Ռումինիայի Պետական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռումինիայի Պետական դրամահատարան (ռումին.՝ Monetăria Statului), Ռումինիայի ինքնավար ձեռնարկություն է, որն զբաղվում է մետաղադրամների, պետական պարգևների, Ռումինիայի զինանշանի պատկերով կնիքների, մեդալների և ոսկե իրերի արտադրությամբ:

Կիսելյով մայրուղու վրա տեղակայված դրամահատարանի շենքը բացվել է 1870 թվականի փետրվարի 24-ին: Դրամահատարանն սկսեց ոսկե և արծաթե դրամների հատում լեյի դրամական միավորով: Օսմանյան կայսրության բողոքի պատճառով, որի վասալն էր Վալախիայի և Մոլդավիայի միացյալ իշխանությունը, մետաղադրամների արտադրությունը դադարեցվեց, իսկ հետագայում ռումինական մետաղադրամների հատումն իրականացվեց Բրյուսելում[1]:

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի և Բեռլինի դաշնադրության (տրակտատ) ստորագրման արդյունքում Ռումինիան ճանաչվեց անկախ պետություն: 1879 թվականին դրամահատարանն սկսեց բրոնզե, իսկ 1880 թվականին արծաթե մետաղադրամների հատումը: 1890 թվականին մետաղադրամների արտադրությունը, սակայն, կրկին դադարեցվեց: Ռումինական մետաղադրամները նորից հատվեցին արտասահմանում՝ Բրյուսելում, Վիենայում, Բիրմինգհեմում, Համբուրգում, Լոնդոնում և Փարիզում: 1912 թվականին դրամահատարանի շենքը քանդվեց[2]:

1935 թվականին արձակվեց թագավորական դեկրետ դրամահատարանի գործունեության վերականգման մասին: Նույն թվականի դեկտեմբերի 20-ին Fabrica di Chibrituri թողոցի վրա բացվեց դրամահատարանի նոր շենքը, իսկ 1936 թվականին թողարկվեց առաջին դրամը՝ արծաթե 250 լեյ «1935» թվագրմամբ[3]: 1943 թվականին դրամահատարանն ստացավ Ռումինիայի պետական պարգևների պատրաստման բացառիկ իրավունք: 1948 թվականին դրամահատարանը միավորվեց Նամականիշերի ֆաբրիկայի հետ (անջատվեց 1953 թվականին): 1957 թվականին դրամահատարանը դուրս եկավ Ֆինանսների նախարարության ենթակայությունից և ենթարկվեց Ազգային բանկին: 1958-1959 թվականներին ստեղծվեց ոսկե իրերի արտադրամասը: 1990 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց ինքնավար ձեռնարկության՝ Ազգային բանկի ենթագերատեսչությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buzdugan, 1977, էջեր 256-257
  2. Buzdugan, 1977, էջեր 256-267
  3. Buzdugan, 1977, էջեր 270

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Buzdugan G., Luchian O., Oprescu C.C. Monede şi banknote româneşti. — Bucureşti: Sport - turism, 1977. — 429 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]