Ռազմադաշտային սիրավեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմադաշտային սիրավեպ
ռուս.՝ Военно-полевой роман
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1], ռազմական ֆիլմ և մելոդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1983
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Տոդորովսկի
Սցենարի հեղինակՊյոտր Տոդորովսկի
ԴերակատարներՆատալիա Անդրեյչենկո, Իննա Չուրիկովա և Նիկոլայ Բուրլյաև
ՕպերատորՎալերի Բլինով
ԵրաժշտությունՊյոտր Տոդորովսկի
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն88 րոպե
IMDbID 0086561

«Ռազմադաշտային սիրավեպ» (ռուս.՝ «Военно-полевой роман»), ռեժիսոր և սցենարիստ Պյոտր Տոդորովսկու խորհրդային մելոդրաման, որի հիմնական իրադարձությունները տեղի են ունենում հետպատերազմյան տարիներին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1984 թվականին Բեռլինի 34-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, որտեղ Իննա Չուրիկովան պարգևատրվել է «Արծաթե արջ» կնոջ լավագույն դերակատարման համար։ 1985 թվականին «Ռազմադաշտային սիրավեպը» ներկայացվել է «Օսկարի» Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ժամանակ երիտասարդ զինվոր Սաշա Նետուժիլինը սիրահարվում է բուժքույր Լյուբային, որն ապրում է իր հրամանատարի հետ։ Նրանց ճանապարհները արագ բաժանվում են, որպեսզի նորից հատվեն պատերազմից մի քանի տարի անց[2]։

Այժմ Սաշան ամուսնացած է, աշխատում է որպես կինոմեխանիկ և սովորում է մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, մինչդեռ Լյուբան կարկանդակներ է վաճառում Մոսկվայի Սվերդլովի հրապարակում։ Սաշան իմանում է, որ Լյուբան դուստր ունի պատերազմում զոհված հրամանատարից։ Գլխավոր հերոսի հարաբերությունները կոպիտ բնավորության տեր փողոցային վաճառողուհու և մանկավարժ կնոջ հետ աստիճանաբար վերածվում են դասական սիրային եռանկյունու։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Բուրլյաև – Ալեքսանդր Նետուժիլին, կինոմեխանիկ
  • Նատալյա ԱնդրեյչենկոԼյուբով Իվանովնա Անտիպովա, կարկանդակ վաճառող
  • Իննա ՉուրիկովաՎերա Նիկոլաևնա, Նետուժիլինի կինը, մանկավարժ
  • Վիկտոր Պրոսկուրին – Նովիկով, գործկոմի նախագահի տեղակալ
  • Վսեվոլոդ Շիլովսկի – Գրիշա, Լյուբայի նախկին ընկերը
  • Ալեքսանդր Մարտինով – մայոր Միրոնով, գումարտակի հրամանատար
  • Զինովի Գերդտկինոթատրոնի ադմինիստրատոր
  • Ելենա Կոզելկովա – Սոնյա, կինոթատրոնի ադմինիստրատորի կինը
  • Նատալյա Չենչիկ – Նյուրա, պաղպաղակ վաճառող
  • Կատյա Յուդինա – Կատյա Միրոնովա, Լյուբայի դուստրը
  • Օլգա Անոխինա – հարևան
  • Յուրի Դուբրովին – Տերյոխին

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն ոգեշնչված է ռեժիսորի հետպատերազմյան առաջին տարիների հիշողություններով[3]։

ՎԳԻԿ-ում սովորելու ժամանակ մի ձմեռային ցուրտ օր ես քայլում էի ՑՈՒՄ-ի կողքով և հանկարծ լսեցի շատ ծանոթ, խռպոտ ծիծաղ։ Շրջվեցի։ Հանրախանութի պատի մոտ՝ բամբակաբաճկոնով, առանց մատների ձեռնոցներով կարկանդակներ էր վաճառում մեր գումարտակի հրամանատարի սիրելին։ Արկղի կողքին նստած էր մի սառած, ինչ-որ շարֆերի մեջ փաթաթված մի աղջիկ։ Ես երկար կանգնած էի և չէի կարողանում հայացքս կտրել։ Ի՞նչ է պատահել նրան՝ գեղեցկուհուն, առաջնագծի թագուհուն։ Ինչո՞ւ է կյանքն այդքան փոխել նրան։ Անցնում էին տարիներ, իսկ այդ հանդիպման հիշողությունը հանգիստ չէր տալիս։

