Ոզնենի կլորագլուխ
Ոզնենի կլորագլուխ | |
Ոզնենի կլորագլուխ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ցեղ | Ոզնագլխիկ (Echinops) |
Տեսակ | Ոզնենի կլորագլուխ (E. sphaerocephalus) |
Միջազգային անվանում | |
Echinops sphaerocephalus |
Ոզնենի կլորագլուխ (լատին․՝ Echinops sphaerocephalus), աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրությամբ հաստ առանցքային արմատով խոտաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի ակոսավոր, սպիտակ, գեղձային ցողուն, փետրաձև, եզրերը փշաատամնավոր տերևներ։ Ծաղկաբույլերը զամբյուղներ են՝ ամպագույն կամ մոխրագույն երանգով։ Բույսը ծաղկում է ամբողջ ամռանը, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ, բազմանում սերմերով, երբեմն էլ՝ արմատամերձ ելունդներով։ Որպես մոլախոտ հանդիպում է Հայաստանի բոլոր գոտիներում, բացառությամբ ցածրադիր գոտու։ Աճում է աղբուտներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, խամահողերում, լեռնալանջերին, արոտավայրերում և այլուր՝ հաճախ տալով ոչ ընդարձակ բուսուտներ։ Հայաստանում աճում է 10 տեսակ, որոնցից շատերն ունեն որոշակի բուժական նշանակություն։
«Էխինոպսը» ծագել է հունական «էխինոս» բառից, որը նշանակում է «ոզնակերպ», իսկ «սֆերոցեֆալուս» նշանակում է գնդագլխիկ, ելնելով այն բանից, որ բույսի պտղագլխիկները գնդաձև են։
Հայկական տարանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փշախնձոր
- Փշակն
- Հզնենի
- Ոզնագլխիկ
- Ոզնածաղիկ
- Ոզնիկ
- Փուշ խնձոր
- Փուշ ծաղիկ
- Քաղցր փուշ
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմերը պարունակում են մինչև 1,5-2% ալկալոիդ էխինոպսին, ինչպես նաև 25-27% ճարպայուղ։ Ոզնենու մյուս մասերում հայտնաբերված է նաև մինչև 110 մգ% C վիտամին։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են միայն սերմերը՝ առանց փուփուլիկների։ Լրիվ հասունացած ոզնագլխիկները հավաքելուց հետո չորացնում են տանիքում կամ վառարանի մեջ, հետո փշրելով, հեռացնում են փուփուլիկները՝ թողնելով միայն սերմիկները։ Ոզնենու փշոտ գլխիկի ներսում կա կաղինի մեծության միջուկ («փշատխիլ»)։ Այդ միջուկը շատ սննդարար ու բուժիչ է։
Չինական բժշկության մեջ կիրառվում է ոզնենու մի տեսակը՝ որպես հեմոստատիկ, արտաքին՝ մաշկային որոշ հիվանդություններ բուժելու նպատակով։ Որոշ ազգերի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ դեղաբույսն օգտագործվել է ավերի և մաշկային որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ միջոց։
Ա.Դ. Տուրովայի և համահեղինակների փորձնական աշխատանքները լայն ուղի բացեցին դեղաբույսի գիտական արժեքավորման գործում։ Հեղինակների տվյալներով, դեղաբույսից ստացված էխինոպսին ալկալոիդը, նիտրատային և սուլֆատային աղերի ձևով, օժտված է ստրիխնինային կամ բրուցինային ներգործությամբ։ Դեղորայքի փոքր դոզաները, մտցնելով գորտի ավշապարկ, հեղինակները նկատեցին կենդանու ընդհանուր գրգռվածությունը, իսկ մեծ դոզաներից սկզբում ուժեղացել է այդ գրգռվածությունը, իսկ հետո փոխարինվել ցնցումներով և արգելակումով։ Նման վիճակ նկատվել է նաև սպիտակ մկների և կատուների մոտ։ Ուշագրավ է եղել փորձերի այն սերիան, որոնք հեղինակները դրել են տրավմատիկ անդամալուծությամբ ճագարների վրա։ Էխինոպսինի ազդեցության տակ բարձրացել է վնասված նյարդի գրգռականությունը. 