Jump to content

Պենելոպե Դելտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենելոպե Դելտա
հուն․՝ Πηνελόπη Δέλτα
Ծնվել էապրիլի 24, 1874(1874-04-24)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանվել էմայիսի 2, 1941(1941-05-02)[1][3] (67 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
Մասնագիտությունգրող, մանկագիր և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Հունաստան
ԱմուսինՍտեֆանոս Դելտաս
Համատեղ ապրողԻոն Դրագումիս
ԶավակներՎիրջինիա Դելտա, Սոֆյա Դելտա և Ալեքսանդրա Դելտա
Изображение автографа
 Penelope Delta Վիքիպահեստում

Պենելոպե Դելտա (հուն․՝ Πηνελόπη Δέλτα, ապրիլի 24, 1874(1874-04-24)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս - մայիսի 2, 1941(1941-05-02)[1][3], Աթենք, Հունաստան), հույն գրող, հունական նոր գրականության առաջին կին գրողներից մեկը, երեխաների համար գրքերի հույն առաջին հեղինակների մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենելոպե Դելտան ծնվել է 1874 թվականին Ալեքսանդրիայում[4]՝ ֆանարիոտ, բամբակի հարուստ վաճառական Էմմանուիլ Բենակիսի և Վիրգինիա Խորեմի ընտանիքում[5]։ Պենելոպեն ընտանիքի վեց երեխաներից երրորդն էր։ Նրանից մեծ էին քույրը՝ Ալեքսանդրան և եղբայրը՝ Անտոնիսը Բենակիսը (վերջինիս Պենելոպեն անմահացրել է իր «Ο Τρελαντώνης» գրքում՝ Թոմ Սոյերի նման հերոսի կերպարում, Անտոնիս Բենակիսը հայտնի է որպես հույն կոլեկցիոներ, Բենակի թանգարանի հիմնադիր), իսկ փոքր էին եղբայրները՝ Կոսնյատին (մահացել է 2 տարեկանում), Ալեքսանդրը և քույրը՝ Արգինան։

Բենակիսների ընտանիքը 1882 թվականին ժամանակավորապես տեղափոխվել է Աթենք։ Այստեղ Պենելոպեն հետագայում ամուսնացել է հարուստ ձեռնարկատեր-ֆանարիոտ Ստեֆանոս Դելտասի հետ։ Նրանք ունեցել են երեք աղջիկ՝ Սոֆիյա Մավրոկորդատոսը, Վիրգինիա Զաննասը և Ալեքսանդրա Պապադոպուլոսը։ Ստեֆանոս Դելտոսը մաթեմատիկոս Կոնստանտին Կարատեոդորիի զարմիկն էր։

Դելտոս ամուսինները 1905 թվականին վերադարձել են Ալեքսանդրիա, որտեղ Պենելոպեն ծանոթացել է Ալեքսանդրիայում Հունաստանի փոխհյուպատոս, գրող և հեղափոխական Իոն Դրագումիսի հետ։ Վերջինս, ինչպես և Պենելոպե Դելտան, գրում էր Մակեդոնիայի համար պայքարի մասին։ Որոշ ժամանակ Պենելոպեի և Դրագումիսի միջև շարունակվել է ռոմանտիկ կապը։ Ամուսնու և նրանց երեխաների նկատմամբ տածած հարգանքից ելնելով՝ Դելտան և Դրագումիսը որոշել են հարաբերությունները դադարեցնել։ Սակայն մինչև 1912 թվականը նրանց կրքոտ նամակագրությունը շարունակվել է, մինչև որ Դրագումիսը սիրահարվել է հույն չափազանց հայտնի դերասանուհի Մարիկա Կոտոպուլիին։ Այդ ժամանակ Պենելոպեն երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։

