Պերոննայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայմանագրի տիպ խաղաղության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
14.10.1468
Պերոննա
Կողմեր Լյուդովիկոս XI
Կարլոս Խիզախ

Պերոննայի պայմանագիր կամ Պերոնի պայմանագիր, հաշտության պայմանագիր, կնքվել է 1468 թվականի հոկտեմբերի 14-ին Պերոննայում՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI և Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի միջև։

Ֆրանկո-բուրգունդյան կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI
Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախ

1467 թվականին իշխանության գալով` Կարլոս Խիզախը անմիջապես սկսեց հակաֆրանսիական դաշինքի ձևավորումը, հոկտեմբերի 1-ին համաձայնության գալով Ֆրանցիսկոս II Բրետանացու, Կարլոս Նորմանդացու և Ժան Ալասոնացու հետ։ Բրետոնական զորքերը ներխուժեցին Նորմանդիա, միավորվեցին թագավորի եղբոր ուժերի հետ և սկսեցին ռազմական գործողություններ Լյուդովիկոսի դեմ։ Կարլոս Խիզախը չկարողացավ միանալ դաշնակիցներին` մասամբ ֆրանսիացիների կողմից հրահրված Լիեժի ապստամբության պատճառով։ Լյուդովիկոսը զինադադար կնքեց Բուրգունդիայի հետ` զոհաբերելով լիեժցիներին, ում ռազմական աջակցություն էր խոստացել[1]։

1468 թվականի հունվարի 25-ին բրետոնացիների առաջխաղացումը կասեցվեց և Ֆրանցիսկոս II հետ զինադադար ստորագրվեց։ Բաժանելով թշնամիներին` Լյուդովիկոսը ապրիլի 6-12-ը Տուրում հրավիրեց Գլխավոր շտատներ։ Թագավորը կարողացավ պատգամավորներից ստանալ իր եղբայր Կարլոս Նորմանդացուն կոմսությունից զրկելու համաձայնություն[2]։

Ինչպես թագավորը, այնպես էլ Բուրգունդիայի դուքսը, փորձում էին Անգլիայի հետ դաշինք կնքել։ Անգլիայի թագավոր Էդուարդ IV մերժեց Ֆրանսիայի առաջարկը` նույնիսկ չհամաձայնելով երկարաձգել 1468 թվականի մարտի 1-ին լրացող զինադադարի ժամկետը։ Մայիսի 17-ին անգլիական խորհրդարանը քվեարկեց Ֆրանսիայում տիրույթները վերադարձնելու համար թագավորին սուբսիդիաներ տրամադրելու օգտին։ Անգլիայի ու Բուրգունդիայի դաշինքն ամրապնդվեց Կարլոս Խիզախի և Էդուարդ IV քրոջ՝ Մարգարեթ Յորքցու ամուսնությամբ[2]։

Հարսանեկան ճոխ արարողությունը տեղի ունեցավ հուլիսին Բրյուգգեում, որի ընթացքում Ֆրանսիայի թագավորը Կարլոսի հետ զինադադարը  կարողացավ երկարաձգել մինչև օգոստոսի 1-ը։ Նորմանդիա ուղարկվեց ադմիրալ Լուի դե Բուրբոնի բանակը, որը մոտ մեկ ամսում ետ գրավեց նահանգը խռովարարներից, իսկ թագավորը ներխուժեց Բրետան և ստիպեց Ֆրանցիսկոս II Բրետանացուն ու Կարլոս Նորմանդացուն ստորագրել նոր համաձայնագիր (օգոստոսի 10), որով թագավորի եղբայրը (Կարլոս Նորմանդացին) ստանում էր 60 հազար լիվր թոշակ և ժառանգական հողերի որոշ մասը[3][2]։

Պատերազմի վտանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկանալով կատարվածին` Կարլոս Խիզախը հավաքեց բանակն, ու շարժվելով դեպի Սոմ, կանգ առավ Պերոննայում։ Այստեղ ժամանեց նաև Ֆրանցիսկոսի հերալդը թագավորի ու արքայազների միջև խաղաղության լուրով։ Զայրացած դուքսը քիչ էր մնում կախաղան բարձրացներ սուրհանդակին. նա կասկածում էր, որ թագավորն է կեղծել նամակը[3][4]։

Կողմերը հայտնվեցին պատերազմի եզրին, խաղաղության կոնֆերանսը արդյունք չտվեց։ Լյուդովիկոսը որոշեց անձամբ հարթել կոնֆլիկտը։ Ռազմական ծախսերը վճարելու համար նա ուղարկեց կոմսին 60 հազար էքյու (ոսկով) և, ստանալով անվտանգության երաշխիքներ, ուղևորվեց Պերոննա[5][4]։