3-4 շաբաթվա ընթացքում այն վերականգնվել է։ 1957 թ-ին էխինոպսինը՝ նիտրատային աղի ձևով։ Ն.Պ. Դորնիկովան, ներարկման կամ ներքին ընդունման ձևով, էխինոպսինն օգտագործել է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող անձանց մոտ։ Դեղորայքի միանվագ ներարկման («սուր փորձ») պայմաններում հեղինակը նկատել է օսցիլյատոր ինդեքսի մեծացում, մի հանգամանք, որը վկայում է անոթների պատի տոնուսի ճկունության բարձրացման մասին։ 3-4 շաբաթ տևողությամբ, բուժման կուրսն ավարտելուց հետո, հեղինակն արձանագրել է հիվանդների զարկերակային արյան ճնշման կայուն բարձրացում, գլխացավերի, ընդհանուր թուլության, հոգնածության մեղմացում կամ լրիվ վերացում։ Հիվանդներն առույգացել են, քունը և ախորժակը լավացել։
Էխինոպսինի կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև նյարդային հիվանդությունների կլինիկայում։ Այսպես, գոտկասրբանային ռադիկուլիտների և նրբոլոքային նյարդի ախտահարումների ժամանակ հիվանդների մի մասը ստացել է միայն էխինոպսին, իսկ մյուս մասը՝ հանրահայտ ընդհանուր միջոցներ։ Պարզվել է, որ էխինոպսինից նկատվում են ավելի շատ և ավելի շուտ առողջացման դեպքեր։ Դեղամիջոցի կիրառումից հուսալի տվյալներ ստացվել են նաև կողմնային ատրոֆիկ սկլերոզով, պոլիոմիելիտային անդամալուծությամբ, ցրված սկլերոզով, բորբոքական պրոցեսի հետ կապված՝ դիմանյարդի պարեզով և տեսանյարդի ատրոֆիայով տառապող բազմաթիվ հիվանդների մոտ (Գ.Պ. Գուբինա, Տ.Յա. Յանկելևիչ)։ Դեղորայքն արդյունավետ է ներգործել նոր սկսվող պրոցեսի վրա. ուշացած դեպքերում նկատվել է ավելի թույլ արդյունք։ Էխինոպսինը բարձրացնում է ողնուղեղի ռեֆլեկտոր գրգռվածությունը, տոնուսավորում կմախքային մկանները, առաջ բերում օրգանիզմի ընդհանուր ուժերի ակտիվացում։ Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում՝ կենտրոնական և ծայրամասային նյարդերի ախտահարումների (պարեզ, կաթված, պլեքսիտ, ռադիկուլիտ, մկանային ատրոֆիա և այլն), միոպաթիայի, ասթենիկ վիճակի, ռադիոակտիվ ճառագայթումից առաջ եկած հիպոտոնիայի ժամանակ և այլն (Մ.Դ. Մաշկովսկի)։ Ըստ որում՝ պատրաստուկի փոքր դոզաները բարձրացնում, իսկ մեծ դոզաներն իջեցնում են արյան ճնշումը։ Ն.Գ. Կովալևան դեղաբույսի պտուղներն օգտագործում է որպես կարդիոտոնիկ միջոց՝ աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։
Կիրառման եղանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույսը թարմ վիճակում հիմնականում չի կիրառվում։ Էխինոպսիսը բաց է թողնվում դեղատներում ամպուլաներով և սրվակներով։ 0,4% էխինոպսին նիտրատի լուծույթը 1 մլ դոզայով օգտագործվում է ենթամաշկային, իսկ սրվակներով բաց է թողնվում 20 մլ 1 տոկոսանոց լուծույթի ձևով, որը ընդունում են տասական կաթիլ՝ օրական 2-3 անգամ։
Այլ հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տեղերում ոզնենին, մշակովի կանկարի (արտիշոկի) նման, օգտագործում են կերակուրների մեջ, իսկ սերմերն ուտում են հում վիճակում։ Որպես դեկորատիվ այն աճեցնում են զբոսայգիներում և պուրակներում։ Ծաղիկներն արտադրում են 60-75% շաքարայնությամբ նեկտար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնենի կլորագլուխ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնենի կլորագլուխ» հոդվածին։ |
|