Կառուցվածքային լեզվաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցվածքային լեզվաբանություն կամ ստրուկտուրալ լեզվաբանություն, 20-րդ դարի լեզվաբանական ուղղություններից մեկը, զարգացել է 1930-40-ական թվականներին ի հակադրություն պատմա-համեմատական լեզվաբանության՝ առավելապես շվեյցարացի լեզվաբան Ֆերդինանդ դը Սոսյուրի աշխատանքներից[1], ինչպես նաև Էդմունդ Հուսերլի ֆենոմենոլոգիական փիլիսոփայության, մաթեմատիկական տրամաբանության և սեմանտիկների՝ Ռուդոլֆ Կառնապի, Բերտրան Ռասելի որոշ դրույթներից: Կառուցվածքային լեզվաբանության մի շարք գաղափարներ կապված են Պրահայի դպրոցի ներկայացուցիչների հնչյունաբանական աշխատանքների հետ:

Կառուցվածքային մեթոդի կողմնակիցները առաջ են քաշում լեզվի կառուցվածքի ներքին միասնության սկզբունքը և լեզուն դիտում որպես փոխադարձաբար միմյանց հետ կապված և միմյանց պայմանավորող հնչյունական և քերականական միավորների և նրանց հարաբերությունների համակարգը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրնորում կառուցվածքային լեզվաբանությունը տարբեր ձևավորում է ստացել: Հայտնի է կոպենհագենյան ուղղությունը կամ դանիական ստրուկտուրալիզմը (գլոսսեմատիկա)՝ Ալֆրեդ Բրյոնդալի ու Լուի Ելսմսլևի գլխավորությամբ: Ամերիկայում այս ուղղությանը հարեցին նկարագրական (դեսկրիպտիվ) լեզվաբանության ներկայացուցիչները և ստեղծեցին ամերիկյան կառուցվածքային դպրոցը, ներկայացուցիչներն են՝ Բլումֆիլդը, Նայդան, Հարրիսը և այլոք: Կազմավորվել է 20-30-ական թվականներին, երեք հիմնական կենտրոններով՝ ամերիկյան, դանիական (Կոպենհագենի), Պրահայի (երբեմն առանձնացնում են չորրորդը՝ անգլիական ստրուկտուրալիզմ)։

Ամերիկյան ստրուկտուրալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ստրուկտուրալիզմը կազմավորվել է 20-րդ դարի 20-30-ական թվականներին ԱՄՆ-ում[2]: Ամերիկյան ստրուկտուրալիզմը նախապես հայտնի էր դեսկրիպտիվ (նկարագրական) լեզվաբանություն անունով։ Իր կազմավորման ակունքներում այն կապված է Լեոնարդ Բլումֆիլդի և Էդուարդ Սեպիրի անունների հետ․ հայտնի ներկայացուցիչներից են Ջ․ Թրեյջերը, Մարկ Բլոկը, Զ․ Հարիսսը, Չ․ Ֆրիզը, Ցու․ Նայդան և ուրիշներ։ Նախապես հիմնական հարցադրումները առնչվել են հյուսիսամերիկյան հնդկացիական լեզուների նկարագրության (իսկ դրանք մեծ մասամբ գրավոր պատմություն չունեին) և լեզվի ուսուցման գործնական մեթոդների մշակման հետ։ Այս հանգամանքն էլ նկատելի դեր խաղաց, որ ուսումնասիրությունները համաժամանակյա բնույթ ստանան։ Լայն ճանաչում են գտել բաշխական (դիստրիբուտիվ) վերլուծության սկզբունքները, մշակվել են լեզվական տարրերի բացահայտման ու դրանց զուգորդումների կաղապարման կանոնները։ Շարահյուսական մակարդակում առաջադրվել է անմիջական բաղադրիչներով վերլուծության մեթոդիկան և այլն։

1950-ական թվականներիցից դեսկրիպտիվ լեզվաբանության ընդերքում զարգացել է այսպես կոչված փոխակերպական (տրանսֆորմացիոն) քերականության ուղղությունը, որի հիմնադիրն է Նոամ Չոմսկին։

Եվրոպական ստրուկտուրալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիական ստրուկտուրալիզմը (կոչվում է նաև կոպենհագենյան ստրուկտուրալիզմ, կոպենհագենյան դպրոց) հիմնաղրել են Վ․ Բրյոնդալը, Հ. Յ. Ուլդալը և Լ․ Ելմսլևը։ Վերջինս իր ուսմունքը կոչեց գլոսսեմատիկա՝ հակադրվելով ավանդական լեզվաբանությանը ոչ միայն ըստ էության, այլև անունով (գլոսսեմատիկա, հունարեն՝ γλώσσημα «լեզու», լինգվիստիկա, լատիներեն՝ lingua «լեզու»)։ Լեզուն դիտարկվեց ինքնին, մեկուսացված ու վերացարկված հարակից երևույթներից, իսկ լեզվական կառուցվածքը ճանաչվեց իբրև միավորների կախյալ հարաբերությունների մի ցանց ինչպես արտահայտության, այնպես էլ բովանդակության պլաններում։ Այն նշանային համակարգերից մեկն է, սակայն ավելի ընդհանրական ու համակցության հնարավորություններով ավելի հարուստ։ Իսկ լեզվաբանությունը նշանագիտության (սեմիոտիկա) բնագավառի գիտակարգ է։ Հենվելով մաթեմատիկական մեթոդների ու համապատասխան արարույթների (պրոցեդուրաների) վրա՝ այս ուղղության ներկայացուցիչները Փաստորեն ստեղծեցին լեզվաբանական հանրահաշիվ, և նրանց առաջարկած կաղապարները ստացվեցին չափազանց վերացական։