Ստեղծագործական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Պենելոպե Դելտան տեղափոխվել է Մայնի Ֆրանկֆուրտ (այն ժամանակ Գերմանական կայսրության մի մասը), երբ նրա ամուսինն սկսել է աշխատել Խորեմիս-Բենակիս ընտանեկան ընկերությունում։ 1909 թվականին Ֆրանկֆուրտում լույս է տեսել Դելտայի առաջին՝ «Για την Πατρίδα» (Հանուն հայրենիքի) վեպը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում բյուզանդական դարաշրջանում։ Անճշտություններից խուսափելու համար Դելտան նամակագրություն է սկսել պատմաբան, Բյուզանդական կայսրության հայտնի մասնագետ Գուստավ Շլյումբերգի հետ։ Նրանց մշտական փոխազդեցությունը նյութ է դարձել երկրորդ՝ «Τον Καιρό του Βουλγαροκτόνου» (Բուլղարասպանի օրոք) վեպը գրելու համար[6], որը պատմում է բյուզանդական կայսր Բարսեղ Բ Բուլղարասպանի ղեկավարելու ժամանակաշրջանի մասին[7]։ 1909 թվականին Գուդիում տեղի ունեցած հեղաշրջումը նրան ոգեշնչել է գրելու երրորդ՝ «Παραμύθι χωρίς όνομα» (Անվերնագիր հեքիաթ) վեպը, որը լույս է տեսել 1911 թվականին։

1913 թվականին Պենելոպե Դելտան վերադարձել է Ալեքսանդրիա, իսկ այնուհետև՝ 1916 թվականին, նա բնակություն է հաստատել Աթենքում, որտեղ նրա հայրը՝ Էմմանուիլ Բենակիսն ընտրվել է քաղաքապետ։ Աթենքում գտնվելու ընթացքում նրանք դարձել են Էլեֆթերիոս Վենիզելոսի մտերիմ ընկերները։ Պենելոպեի հայրը քաղաքական ոլորտում համագործակցել է Վենիզելոսի հետ և վերջինիս առաջին կառավարության շրջանում նույնիսկ ծառայել որպես ֆինանսների նախարար։

Տրապիզոնի միտրոպոլիտ, եպիսկոպոս Խրիսանֆի (հետագայում Աթենքի արքեպիսկոպոս) հետ Պենելոպեի երկարատև նամակագրությունը նյութ է դարձել նրա հաջորդ գրքի համար, որը լույս է տեսել 1925 թվականին և նվիրված է Քրիստոսի կյանքին։ Նույն 1925 թվականին նրա մոտ ախտորոշվել է պոլիոմիելիտ։ 1927 թվականին նա սկսել է գրել «Ρωμιοπούλες» եռագրությունը՝ նրբորեն քողարկված ինքնակենսագրությունը, որն ավարտել է միայն 1939 թվականին։ Հիմնված լինելով Աթենքում տեղի ունեցած իրադարձությունների վրա՝ «Զարթոնք» առաջին մասը ներկայացնում է 1895-1907 թվականների դեպքերը, երկրորդ մասը՝ «Տոթ», ներառում է 1907-1909 թվականները, իսկ եզրափակիչ «Մթնշաղ» մասը՝ 1914-1920 թվականները։ Այդ բուռն դարաշրջանի քաղաքական իրադարձությունները ներկայացված են գրողի ապրումների ու փորձի միջոցով. նրա հայրը հազիվ է խուսափել ռոյալիստների կուսակցության կողմից մահապատժի ենթարկվելուց, իսկ Իոն Դրագումիսն սպանվել է Վենիզելոսի խմբավորման կողմից 1920 թվականին։ Դրանից հետո Պենելոպե Դելտան հագել է միայն սև հագուստ։

Միևնույն ժամանակ նա հրատարակել է իր երեք հիմնական գործերը՝ «Ο Τρελαντώνης» (Գիժ Անտոնիսը, 1932), «Ο Μάγκας» (1935), «Τα μυστικά του βάλτου» (Ճահճի գաղտնիքները՝ 1937)մանկական վեպեր։ Վերջինում ներկայացրել է Մակեդոնիայի Յաննիցա քաղաքի մերձակայքում գտնվող լճի և ճահճուտների մոտ տեղի ունեցած հույների և բուլղարացիների միջև ռազմական գործողությունները՝ 20-րդ դարի սկզբին Մակեդոնիայի համար պայքարի ֆոնին։ Պենելոպե Դելտան հիմնականում առաջնորդվել է կապիտան Նիկիֆորոսի (Իոաննիս Դեմեստիխաս)՝ այդ պատերազմի մասին հուշերով և իր օգնական Անտիգոնա Բելլա Տրեպսիադայի (Մակեդոնիայի համար պայքարողներից մեկի դուստրը) հավաքած տեղեկություններով[8]։

