Պորտալ:Վանաձոր/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանաձոր, խոշոր քաղաքային համայնք Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռու մարզում, Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրիից հետո, Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, մշակութային և քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով Վանաձորը տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Նախկինում քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, ուր խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի ....