Jump to content

Պետական պատմական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետական պատմական թանգարան
Տեսակազգային թանգարան, պատմության թանգարան, թանգարանի շենք, ճարտարապետական հուշարձան, գրադարան և թվային գրադարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
ՎայրՄոսկվա
ՀասցեКрасная пл., 1, Москва, 109012
Հիմնադրվել է1872
ՀիմնադիրԻվան Զաբելին և Ալեքսեյ Ուվարով
ՏնօրենAleksey Levykin?
Հավաքածուի չափս5 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ և 14 000 000 հավաքածուի կամ ցուցահանդեսի նմուշ
Կայքshm.ru(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Պետական պատմական թանգարան (ռուս.՝ Государственный исторический музей), ազգային պատմական թանգարան Ռուսաստանում։ Թանգարանի հավաքածուն արտացոլում է Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

Գտնվում է Մոսկվայի Կարմիր հրապարակի հյուսիսային կողմում։ Թանգարանին են պատկանում նաև հարակից դրամահատարանի և Մոսկվայի քաղաքային դումայի շենքերը։

1895 թվականի մայիսից մինչև 1917 թվականը թանգարանը պաշտոնապես կոչվել է «Ալեքսանդր III-ի անվան ռուսական կայսերական պատմական թանգարան»[1]։

Պատմական թանգարան։ Արտաքին տեսքը Մանեժնայա հրապարակից
Պատմական թանգարան

Ալեքսանդր III-ի անվան ռուսական կայսերական պատմական թանգարանը հիմնադրվել է 1872 թվականի փետրվարի 21-ին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանով՝ 1872 թվականին կազմակերպված պոլիտեխնիկական ցուցահանդեսի կազմակերպիչների խնդրանքով։ Այդ ցուցահանդեսի Ղրիմի պատերազմին նվիրված ցուցանմուշները կազմել են թանգարանի առաջին հավաքածուն։ Թանգարանի կառավարմանն է փոխանցվել նաև Չերտկովի գրադարանը։

Մոսկվայի քաղաքային խորհուրդը 1874 թվականի ապրիլին թանգարանի կառուցման համար հողատարածք է հատկացրել Մոսկվայի Կարմիր հրապարակում, նախկին գավառական կարգերի շենքի տարածքում (17-րդ դար)։ Ըստ մրցութային նախագծի՝ թանգարանի շենքը պետք է կառուցվեր 16-րդ դարի ռուսական ճարտարապետության ոճով, որպեսզի համապատասխանի Կարմիր հրապարակի համալիրի ճարտարապետությանը[2]։

Մրցույթի արդյունքում նախապատվությունը տրվել է ճարտարապետ Վլադիմիր Շերվուդի և ինժեներ Անատոլի Սեմյոնովի նախագծին։ 1878 թվականին Շերվուդը թողել է նախագիծը և շինարարությունը գլխավորել է Ալեքսանդր Պոպովը։

Նա ավարտել է թանգարանի շինարարությունը, մշակել է շենքի աշտարակների ինժեներական նախագիծը և 11 ցուցասրահների գեղարվեստական ձևավորումը՝ հենվելով Ալեքսեյ Ուվարովի դիզայնի վրա։ Պատմա-ճարտարապետական հուշարձան համարվող շենքը կառուցվել է 1875-1881 թվականներին։ Թանգարանի Սուզդալյան ցուցասրահի ներքին հարդարանքները իրականացվել են 1890-ական թվականներին ճարտարապետ Պյոտր Բոյցովի նախագծով։ Թանգարանն այցելուների համար բացվել է 1883 թվականի մայիսի 27-ին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո թանգարանը վերանվանվեց «Ռուսական պետական պատմական թանգարան»։ Նոր իշխանությունները կազմավորեցին ժողովրդական կոմիսարիատի հատուկ հանձնաժողով թանգարանի վերակազմակերպման համար։ 1921 թվականի փետրվարից թանգարանը կոչվում է Պետական պատմական թանգարան։