Պրագայի լեզվաբանական խմբակի հիմնադիրն ու գլխավոր կազմակերպիչը եղել է Վ․ Մատեզիուսը․ հայտնի ներկայացուցիչներից են․ Բ․ Հավրանեկը, Բ․ Տրնկան, Վ․ Սկալիչկան, Նիկոլայ Տրուբեցկոյը, Ռ․ Յակոբսոնը, Ս․ Կարցևսկին և ուրիշներ։ Նրանք առաջին պլան մղեցին լեզվի կառուցվածքի ֆունկցիոնալ դիտարկումները (այդ պատճառով այս ուղղությունը կոչվում է նաև ֆունկցիոնալ լեզվաբանություն) և նախադասության ակտուալ անդամատման գաղափարը։ Ն․ Տրուբեցկոյի ջանքերով հիմնադրվեց հնչույթաբանություն գիտակարգը։

Ստրուկտուրալիզմի մեջ կարևոր ներդրում կա ռուս և խորհրդային ականավոր լեզվաբանների ըմբռնումներից։ Այս տեսանկյունից ակնհայտ է Բոդուեն դե Կուրտենեի, Ֆ․ Ֆորտունովի, Լ․ Շչերբայի, Ե․ Պոլիվանովի, Դ․ Վինոկուրի ազդեցությունը ստրուկտուրալիստական որոշ ըմբռնումների ձևավորման վրա։ Ստրուկտուրալիզմի դավանած համակարգային վերլուծության գաղափարը նոր ժամանակներում առաջ մղեցին նաև Է․ Բենվենիսաը, Ա․ Մարաինեն, Ե․ Կուրիչովիչը և ուրիշներ։

Ստրուկտուրալիստական մեթոդի որոշ սկզբունքներ թափանցել են նաև հարակից գիտությունների, գիտակարգերի (օրինակ, հոգելեզվաբանության, հանրալեզվաբանության, գրականագիտության և այլն) մեջ։ 1970-ական թթ-ից ստրուկտուրալիզմն աստիճանաբար կորցնում է ինքնուրույն, մեկուսացած առաջընթացը, իսկ Պրահայի լեզվաբանական խմբակը դեռևս 50-ական թվականներին դադարել է կազմակերպորեն գոյություն ունենալուց։ Այնուամենայնիվ նրա մեթոդն ու առանցքային գաղափարները կարևոր տեղ ունեն լեզվաբանական մտքի առաջընթացի մեջ։ Դրանք թափանցել են նաև հայերենագիտության բնագավառը։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նկարագրության սկզբունքների ակնհայտ տարբերություններին՝ ստրուկտուրալիստական ուղղությունների մշակած մեթոդներն ունեն էական ընդհանրություններ,

  1. լեզվի նկարագրությունը պետք է լինի ամբողջական, հետևողական (անհակասական) և պարզ,
  2. լեզվի, իբրև նշանային համակարգի, ուսումնասիրության մեշ առաջնությունը պետք է տալ կառուցվածքային կողմին,
  3. լեզուն պետք է դիտել իբրև որոշակիորեն համակարգված կառուցվածք, և այդ կառուցվածքը ներկայանում է վերակարգությամբ (հիերարխիայով) հարաբերակցվող առանձին մակարդակներով,
  4. նկարագրական վերլուծության խնդիրն է՝ բացահայտել յուրաքանչյուր մակարդակի միավորները, սրանց տարբերակները, գործածության դիրքերը (միջավայրը, շրջապատը), որոշել միավորների համակարգային կապերը, փոխհարաբերությունները և ունեցած դերը (գործառությունները) կառուցվածքում։

Այսուհանդերձ ստրուկտուրալիստների զգալի մասը ուսումնասիրության համաժամանակյա (սինխրոնիկ) և տարաժամանակյա (դիախրոնիկ, պատմական) հայեցակետերի ընտրության մեջ գերապատվությունը տալիս է առաջինին, լեզվական տարրերի, կառույցների գնահատման մեջ չի ելնում արտահայտության ու բովանդակության պլանների միասնության գաղափարից, լեզուն դիտում է որպես ինքնակա (իմանենտ) համակարգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ferdinand de Saussure, Course in General Linguistics, Open Court House.
  2. 2,0 2,1 Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 9։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջահուկյան Գ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։
  • Основные направления структурализма, М․, 1964;
  • Новое в лингвистике, пер․ с англ․ и франц․, в․ 1—4, 1960—65;
  • Апресян Ю․ Д․, Идеи и методы современной структурной лингвистики․ [Краткий очерк], М․, 1966;
  • Засорина Н․ Л., Введение в структурную лингвистику, М․, 1974;
  • Ревзин И․ И․, Современная структурная лингвистика, М․, 1977․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ստրուկտուրալիզմ» հոդվածից (հ․ 11, էջ 160 )։ CC-BY-SA-icon-80x15.png