Առանց ցողունի, հաստ և կարճ կոճղարմատով և բազմաթիվ բարակ արմատներով բազմամյա խոտաբույս է։ Երկարավուն-էլիպսաձև, մուգ կանաչ տերևները աճում են կոճղարմատից։ Բացված տերևներն ունեն երկար կոթունով խոշոր փետրաձև հատվածավոր տերևաթիթեղ։ Տերևների ստորին մակերեսի վրա ամռան վերջում առաջանում են սպորանգիումների գորշ ծածկույթով կույտեր, որտեղ գտնվում են մուգ գորշ սպորներով օվալաձև սպորանգիումներ[1]։
Բուժական նպատակներով օգտագործվում են թարմ գորշ, ներսից կանաչ և քաղցրավուն կոճղարմատները։ Կոճղարմատն օգտագործում են թարմ վիճակում կաշին դաբաղելու և դեղին ներկելու համար։ Երկար պահելուց հետո այն դառնում է գորշագույն և կորցնում ակտիվությունը[1]։