Վահրամ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Ավագյան
Ծնվել է1924
ԾննդավայրԲարձրունի, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1959)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Վահրամ Աբգարի Ավագյան (1924, Բարձրունի, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Աբգարի Ավագյանը ծնվել է 1924 թվականին Ազիզբեկովի շրջանի Բարձրունի գյուղում։ 1941 թվականին ավարտել է Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1941-1942 թվականներին աշխատել է հայրենի գյուղի 7-ամյա դպրոցում որպես ուսուցիչ։ 1942 թվականի սեպտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ, 1942 թվականի նոյեմբերից մինչև 1944 թվականի մայիսը մարտնչել է առանձին Մերձսևծովյան բանակի 268-րդ հրետանային գնդում[1]։

1942 թվականի նոյեմբերի 29-ից մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների, ինչպես և Կերչի, Ղրիմի ուղղությամբ ծավալված կռիվներին, Թեոդոսիայի և Սևաստոպոլի ազատագրմանը։ Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Կերչի համար մղված մարտերի օրերին՝ 1943 թվականի դեկտեմբերին, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի ապրիլը մարտնչել է 2-րդ Բելոռուսական ռազմաճակատում, 78-րդ գվարդիական հրետանային գնդում եղել է որպես կապավոր, 1945 թվականի հունվար-փետրվար անիսներին մասնակցել է Նարևի գետանցման մարտերին, որտեղ մեկ շաբաթ տևած մարտերից հետո հաջողվել է ճնշել հիտլերականների ուժեղ դիմադրությունը։ Այդ գործողություններին ակտիվորեն մասնակցելու համար Վահրամն արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին։ Պարգևատրվել է «Սևաստոպոլի ազատագրման համար», «Վարշավայի ազատագրման համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1945 թվականի նոյեմբերին, պատերազմի ավարտից հետո Վահրամ Ավագյանը վերադարձել է հայրենի գյուղ։ 1945 թվականի նոյեմբերից մինչև 1955 թվականն աշխատել է Բարձրունի գյուղի դպրոցում ուսուցիչ, 1958 թվականից՝ որպես տնօրեն։ 1959 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1963 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Ավագյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Սևաստոպոլի ազատագրման համար» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]