Ուսանողի գրադարան
«Ուսանողի գրադարան», Երևանի պետական համալսարանի հրատարակչության մատենաշար։ Լույս է տեսել 1980-1996 թվականներին Երևանում։ Նպատակը Հայաստանի բուհերի ուսումնական ծրագրերում ներառված հայ և օտարազգի (թարգմանաբար) գրողների ստեղծագործությունների տպագրումն էր[1]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է ընծայվել շուրջ 50 անուն գիրք՝ Կորյունի (1980), Մովսես Խորենացու (1981), Ղազար Փարպեցու (1982), Ագաթանգեղոսի (1983), Թովմա Արծրունու (1985), Փավստոս Բուզանդի (1987), Եղիշեի (1989), Մատթեոս Ուռհայեցու (1991), Հովհաննես Դասխուրանցու (1996) երկերը, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1981) վեպը, Եղիշե Չարենցի «Պոեմներ և բանաստեղծություններ» (1984) ժողովածուն, Սայաթ-Նովայի «Խաղերը» (1987), Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի հորդորակ» (1991) աշխատությունը, Խրիմյան Հայրիկի «Երկերը» (1992), Ֆրիդրիխ Շիլլերի «Պատմական դրամաները» (1982), Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» (1983) պոեմը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Իմ կյանքից։ Բանաստեղծություն և ճշմարտություն» (1985) պատմափիլիսոփայական վերլուծությունը, Հոմերոսի «Իլիական» (1987) և «Ոդիսական» (1988) պոեմները, Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» (1990) քերթվածների շարքը, Ուիլյամ Շեքսպիրի «Երկերը» (1991), նաև «Սփյուռքահայ բանաստեղծություն» (1981), «Հին Արևելքի պոեզիա» (1982), «20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծությունը» (1982), «20-րդ դարասկզբի արտասահմանյան դրամատուրգիա» (հհ. 1, 2, 1983, 1986), «Ֆրանսիական կլասիցիզմ» (1982), «Վրացական պոեզիա» (1983), «Ֆրանսիական պոեզիա» (1984), «19-րդ դարի գերմանական նովելներ» (1984), «20-րդ դարասկզբի արտասահմանյան արձակ» (1984), «Սփյուռքահայ պատմվածք» (հհ. 1, 2, 1984, 1988), «Ռուս սովետական պատմվածք» (հհ. 1-2, 1936-1987), «Ամերիկյան պատմվածք» (1989), «Օտարալեզու հայ գրողներ» (1989), «Հին հունական ողբերգություններ» (1990) և այլ ժողովածուներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 1076–1077. ISBN 978-5-89700-042-5.