Արշակ Տժիկյան
Արշակ Տժիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հայերեն |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Արշակ Տժիկյան (բուլղար․՝ Аршак Тжикян, հոկտեմբերի 15, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուլղարահայ քանդակագործ և նկարիչ[1]։
Կենսագրություն
Արշակ Տժիկյանը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում։ Նրա մայրը ծնվել է Պլովդիվում։ Նա ընտանիքով հայրենադարձել է Հայաստան 1946 թվականին։ Հոր ընտանիքն ապրել է Վան քաղաքի մոտ, սակայն 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, տեղափոխվել է Երևան[1]։
Նկարել սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ 1984 թվականին նրա ողջ ընտանիքը տեղափոխվել է Պլովդիվ։ Այնտեղ Արշակ Տժիկյանը զբաղվել է դիզայնով և դարձել Նկարիչների միության անդամ։ Մասնակցել է գեղանկարչության, ջրաներկի, խճանկարի և պլաստիկայի տարբեր ցուցահանդեսների[1]։
Պլիսկայի «Կյուրեղյան բակ» մշակութային-պատմական համալիրում կյուրեղագրով գրած գրողների ծառուղում Սևդա Սևանի խորաքանդակի և Պեյո Յավորովի հուշարձանի կիսանդրու հեղինակն է[1]։
Անձնական կյանք
Արշակ Տժիկյանի կինը՝ Մարինեն, երևանցի հայ է։ Նա նույնպես ստեղծագործող նկարիչ է, փորագրում է ոսկորի և փայտի վրա։ Նրանց տունը վերածվել է մեծ արվեստանոցի՝ բազմաթիվ նկարներով ու քանդակներով։ Նրանք ունեն որդի և դուստր, որոնք եղել են Պլովդիվի համալսարանի ուսանողներ։ Տղան սովորել է պատմություն, իսկ աղջիկը՝ հաշվապահություն[1]։
Նախասիրություններ
Արշակ Տժիկյանի նախասիրություններն են լեռնագնացությունը և ձկնորսությունը։ Նա «Էդելվեյս» զբոսաշրջային ասոցիացիայի անդամ է։ Երեք անգամ բարձրացել է Բուլղարիայի ամենաբարձր գագաթը՝ Մուսալան (2925 մետր), հաղթահարել է նաև Հայաստանի բարձրագույն լեռան՝ Արագածի գագաթը (4095 մետր), որը նրա համար եղել է ամենաբարդը[1]։