Դերակատարների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Պ. Տոդորովսկին գլխավոր դերում նախատեսել է Սվետլանա Կրյուչկովային, բայց նա հրաժարվել է իր փոքր երեխայի հիվանդության պատճառով։ Երիտասարդ մայր Նատալյա Անդրեյչենկոն որոշ ժամանակ հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց, ինչի պատճառով ռեժիսորը ստիպված է եղել լրացուցիչ փորձեր կատարել Անաստասիա Վերտինսկայայի համար[4][5]։

Գլխավոր հերոս Սաշայի կերպարում շատ բան հենց ռեժիսորից է՝ սկսած կարկանդակների իրական դրվագից մինչև անձնական պատերազմական հիշողություններ։ Հետևաբար, Պյոտր Եֆիմովիչը ինքը պետք է խաղար այս դերը։ Էական խոչընդոտ է դարձել նրա տարիքը, այդ պատճառով կինոփորձերին մասնակցել է Վիկտոր Պրոսկուրին (Լյուբայի դերի համար փորձերի մասնակցող Վերտինսկայայի հետ), իսկ ավելի ուշ՝ Նիկոլայ Բուրլյաևը[5]։

Նիկոլայ Բուրլյաևը ֆիլմի նկարահանումներից առաջ Պյոտր Տոդորովսկու հետ ծանոթ չի եղել։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել կինոփորձերի ժամանակ, երբ դերասանը հենց «Մոսֆիլմի» միջանցքում գրկել ու երեք անգամ համբուրել է նրան, որից հետո հայտարարել է. «Վերջ տվեք կինոփորձերին։ Այդ դերը ես ոչ մեկին չեմ տա»[4]։

1983 թվականին «Ռազմադաշտային սիրավեպ» ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում։ Ամերիկա՝ մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու մեկնել է միայն Պյոտր Տոդորովսկին։ Վերադառնալով Մոսկվա՝ նա ինձ կանչեց իր աշխատասենյակ «Մոսֆիլմում» և պատմեց, որ կինոակադեմիկոսները միաձայն ասում էին. «Օսկարը» ձերն է»։ Այդ տարի չկար ֆիլմ, որը հավասար լիներ «Ռազմադաշտային սիրավեպին» իրենց սյուժեով և տաղանդով։ Բայց «Օսկար» մրցանակաբաշխությունը քաղաքականացված է, այդ ժամանակ նվիրական արձանիկը բաժին հասավ գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյի մասին հակախորհրդային ֆիլմին («Փղի անկյունագիծ»

Նիկոլայ Բուռլյաևը «Факты и комментарии» թերթին 2013 թվականի հուլիսի 4-ին տված հարցազրույցում[4]

«Քո ցանկացած ֆիլմում ես կխաղամ ցանկացած բան։ Կասես մարմնավորիր ձիու, ես կխաղամ։ Բայց հաշվի առ՝ նա կկաղա հետևի ձախ ոտքից»,— ասել է կաղացող դերասան Զինովի Գերդտն իր վաղեմի ընկերոջը՝ ռեժիսոր Պյոտր Տոդորովսկուն։ Արդյունքում «Ռազմադաշտային սիրավեպում» հայտնվել է կինոթատրոնի ադմինիստրատորի փոքր, բայց հուզիչ դերը[6]։

Շատ դերասանների կողմից պարզունակ համարվող քեռի Գրիշայի կերպարը Վսեվոլոդ Շիլովսկին ինքնուրույն է ընտրել[5].

