Սուրբ Խաչ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Խաչ (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ, ՌՍՖՍՀ Ստավրոպոլի մարզի Բուդյոնովսկ (1920—1935 թվականներին և 19571973 թվականներին՝ Պրիկումսկ) քաղաքի նախկին (1799—1920) անվանումը։ Հիմնադրել են Բաքվի, Դերբենդի, Մուսկարի գավառներից և Ղարաբաղից գաղթած հայերը, Հին Մաջառ բնակավայրի տեղում։ Կայսերական հրովարտակով քաղաքին հատկացվել է 12 հազար դեսյատին հող, բնակիչները 10 տարով ազատվել են պետական հարկերից, զինվորական ծառայությունից։ Բնակչությունը զբաղվել է հիմնականում երկրագործությամբ և գինեգործությամբ։ 1830 թվականին Սուրբ Խաչն ունեցել է 60 տուն հայ բնակիչ և փայտաշեն եկեղեցի։ Քաղաքի բնակչությունն ստվարացել է 19-րդ դարի կեսին, երբ այնտեղ են տեղափոխվել մեծ թվով հայեր՝ Ղգլարի և Մոզդոկի գավառներից։ Ռուսական կառավարությունը քաղաքին շնորհել է նոր արտոնություններ, այդ թվում՝ հայկական դատարան ստեղծելու իրավունք։ 1861 թվականին Սուրբ Խաչն ունեցել է 3 հազար բնակիչ (480 տուն), գործել են երկու եկեղեցի։ 19-րդ դարի վերջին Սուրբ Խաչի հայ համայնքը (կազմել է բնակչության մոտ 99 %-ը) առևտրական, հոգևոր և մշակութային սերտ կապեր է պահպանել Ռուսաստանի մյուս հայկական գաղթավայրերի և Հայաստանի հետ։ Սուրբ Խաչում բացվել են արական (1872) և իգական (1892) դպրոցներ, որոնցում սովորել են մոտ 100 աշակերտ։ Արական դպրոցին կից հիմնվել է գրադարան-ընթերցարան։ Սուրբ Խաչի հայ համայնքը գոյատևել է մինչե 1920-ական թվականների վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 203 CC-BY-SA-icon-80x15.png