Պետրոս առաքյալի եկեղեցի (Յաֆֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս առաքյալի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և եկեղեցի
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունՅաֆֆա
Դավանանքուղղափառություն
Ժառանգության կարգավիճակԻսրայելի մշակութային ժառանգություն
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 St. Peter's Church, Tel Aviv Վիքիպահեստում

Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցի, ուղղափառ եկեղեցի Յաֆֆա քաղաքում (Թել Ավիվի հարավային մաս), Ռուսական հոգևոր առաքելության իրավասության ներքո գտնվող բարեպաշտ Թաբիթայի վանատուն (Մոսկվայի պատրիարքարան) Երուսաղեմում։ Օծվել է ի պատիվ Պետրոս առաքյալի ճգնավորական շղթաների պաշտամունքի տոնի[1] (16 հունվարի` ըստ հուլյան օրացույցի), հյուսիսային մատուռը` ի պատիվ բարեպաշտ Թաբիթայի (հիշատակվում է հոկտեմբերի 25-ին, ըստ հուլյան օրացույցի և Պահքի 4-րդ շաբաթվա փոխանցվող տոնակատարություններին)։

Եկեղեցու կողքին գտնվում է բարեպաշտ Թաբիթայի դամբարանը, որտեղ էլ ըստ ավանդության թաղված է նրա մարմինը։ Դամբարանի վրա կառուցված է մատուռ, որը զարադարված է 5-6-րդ դարերի բյուզանդական խճանկարներով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է վարդապետ Անտոնինի (Կապուստին) մասնակցությամբ ձեռք բերված տարածքում 1868 թվականին։ Մինչև եկեղեցու կառուցումը գնված հողատարածքում կառուցվել է օթևանատուն Յաֆֆայի նավահանգստով Պաղեստին եկող ուղղափառ ուխտավորների համար, որտեղ փորվել էր ջրհոր և տնկվել պտղատու (նարնջի, կիտրոնի, ձիթենի, նռնենի, թզենի) և դեկորատիվ (նոճու, էվկալիպտի, սոճու) ծառեր[2]։

Որպես կանոն, Երուսաղեմ եկող ուխտավորների երթուղին անցնում էր Ռամլա, Լոդ, Աբու-Գոշ գյուղերով, Երուսաղեմի Ռուսական հոգևոր առաքելության, իսկ 1882 թվականից Կայսերական ուղղափառ պաղեստինյան հասարակության ներկայացուցիչների և պահնորդական խմբի ուղեկցությամբ։ Ուխտավորների համար օթևանատան նշանակությունն ավելի մեծացավ Յաֆա-Երուսաղեմ երկաթգծի բացումից հետո։

1888 թվականի հոկտեմբերի 6-ին սկսված եկեղեցու շինարարությանը մասնակցություն ունեցան մեծ իշխաններ Սերգեյ և Պավել Ալեքսանդրովիչները և մեծ իշխանուհի Ելիսավետա Ֆեոդրովնան, իտալացի վարպետներ և տեղի բնակիչներ, սրբապատկերների հեղինակը նկարիչ և քննադատ Ա. Զ. Լեդկովն է։ 1894 թվականի հունվարի 16 (28)-ին եկեղեցին օծվել է Երուսաղեմի պատրիարք Գերասիմի կողմից, ծառայակցությամբ Արաբիայի միտրոպոլիտ Պետրոսի, Հորդանանի արքեպիսկոպոսի և վարդապետ Անտոնինի[2]։

20-րդ դարի վերջին արդեն եկեղեցին և վանքային համալիրի մյուս շինությունները հնացել և քայքայվել էին։ Ակտիվ վերականգնման աշխատանքները սկսվեցին 1995 թվականին և ավարտվեցին 2000 թվականին, վանահայր Պիմենի (Հարաիմի)[1] օրոք, որը եղել է վանատան բանալեպանը, մինչև 2010 թվականի վերջը[3]։

2008 թվականի նոյեմբերին Իսրայելի հարկային գերատեսչությունը հայց ներկայացրեց Ռուսական հոգևոր առաքելության դեմ «չօգտագործվող հողերի» դիմաց հարկ չվճարելու համար և արգելանքի տակ հայտնվեց վանքային համալիրի Յաֆֆայում գտնվող 3,2 հեկտար հողատարածք[4][5]։

Ճարտարապետություն և կահավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս առաքյալի եկեղեցին նախագծվել է վարդապետ Անտոնինի մասնակցությամբ, որը երկար ժամանակ եղել է Աթենքի և Կոնստանդնուպոլսի առաքելական եկեղեցիների վանահայր, որտեղ հնարավորություն է ունեցել ուսումնասիրել հունական և բյուզանդական ճարտարապետությունը։ Հավանաբար դա է պատճառը, որ եկեղեցու համաչափություններում նկատելի է բյուզանդական ճարտարապետության ազդեցությունը[6]։

Գմբեթի նկարազարդումներ

Սուրբ Պետրոս առաքյալի և բարեպաշտ Թաբիթայի եկեղեցու զանգակատունը համարվում է Յաֆֆայի ամենաբարձր կետը։ Եկեղեցին ունի երկու զոհասեղաններ, կենտրոնական, ի պատիվ Պետրոս առաքյալի շղթաների, ձախ զոհասեղանը` բարեպաշտ Թաբիթայի։

Երկհարկանի սպիտակ սրբապատկերը նվիրաբերվել է Կայսերական ուղղափառ պաղեսինյան ընկերության կողմից։ Աստվածամոր սրբապատկերից դեպի ձախ տեղակայված է «Թաբիթայի հարությունը» սրբապատկերը։

Որմնանկարները ստեղծվել են 1905 թվականին վարդապետ Լեոնիդի օրոք։ Ավանդության համաձայն այստեղ աշխատել են Պոչաևյան մայրավանքի վարպետները։ Տաճարի պատերին, ինչպես նաև վերին օթյակներում ու որմնախորշերում պատկերված են տեսարաններ Պետրոս առաքյալի կյանքից։ Զոհասեղանի սյուներին պատկերված են Պետրոսի և Պողոսի, իսկ մյուս սյուներին Տասներկու առաքյալների նկարները[2]։

Թաբիթա (Դորկաս)

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդապետ Անտոնինի և Երուսաղեմի ճարտարապետ Կոնրադ Շիկի կողմից այգում կատարված պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել բարեպաշտ Թաբիթայի դամբարանը 5-6—րդ դարերի բյուզանդական շրջանի լավ պահպանված խճանկարներով։ Հետագայում դամբարանի վրա կառուցվեց զանգակատունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]