Հայտնի է, որ Պենելոպե Դելտան իր թոռներին խստորեն արգելել է իրեն անհանգստացնել, երբ ինքը գրում է, սակայն երեկոները հեքիաթների փոխարեն նրանց համար կարդացել է ցերեկվա գրածները։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի կյանքի վերջին տարիներին հիվանդությունն աստիճանաբար զարգացել է։ Նրա համար սփոփանք էին նրա կորցրած սիրո՝ Իոն Դրագումիսի օրագրերն ու արխիվները, որոնք Պենելոպեին էր փոխանցել նրա ավագ եղբայր Ֆիլիպը։ Նրան հաջողվել է թելադրել Դրագումիսի գրառումների շուրջ 1000 էջ ձեռագիր մեկնաբանություն, նախքան նա որոշել է հեռանալ կյանքից։

Պենելոպե Դելտան ինքնասպանություն է գործել 1941 թվականի ապրիլի 27-ին՝ այն նույն օրը, երբ վերմախտի զորքերը մտել են Աթենք[4]։ Դելտայի խնդրանքով նրան թաղել են Կիֆիսիայի վեհասքանչ առանձնատան այգում։ Նրա ընկեր Խրիսանֆ եպիսկոպոսը, որն այդ ժամանակ դարձել է Աթենքի արքեպիսկոպոս, ղեկավարել է հուղարկավորությունը։ Պենելեպեի գերեզմանին փորագրված է ΣIΩΠH՝ «լռություն» բառը։

Դելտայի առանձնատունը ժառանգել են նրա երեք աղջիկները՝ Սոֆիյան, Վիրգինիան և Ալեքսանդրիան։ Նրանք նաև կառուցել են հյուրատուն, որն իրենց անունների առաջին տառերով անվանել են «Սովիրալ»։ Վիրգինիան ամուսնացել է հույն քաղաքական գործիչ Ալեքսանդրոս Զաննասի հետ։ Նրանց դուստրը՝ Ելենա Զաննասը, հույն քաղաքական գործիչ, «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Ադոնիս Սամարասի մայրն է[9]։ Միևնույն ժամանակ նրանց որդին՝ Պավլոս Զաննասը (1929-1989), եղել է արվեստի ականավոր քննադատ և Մարսել Պրուստի նոր հունարեն թարգմանողը։ 1989 թվականին Ալեքսանդրան՝ Պենելոպե Դելտայի կրտսեր դուստրը, դաստակերտը կտակել է Բենակի թանգարանին։ Ներկայումս Դելտայի տանը գործում է թանգարանի պատմական արխիվը։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հանուն հայրենիքի – Για την Πατρίδα (1909)
  • Բուլղարասպանի օրոք – Τον καιρό του Βουλγαροκτόνου (1911)
  • Անվերնագիր հեքիաթ – Παραμύθι χωρίς όνομα (1911)
  • Հեքիաթներ և ավելին – Παραμύθια και άλλα (1915)
  • Քրիստոսի կյանքը – Η ζωή του Χριστού (1925)
  • Գիժ Անտոնիսը – Ο Τρελαντώνης (1932)
  • Ο Μάγκας (1937, գիրք այդ մականունով շան մասին)
  • Ճահճի գաղտնիքները – Τα μυστικά του βάλτου (1937)
  • Ρωμιοπούλες (1939)
  • Էլեֆտերիոս Վենիզելոս. օրագիր, հուշեր, վկայություններ, նամակագրություններ – Ελευθέριος Κ. Βενιζέλος : ημερολόγιο, αναμνήσεις, μαρτυρίες, αλληλογραφία (1978)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Modern library of Alexandria (BA), Cairo. Bibliotheca Alexandrina News, Conference about Penelope Delta at the BA, at 2009-05-04:[1]
  5. «Biography of Penelope Delta». Benaki Museum. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
  6. By Roderick Beaton (1999). «An introduction to modern Greek literature». Oxford University Press. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  7. Paul Stephenson, The Legend of Basil the Bulgar-Slayer, Cambridge University Press, 2003, page 120
  8. Marii︠a︡ Nikolaeva Todorova. «Balkan identities». C. Hurst & Co. Publishers. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  9. Антонис Самарас — новый лидер греческой партии «Новая демократия»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենելոպե Դելտա» հոդվածին։