Հանդիպում Պերոննայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 9-ին Լյուդովիկոս XI ժամանեց Պերոննա ընդամենը հարյուր հոգանոց շքախմբով, որոնց թվում էին դուքս դե Բուրբոնը, կարդինալ Լա Բալուն և կոնետաբլը (բարձրագույն ռազմական պաշտոնյա միջնադարյան Ֆրանսիայում)։ Քաղաք մտան նաև բուրգունդական զորքերը (Ֆիլիպպ դը Կոմմինեսի խոսքերով` դուքսը պարզապես չէր հասցրել չեղարկել զորքերի տեղաշարժի մասին հրամանը)։ Հրամանատարների շարքում էին Լյուդովիկոսի թշնամիները, այդ թվում` Ֆիլիպպ դե Բրեսսը և Բուրգունդիայի մարշալ Տիբո դե Նյոշատելը։ Լսելով նրանց ժամանման մասին` թագավորը հասկացավ, որ մեծ սխալ է գործել և հիմա նրա կյանքը կախված է Կարլոս Խիզախի հավատարմությունից[6][4]։

Հոկտեմբերի 10-11-ը կարդինալ Լա Բալուն բանակցություններ էր վարում բուրգունդացիների հետ, սակայն դուքսը հաշտություն կնքելու նախապայման դրեց՝ իր դաշնակցին Նորմանդիայի վերադարձը։ Արդյունքի չհասնելով` Լյուդովիկոսը պատրաստվեց  մեկնելու։ Այդ ժամանակ Պերոննա հասան փախստականներ Լիեժից քաղաքում սկսված նոր ապստամբության լուրով։ Նրանց պատմելով՝ ապստամբությունը ղեկավարում էին թագավորի մարդիկ, իսկ նահանգապետ Գի դե Էմբերկուրն ու Լիեժի եպիսկոպոսը սպանվել էին[7][8]։

Դա չէր համապատասխանում իրականությանը. նահանգապետին հաջողվել էր փախուստի դիմել, իսկ եպիսկոպոսը ձերբակալվել էր։ Սակայն ֆրանսիացիների մասնակցությունը ապստամբությանը անհերքելի էր, ինչը սաստիկ բարկացրեց Կարլոսին[7]։

Ֆիլիպպ դե Կոմմինեսի խոսքերով, Լյուդովիկոս XI զարմանալի սխալ էր թույլ տվել՝ «ուղևորվելով Պերոննա չէր մտածել երկու սուրհանդակների մասին, որ ուղարկել էր Լիեժ բնակիչներին կոմսի դեմ տրամադրելու համար»[9]։

Թագավորի գերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը փաստացի դարձավ դուքսի գերին։ Երեք օր Կարլոսը խորհրդականների հետ   քննարկում էր, թե ինչպես վարվի իր նենգ սյուզերենի հետ[10]։ Ֆիլիպպ դե Կոմմինեսի խոսքերով (Հուշեր. II, 7).

Չի կարելի ասել, թե թագավորն անհանգստություն չէր զգում, երբ նկատեց, որ փակված է ամրոցում` դարպասների մոտ կանգնած բազմաթիվ նետաձիգների հսկողության տակ։ Նա արդեն տեսնում էր իրեն բանտարկված այն մեծ աշտարակում, որտեղ կոմս Վերմանդուան սպանել էր Ֆրանսիայի թագավորին՝ իր նախնիներից մեկին:

  Ըատ Կոմմինեսի (Հուշեր. II, 7), զայրույթի պահին դուքսը առաջարկել էր ֆիզիկական ոչնչացումը, ինչի վկան երեք մարդ է եղել, սակայն.                  

Շուտով այդ խոսակցությունից ինչ որ բան հայտնի դարձավ այլ մարդկանց և տարածվեց քաղաքում, հասավ մինչև թագավորի սենյակը և նա շատ վախեցավ, ինչպես ցանկացած մարդ, եթե այդպիսի դրության մեջ լիներ։ Հիմա Դուք հասկանում եք, թե որքան շատ բաներ պետք է հաշվի առնել, որպեսզի խաղաղությամբ ավարվեն վեճերը այդպիսի հզոր տիրակալների միջև, և որքան մեծ սխալ են երկուսն էլ գործել չզգուշացնելով իրենց ծառաներին, որ իրենցից հեռու իրենց գործերով են զբաղվում, և պատկերացնում էք, թե ինչ կարող էր դրա պատճառով կատարվել։

Մեծամեծ ազնվականների խորհրդակցությունում առաջարկվեց գործողությունների երեք տարբերակ։ Առաջինը՝ չխախտել անվտանգության խոստումները, ինչին հակված էր մեծամասնությունը։ Երկրորդ՝ ձերբակալել թագավորին։ Երրորդ՝ կանչել Նորմանդիայի դուքսին և հաշտություն կնքել սեփական պայմաններով, թուլացնելով Լյուդովիկոսին այնքան, որ չկարողանա ուշքի գալ[11]։