Նա [ռեժիսորը] խիստ զարմացավ իմ ցանկությունից, ասաց. «Դա ընդամենը երկու նկարահանման օր է»։ Ես ասում եմ. «Պետյա, ինձ մի լեյտենանտ պատմել է, որ մի ամբողջ սերունդ զոհվել է. ռազմաճակատի տղաները եկել են, նրանք 22-23 տարեկան են, ոչ մեկի պետք չեն...»։ «Քեզ ի՞նչ լեյտենանտն է պատմել»։ Ես ասում եմ. «Լեյտենանտ Տոդորովսկին»։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հատուկ ֆիլմի համար գրված հեղինակային երաժշտությունից (կոմպոզիտորներ Իգոր Կանտյուկով և Պյոտր Տոդորովսկի), ֆիլմում հնչում են ռազմական և նախապատերազմական տարիների բազմաթիվ մեղեդիներ։ Այսպես, ռազմական բլինդաժից լսվում է Վադիմ Կոզինի կատարմամբ «Осень» («Не уходи, тебя я умоляю, слова любви сто крат я повторю. Пусть осень у дверей, я это твёрдо знаю, но всё ж «не уходи» тебе я говорю») երգը։ Երեխաների կատարմամբ հնչում է «Утомлённое солнце», իսկ խնջույքի ժամանակ՝ «Ой, цветёт калина»: Բացի այդ, ֆիլմում օգտագործվել է Դմիտրի Շոստակովիչի № 7 սիմֆոնիայի մի հատված։

Որպես լեյտմոտիվով հնչող «Рио-рита» երգը գրել է կոմպոզիտոր Իգոր Կանտյուկովը Գենադի Շպալիկովի տեքստօ հիման վրա՝ հատուկ այս ֆիլմի համար։ Նրա տեքստն ու մեղեդին կապված են 1930-ական թվականների համանուն հայտնի պասոդոբլի հետ[7][8]։ Տարիներ անց Պյոտր Տոդորովսկին այդ անունը տվել է կինոյի բնագավառում իր վերջին աշխատանքին։

Նկարահանման վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է մոսկովյան տաղավարներում։ Օդեսայի մոտ կատարվել են նատուրային նկարահանումներ՝ գետաբերանի ծովախորշերում՝ ռազմական տեսարանները, խրամատներում՝ Սաշայի հանդիպումը Լյուբայի հետ[4]։

Ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ավարտը, երբ գլխավոր հերոսը ոտքով հարվածում է ջրատար խողովակներին, որտեղից դղրդյունով ժայթքում են կոտրված սառույցի կտորներ, կինոքննադատների կողմից ընկալվել է որպես մոտեցող ձնհալի փոխաբերական պատկեր[9]։ Յուրի Բոգոմոլովը այս տեսարանի իմաստն այլ կերպ է բացատրել[10].

Անձամբ նրա համար ամեն ինչ մնացել է հետևում։ Լավագույն բանը, որ նա կարող էր անել իր կյանքում, մի գեղեցիկ անծանոթուհի հորինելն ու նրան հոգին տալն էր, ինչը նա արդեն արել էր։ Դրանից էլ հավանաբար ծնվել է կարոտը։

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 – «Արծաթե արջ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Իննա Չուրիկովա)
  • 1984 – 17-րդ համամիութենական կինոփառատոնի (Կիև) գեղարվեստական ֆիլմերի ծրագրի գլխավոր մրցանակ և դիպլոմ[11]
  • 1985 – «Օսկար» մրցանակի անվանակարգ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0086561/
  2. Ֆիլմի տեսարաններից մեկին զուգընթաց ռադիոյով հաղորդագրություն է ուղարկվում Մոսկվայի մետրոյի «Տագանսկայա» կայարանը շահագործման հանձնելու մասին։ Այսպիսով, կարելի է ճշգրտորեն սահմանել այն տարեթվերից մեկը, երբ տեղի է ունենում նկարի գործողությունը՝ 1950 թվականի հունվարի 1-ը։
  3. Тодоровский П. Военно-полевой роман // Советский экран. — 1983. — № 21. — С. 10—11.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Бахарева Т. (2013 թ․ հուլիսի 4). «Николай Бурляев: «История, положенная в основу „Военно-полевого романа", реальна»» (ռուսերեն). Факты и комментарии. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 По страницам «Военно-полевого романа»: Как снимался один из лучших фильмов о войне? Արխիվացված 2017-10-04 Wayback Machine // Включи настроение: ТВ-анонсы [nastroenie.tv]
  6.  Зиновий Гердт. «Я больше никогда не буду!»
  7. Искусство кино. — 1984. — № 7. — С. 26—32.
  8.  Пётр Тодоровский. «Рио-рита»
  9. Дивакова О., Шмыров В. Искушение памяти // Искусство кино. — 1986. — № 9. — С. 19—20
  10. Богомолов Ю. А. Пётр Тодоровский. — М.: Союзинформкино, 1989. — С. 22—24.
  11. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — 637, [3] с.: [96] л. ил. — 100000 экз. — С. 538—539.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]