցան պարսպին։ Աշոտը, Վահրամ ու Զեյթունցի Գագոն բարձրացան բերդի վրա և նռանակների օղակները քաշելով նետեցին թշնամու դիրքերը։ Հնչեց պայթյուն։ Խնդիրը կատարված էր, տղաները սկսեցին արագ բարձրանալ։ Այդ ժամանակ նրանք նկատեցին, որ Աշոտն էլ, Վահրամն էլ վիրավոր են, սակայն պայթում էր նրանց հոգին, իրենք Շուշի էին գնում… Աշոտ Ղուլյանը վերցրեց ռադիոկապը և դիմեց հրամանատարությանը։
-Պարսպի վրա եմ, տղաները բարձրանում են, շուտով կմտնենք Շուշի… Վահրամն այն առաջիններից էր, ով ոտք դրեց ազատագրված բերդաքաղաք։ Նա կատարեց իր խոստումը, նա ազատեց Շուշին, մոմ վառեց Ղազանչեցոց եկեղեցում ու շտապեց ուղղաթիռների մոտ։ 3 տեղից վիրավոր էր, վերքից արյուն էր հոսում, բայց դա նրան ամենաքիչն էր հետաքրքրում։

Շուշիից հետո հրամանատարությունը գնահատում է Վահրամի սխրանքը, նրան տալով լեյտենանտի կոչում և նշանակում են 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար։ Վահրամը մասնակցել է Կրկժանի, Սրխավանդի, Խոջալուի, Մարտակերտի, Մաճկալաշենի, Մարտունու և շատ ու շատ այլ բնակավայրերի ազատագրմանը։ Հերթը Քելբաջարինն էր, ու Վահրամը, որ արդեն 3 անգամ վիրավորվել էր Մարտակերտում ու Շուշիում, նետվեց մարտի։ Գնաց իր երազանքն իրականացնելու։ Ավաղ դա հերոսի վերջին մարտն էր, ու հերոսաբար ընկավ 22-ամյա հաղթանդամ պատանին։ Ընդհատվեց նրա ճակատագիրը, ընդհատվեց պատգամելով հաղթանակ ու պայքար, ազատություն ու հերոսություն։ Վահրամը զոհվեց, թողնելով մեզ ազատագրաված Արցախ ու Շուշի… Վահրամի զոհվելուց հետո Մոնթեն իր մոտ է կանչում Վահրամի եղբորը՝ Արտակին, ով նույնպես պատերազմի ռազմիկներից էր։ Նա Վահրամի հրազենը հանձնում է եղբորը և ասում.
-Առ Վահրամի հրացանը, նա թունելում 100 թուրք սպանած է…

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարտական հաշվարկ», էջ 42-57

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։