Միևնույն ժամանակ թագավորը որպես պատանդներ առաջարկեց դուքս դե Բուրբոնին, նրա եղբայր կարդինալին, կոնետաբլին և այլ ազնվականների, կարդինալի միջոցով Կարլոս Խիզախի խորհրդականներին կաշառելու համար ծախսեց 15 հազար էքյու։ Ագահ կարդինալը թաքցրեց գումարի կեսը, ինչի արդյունքում Ֆիլիպպ դե Կոմմինեսին կաշառք չհասավ, և վիրավորված Կոմինեսը նրա մեքենայությունների մասին տեղեկացրեց Լյուդովիկոսին[11]։

Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ թագավորը գաղտնի կապեր հաստատեց բուրգունդյան պալատի մի քանի ազդեցիկ մարդկանց հետ, որոնք սկսեցին գործել նրա օգտին, իսկ ավելի ուշ բացահայտ անցան ծառայության նրա մոտ[12]։

Պերոննայի պայմանագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի վերջո, որոշվեց սահմանափակվել խաղաղության վերահաստատումով և Լյուդովիկոսի խոստումով մասնակցել Լիեժի ապստամբների դեմ պատժիչ օպերացիային։ Լյուդովիկոսը երդվեց, որ կապ չունի Լիեժի դեպքերի հետ։ Նորմանդիայի փոխարեն թագավորին ստիպեցին զիջել եղբորը Շամպայն և Բրի կոմսությունները[13]։

Դուքսին համոզեցին համաձայնության գալ Անտուանը՝ Բուրգունդացի մեծ բաստարդը, որը կարդինալ Բալուից ստացել էր երկու հազար, և Ֆիլիպպ դե Կոմմինեսը, որը բոլոր դեպքերում, ենթադրաբար, ստացել էր թագավորից հազար կամ մեկուկես հազար էքյու[10]։

Լիեժի հնազանդեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 15-ին բորգունդական բանակը, շոտլանդական գվարդիան և Լյուդովիկոսի հեծյալ ջոկատը շարժվեցին դեպի Լիեժ, որն ընկավ հոկտեմբերի 30-ին` համառ դիմադրությունից հետո։ Քաղաքի բնակիչները չէին հավատում, որ թագավորը իրենց դավաճանել է, նրանք կռվում էին Vive le roy! բացականչություններով։ Իսկ թագավորը քաղաք մտավ մերկացրած սրով, գլխարկի վրա բուրգունդյան խաչով, Vive Bourgoingne!  բացականչելով, նրա զորքերն էլ ակտիվորեն մասնակցեցին թալանին ու կոտորածներին[14][15]։

Քաղաքն ամբողջությամբ թալանվեց, կործանվեց ու այրվեց, այն շարունակում էր ծխալ յոթ շաբաթ[14]։ Բնակիչները փախուստի դիմեցին Արդեններով, շատ մարդիկ մահացան սովից ու ցրտից[13]։

Վերադարձ Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբերի 2-ին թագավորը Ֆրանսիա վերադառնալու թույլտվություն ստացավ[14]։ Կատարվածը ուժեղ նվաստացում ու դաժան դաս եղավ նրա համար, նա էլ երբեք չփորձեց անձամբ հանդիպել դուքսին։ Պերոննայի պայմանագիրը ստիպված վավերացրեցին, սակայն Շամպայնն ու Բրին Լյուդովիկոսը եղբորը չտվեց, քանի որ դրանք սահմանակից էին Բուրգունդիայի հետ` ստիպելով բավարարվել Գիեն դքսությունով[16]։

Բուրգունդիայի հետ պատերազմի շեմին` 1471 թվականի գարնանը, Ֆրանսիան փաստացի դենոնսացրեց պայմանագիրը։

Արտացոլումն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերոննայի պայմանագիրն ու դրան ուղեկցող դեպքերը արտացոլվել են Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Petit-Dutaillis, 1911, էջ 355—356
  2. 2,0 2,1 2,2 Petit-Dutaillis, 1911, էջ 356
  3. 3,0 3,1 Коммин, 1986, էջ 61
  4. 4,0 4,1 4,2 Petit-Dutaillis, 1911, էջ 357
  5. Коммин, 1986, էջ 62
  6. Коммин, 1986, էջ 62—63
  7. 7,0 7,1 Коммин, 1986, էջ 65—66
  8. Petit-Dutaillis, 1911, էջ 357—358
  9. Коммин, 1986, էջ 65
  10. 10,0 10,1 Petit-Dutaillis, 1911, էջ 358
  11. 11,0 11,1 Коммин, 1986, էջ 70
  12. Эрс, 2007, էջ 168
  13. 13,0 13,1 Коммин, 1986, էջ 71
  14. 14,0 14,1 14,2 Petit-Dutaillis, 1911, էջ 359
  15. Эрс, 2007, էջ 69
  16. Эрс, 2007, էջ 69—70

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]