1922 թվականին թանգարանին է միացել 1840-ական թվականների Մոսկվայի կենցաղային թանգարանը։ 1928 թվականին որպես մասնաճյուղեր թանգարանին են միացվել ազգայնացված և փակված եկեղեցիներ և այլ կառույցներ՝ «Վասիլի Երանելու տաճար-թանգարանը», Սուրբ երրորդություն եկեղեցին, Կոլոմենսկոյե գյուղի ճարտարապետական հուշարձանների թանգարանը, Պաֆնուտև-Բորովսկի տաճարի թանգարանը, Սուդակ քաղաքի ամրոցը, Ալեքսանդրովյան տաճարի թանգարանը, 1932 թվականին՝ Ռոմանովների պալատը, 1934 թվականին՝ Նովոդևիչի վանքը։

1928 թվականին թանգարանի աշխատանքները ուղղված են եղել կոմունիստական պրոպագանդայի տարածմանը։ 1930-1940 թվականներին իրականացվել է թանգարանի վերակազմավորման ծրագիր բոլշևիկյան գաղափարախոսությանը համապատասխան։ 1936-1937 թվականներին Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի հետ կապված ցուցանմուշների բացման ժամանակ շատ զարդանկարներ ու սրահների ներքին հարդարանքի մասնիկներ ոչնչացվել են։ 1935 թվականին շենքի աշտարակներից ապամոնտաժվել են երկգլխանի արծիվները, առյուծների հերալդիկ ֆիգուրները և միաեղջյուրները։ 1950 թվականին ճարտարապետ Անդրեյ Բուրնովի նախագծով ձևափոխվել է թանգարանի մի քանի սրահների ճարտարապետական դիզայնը[3]։

1986 թվականին թանգարանը փակվել է հիմնանորոգման նպատակով։ Իրականացվել են տեխնիկական աշխատանքներ թանգարանը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։ 1990 թվականին իրականացվել են շենքի վերականգնման և ներքին հարդարանքների լայնածավալ աշխատանքներ։ Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1997 թվականին և թանգարանի գլխավոր աշտարակների վրա տեղադրվել են երկգլխանի ոսկե արծիվների կրկօրինակները։

Երկգլխանի ոսկե արծիվներ

2003 թվականին ցածր աշտարակների վրա կրկին տեղադրվել են առյուծներն ու միաեղջյուրը[2]։

Աշտարակի առյուծը

ՌԴ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով թանգարանն ընդգրկվել է Ռուսաստանի մշակութային ժառանգության արժեքավոր կառույցների ցանկում։ 1994 թվականին կառավարության որոշմամբ թանգարանն ստացել է կրթական-հետազոտական մշակութային հաստատության կարգավիճակ։ Պետական պատմական թանգարանը դարձել է ՌԴ բոլոր պատմական թանգարանների առաջատար կենտրոնը։

1993 թվականին թանգարանի կազում ընդգրկվել են նաև Լենինի անվան թանգարանը և Մոսկվայի քաղաքային խորհրդի շենքը։

1996 թվականին թանգարանային հավաքածուն կազմված է եղել 4 373 757 ցուցանմուշներից։

2008 թվականին թանգարանի աշխատակազն արժանացել է «Գիտության խորհրդանիշ» մեդալի։

Մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սվյատոսլավի ձեռագրերի ժողովածու
  • Չլուդովի սաղմոսագիրք
  • Մոսկովյան օրենսգիրք II
  • Բլաուի գլոբուս
  • Նապոլեոնի սուրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «История музея» на сайте ГИМ
  2. 2,0 2,1 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. - М.: Стройиздат, 1997. - С. 28-29. - 512 с. - ISBN 5-274-01624-3.
  3. Либсон В. Я., Домшлак М. И., Аренкова Ю. И. и др. Кремль. Китай-город. Центральные площади // Памятники архитектуры Москвы. - М.: Искусство, 1983. - С. 403-404. - 504 с. - 25 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետական պատմական թանգարան» հոդվածին։