Սոֆյա Վելիկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոֆյա Վելիկայա
Sofiya Velikaya 2014 European Championships SFS-EQ t175801.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական[1]
Ամբողջական անուն`Սոֆյա Ալեքսնադրովնա Վելիկայա
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`սուսերամարտիկ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 8, 1985(1985-06-08) (34 տարեկան)
Ծննդավայր`Ալմաթի, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)`Դմիտրի Գլոտով
Հասակ`174 սմ
Քաշ`70 կգ

Սոֆյա Ալեքսանդրովնա Վելիկայա (ռուս.՝ Со́фья Алекса́ндровна Вели́кая, հունիսի 8, 1985(1985-06-08), Ալմաթի, ԽՍՀՄ), ռուս սուսերամարտիկ, 2012 և 2016 թվականների Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր անհատական առաջնություններում, աշխարհի յոթակի և Եվրոպայի 11-ակի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Վելիկայան ծնվել է 1985 թվականի հունիսի 8-ին Ալմա Աթայում: Մայրը Նատալյա Ալեքսանդրովնան է: Ունի երկու եղբայր՝ Գրիգորին և Տրոֆիմը: Նատալյա Վելիկայայի առաջին մարզիչը եղել է Վալերի Դիակոկինը: Սուսերամարտում է աջ ձեռքով: Ավարտել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության ու զբոսաշրջության պետական համալսարանը:

Ռուսաստանի հավաքականի կազմում Սոֆյա Վելիկայան հանդես է գալիս 2002 թվականից: 2003 թվականին Ֆրանսիայի Բուրժ քաղաքում Ռուսաստանի հավաքականի կազմում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: Հաջորդ տարի Կոպենհագենում կրկնել է այդ հաջողութունը: Նույն թվականին Նյու Յորքում իր 19-ամյակից մի քանի օր անց դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում: 2005 թվականին Սոֆյան Լայպցիգում անցկացվող աշխարհի առաջնությունում արժանացել է երկու արծաթե մեդալների անհատական և թիմային առաջնություններում: Նույն արդյունքն է գրանցել նաև Զալաեգերսեգում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: 2006 թվականին Սոֆյա Վելիկայան երկու ոսկե մեդալներ է վաստակել Իզմիրում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, իսկ Թուրինում անցկացվող աշխարհի առաջնությունում թիմի հետ արժանացել է բրոնզե մեդալի:

2008 թվականին Կիևում Սոֆյա Վելիկայան հինգերորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, բայց այս անգամ անհատական առաջնությունում: 2009 և 2010 թվականների Եվրոպայի առաջնություններում արժանացել է երեք արծաթե մեդալների: 2010 թվականին Փարիզում վաստակել է իր երկրորդ մեդալը աշխարհի անհատական առաջնություններում՝ գրավելով երրորդ տեղը: Ռուսաստանի հավաքականն այդ առաջնության եզրափակչում հաղթեց ուկրաինացիներին՝ արժանանալով ոսկե մեդալի և դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն: Հաջորդ տարի Կատանիայում անցկացված աշխարհի առաջնությունում Սոֆյա Վելիկայան առաջին անգամ ոսկե մեդալ նվաճեց անհատական առաջնությունում և երրորդ անգամ դարձավ ոսկե մեդալակիր թիմային առաջնությունում: 2012 թվականի գարնանը Կիևում Ռուսաստանի հավաքականը կրկին հաղթեց աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին Իտալիայում թիմը հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Օլիմպիական խաղերին Սոֆիա Վելիկայան առաջին անգամ մասնակցել է 2008 թվականին Պեկինում: Անհատական առաջնությունում նա վստահորեն անցնում է առաջին երեք փուլերը՝ քառորդ եզրափակչում 15:9 հաշվով հաղթելով Աթենքի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն չինուհի Տան Սյուեին: Կիսաեզրափակչում Սոֆյա Վելիկայան հանդիպում է ամերիկացի Սադա Ջեքոբսոնին և պարտվում 11:15 հաշվով: Բրոնզե մեդալի համար պայքարում Սոֆյա Վելիկայան հանդիպում է ամերիկացի (Վելիկայայից բացի եզրափակիչ դուրս էին եկել երեք ամերիկուհիներ) Ռեբեկա Ուորդի հետ և պարտվում 14:15 հաշվով: Թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականը քառորդ եզրափակչում 34:45 հաշվով պարտություն է կրում Ուկրաինայի հավաքականից, որն էլ հետագայում դառնում է այդ Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2010 թվականին Սոֆյա Վելիկայան Փարիզում հաղթում է աշխարհի թիմային առաջնությունում, ինչից հետո խոստովանում է, որ իր գլխավոր նպատակը 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունենալն է[2]:

Սոֆյա Վելիկայան 2015 թվականի աշխարհի առաջնության մեդալների հանձնման արարողության ժամանակ

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Սոֆյա Վելիկայան, հաղթելով Ալժիրի, Վենեսուելայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, կիսաեզրափակչում 15:12 հաշվով զիջել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի թիմային առաջնության չեմպիոն ուկրաինուհի Օլգա Խառլանին: Եզրափակչում Սոֆյան 9:15 հաշվով պարտվել է կորեացի սուսերամարտիկ Կիմ Ջի Յոնին:

Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո Սոֆյա Վելիկայան որոշակի ժամանակով դադար է առել[3]: Որդու ծնունդից հետո նա մեծ սպորտ է վերադարձել 2014 թվականի մարտին՝ Անթալիայում մասնակցելով աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ երկրորդ փուլում պարտվել է հունգարացի Աննա Վարհելիին[4]: Եվրոպայի առաջնությունում թիմի հետ արժանացել է ոսկե մեդալի: 2015 թվականին հաղթել է Եվրոպայի ու աշխարհի թիմային ու անհատական առաջնություններում: Այդպիսով՝ 2003 թվականից հետո Սոֆյա Վելիկայան վաստակել է 17 մեդալ Եվրոպայի առաջնություններում և 12 մեդալ աշխարհի առաջնություններում:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում Սոֆյա Վելիկայան, անհատական առաջնությունում հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին և Ֆրանսիայի երեք ներկայացուցիչներին, անցել է եզրափակիչ, որտեղ 14:15 զիջել է իր հայրենակցին՝ Յանա Եգորյանին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Վելիկայան ամուսնացած է 2004 թվականի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի չեմպիոն Ալեքսեյ Միշինի հետ: Նրանք ունեն երկու երեխա:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալ (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերում ունեցած սպորտային մեծ հաջողությունների համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էջը Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում