Ոգիների տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոգիների տունը
իսպ.՝ La casa de los espíritus
Գրքի հայերեն թարգմանության շապիկ
ՀեղինակԻսաբել Ալյենդե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրmagic realist fiction?
Բնօրինակ լեզուիսպաներեն
Կերպար(ներ)Կլարա դել Վալյե
Ստեղծման տարեթիվ1982
Նկարագրում էՉիլի
Երկիր Չիլի
ՀրատարակիչEditorial Sudamericana
Հրատարակման տարեթիվ1982
ԹարգմանիչՄագդա Բոգին

«Ոգիների տունը» (իսպ.՝ La casa de los espíritus, 1982), Իսաբել Ալյենդեի առաջին վեպը։ Մինչև 1982 թվականին Բարսելոնայում տպագրվելը՝ վեպը մի քանի անգամ մերժվել է իսպանալեզու հրատարակությունների կողմից[1]։ Տպագրվելուց հետո գիրքը դարձել է բեսթսելլեր և Ալյենդեին ճանաչում բերել։ Վեպը եղել է 1982 թվականին Չիլիում ամենաշատ վաճառված գիրքը և ստացել Panorama Literario մրցանակը[2]։

«Ոգիների տունը» թարգմանվել է ավելի քան 37 լեզուներով[3]։ Ալյենդեի մոտ գիրքը գրելու մտահղացումը ծագել է, երբ իմացել է, որ իր հարյուրամյա պապիկը մահանում է։ Իր պապին գրված նամակն էլ դառնում է «Ոգիների տան» սյուժեի հիմքը[4]։ Ալյենդեի վեպը կրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի ազդեցությունը։

Վեպը պատմում է Տրուեբա ընտանիքի սերնդեսերունդ շարունակվող պատմությունը, որն ընթանում է հետգաղութային Չիլիի հասարակական և քաղաքական դեպքերին զուգահեռ։ Վեպը գրված է 2 պրոտագոնիստների տեսանկյուններից (Էստեբան և Ալբա)՝ միահյուսված մոգական ռեալիզմի տարրերի հետ։

Հայերեն թարգմանվել և տպագրվել է 2022 թվականին «Զանգակ» հրատարակչությունում, իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի[5]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն սկսվում է դել Վալյե ընտանիքից՝ կենտրոնանալով ընտանիքի դուստրերի՝ Կլարայի և Ռոսայի վրա։ Կրտսեր դուստրը՝ Կլարա դել Վալյեն, գերբնական ուժեր ունի և իր կյանքի մանրամասներով օրագիր է պահում։ Օգտագործելով իր ուժերը՝ Կլարան կանխատեսում է, որ ընտանիքում պատահական մահ է տեղի ունենալու։ Դրանից կարճ ժամանակ անց Կլարայի քույրը՝ Ռոսա Գեղեցկուհին, սպանվում է իր հոր համար նախատեսված թույնով, որը Սենատի թեկնածու էր։ Կլարան ցնցված ականատես է լինում իր քրոջ դիահերձմանը։

Ռոսայի փեսացուն՝ Էստեբան Տրուեբա անունով աղքատ հանքափորը, փորձում է փարատել վիշտն ու բուժել կոտրված սիրտը՝ նվիրելով իր կյանքը ընտանեկան կալվածքը՝ Լաս Տրես Մարիասը վերականգնելուն, որն անմխիթար վիճակում էր։ Նա գումար է ուղարկում իր ամուրի քրոջը, որը խնամում էր քաղաքում հոդացավ ունեցող մորը։ Սպառնալիքով ու պարգևատրմամբ Էստեբանը հարգանք և աշխատանք է պարտադրում վախկոտ գյուղացիներին` վերածելով Տրես Մարիասը հիասքանչ կալվածքի։

Նա առաջինը ժամանած գյուղացուն` Պեդրո Սեգունդոյին, դարձնում է իր վարպետը, որը դառնում է նրա ամենամտերիմ ընկերը։ Էստեբանը բռնաբարում է գյուղացի կանանց և երեխաներին, և նրա առաջին զոհը՝ այն ժամանակ 15-ամյա Պանչա Գարսիան, դառնում է իր անպիտան որդու՝ Էստեբան Գարսիայի մայրը։ Ամբողջ վեպի ընթացքում նա այցելում է մարմնավաճառ Տրանզիտո Սոտոյին։ Էստեբանի օգնությամբ նա դառնում է քաղաքում հաջողակ հասարակաց տան տիկին, որը միշտ պատրաստ էր հատուցել Էստեբանի բարեհաճությանը։

Էստեբանը վերադառնում է քաղաք՝ տեսնելու մահամերձ մորը։ Նրա մահից հետո Էստեբանը որոշում է կատարել իր մոր ցանկությունը` ամուսնանալ և օրինական երեխաներ ունենալ։ Նա գնում է դել Վալյե ընտանիք՝ խնդրելու Կլարայի ձեռքը։ Կլարան ընդունում է Էստեբանի առաջարկը. նա կանխատեսել էր իր նշանադրությունը երկու ամիս առաջ։ Իրենց նշանադրության ժամանակահատվածում Էստեբանը կառուցում է այն, ինչ անվանում են «անկյունի մեծ տուն», մի մեծ առանձնատուն քաղաքում, որտեղ Տրուեբա ընտանիքը կապրի սերունդներ շարունակ։ Նրանց հարսանիքից հետո Էստեբանի քույրը՝ Ֆերուլան, գալիս է նորապսակների հետ ապրելու անկյունում գտնվող մեծ տանը։ Ֆերուլան ամուր նվիրվածություն է զգում Կլարայի հանդեպ` բավարարելով ուրիշներին ծառայելու կարիքը։ Այնուամենայնիվ, Կլարային տիրելու և նրա սերը մենաշնորհելու Էստեբանի կատաղի ցանկությունը ստիպում է նրան դուրս շպրտել Ֆերուլային տնից։ Ֆերուլան անիծում է նրան՝ ասելով, որ նա մարմնով և հոգով կփոքրանա ու կմեռնի շան պես։ Չնայած Կլարան կարոտում է Ֆերուլային, ոչ մի կերպ չի կարողանում գտնել նրան։ Անուսինների միջև անդունդն ավելի է մեծանում, քանի որ Կլարան իր ողջ ժամանակը հատկացնում է դստերը և միստիկ արվեստին։

Կլարան ունենում է Բլանկա անունով դուստր, իսկ ավելի ուշ՝ երկվորյակ տղաներ Խայմեսին և Նիկոլասին։ Մայրաքաղաքում բնակվող ընտանիքը ամառվա ընթացքում մնում է կալվածքում։ Առաջին անգամ Տրես Մարիաս ժամանելով՝ Բլանկան անմիջապես ընկերանում է Պեդրո Տերսերո անունով երիտասարդ տղայի հետ, որն իր հոր վարպետի որդին էր։ Բլանկան և Պեդրոն միասին մեծանում են որպես լավագույն ընկերներ, չնայած նրանք երկու տարբեր սոցիալական և տնտեսական դասերի էին պատկանում։ Իրենց պատանեկության տարիներին Բլանկան և Պեդրո Տերսերոն ի վերջո սիրահարներ են դառնում։ Երկրաշարժից հետո, որն ավերում է կալվածքի մի մասը` վնասելով Էստեբանին, Տրուեբա ընտանիքը տեղափոխվում է Լաս Տրես Մարիաս։ Կլարան իր ժամանակն անցկացնում է դասավանդելով, ամուսնու վնասված մարմինը խնամելով և օրագրերում գրելով, մինչդեռ Բլանկային ուղարկում են մենաստանի դպրոց, իսկ երկվորյակ տղաները վերադառնում են անգլիական գիշերօթիկ դպրոց, որը գտնվում էր քաղաքում։ Բլանկան կեղծում է իր հիվանդանլը, որպեսզի հետ ուղարկեն Լաս Տրես Մարիաս, որտեղ նա կարող էր լինել Պեդրո Տերսերոյի հետ։ Բայց երբ հասնում է տուն, տեսնում է, որ Էստեբանը Պեդրո Տերսերոյին արտաքսել է գաղութ իր հեղափոխական սոցիալիստական գաղափարների պատճառով։ Պեդրո Տերսերոն գաղտնի հանդիպում է Բլանկայի հետ՝ միևնույն ժամանակ հարևան կալվածքներում երգելով տարածում իր գաղափարները։

Կալվածք այցելող ֆրանսիացի կոմս Ժան դե Սատինին Էստեբանին պատմում է Բլանկայի և Պեդրո Տերսերոյի գիշերային զբոսանքների մասին։ Էստեբանը բարկացած գնում է դստեր հետևից և դաժանորեն մտրակում նրան։ Երբ Կլարան զայրանում է նրա սարսափելի արարքի վրա, Էստեբանը ապտակում է նրան՝ ջարդելով կնոջ առջևի ատամները։ Կլարան որոշում է այլևս երբեք չխոսել ամուսնու հետ, վերադարձնում է իր օրիորդական անունը և հեռանում Տրես Մարիասից։ Նա վերադառնում է քաղաք՝ իր հետ տանելով Բլանկային։ Էստեբանը, կատաղած և միայնակ, կատարվածի համար մեղադրում է Պեդրո Տերսերոյին։ Տեղի կոռումպացված ոստիկանների հետ միասին տղայի գլխի համար գին են սահմանում։ Այս պատճառով Պեդրո Սեգունդոն լքում է Էստեբանին, ասելով նրան, որ չի ցանկանում այդեղ լինել, երբ Տրուեբան բռնի իր որդուն։ Պեդրո Սեգունդոյի հեռանալուց զայրացած՝ Տրուեբան սկսում է ինքը հետապնդել Պեդրո Տերսերոյին և ի վերջո նրան գտնում է կալվածքի մոտ գտնվող մի փոքրիկ խրճիթում։ Անզուսպ կատաղության զղջումով` նրան հաջողվում է կտրել Պեդրոյի մատներից միայն երեքը։

Բլանկան հասկանում է, որ իր մեջ կրում է Պեդրո Տերսերոյի երեխային։ Էստեբանը, որը հուսահատ ցանկանում է փրկել ընտանիքի պատիվը, Բլանկային ստիպում է ամուսնանալ ֆրանսիացի կոմսի հետ՝ ասելով նրան, որ սպանել է Պեդրո Տերսերոյին։ Բլանկան սկզբում հաշտվում է իր նոր ամուսնու հետ, բայց շուտով լքում է նրան, երբ հայտնաբերում է կոմսի մասնակցությունը ծառաների հետ սեռական հարաբերություններին։ Բլանկան հանգիստ վերադառնում է Տրուեբա ընտանիք և լույս աշխարհ է գալիս նրա աղջիկը՝ Ալբան։ Միևնույն ժամանակ, Խայմեսը և Նիկոլասը սիրահարվում են թմրամոլ Ամանդա անունով մի երիտասարդ աղջկա։ Ամանդան ի սկզբանե սիրում է Նիկոլասին և հղիանում նրանից։ Խայմեսը ստիպված է լինում վիժեցում կազմակերպել՝ փչացնելով իր հարաբերությունները Նիկոլասի հետ։ Ամանդան և նրա փոքր եղբայրը՝ Միգելը, կարճ ժամանակով մնում են Տրուեբաների տանը։ Միգելը ականատես Է լինում Ալբայի ծնունդին։

Էստեբան Տրուեբան ի վերջո տեղափոխվում է մայրաքաղաքի տուն, չնայած նա շարունակում է որոշ ժամանակ անցկացնել Տրես Մարիասում։ Նա առանձնանում է իր ընտանիքի բոլոր անդամներից, բացառությամբ փոքրիկ Ալբայի, որին նա շատ է սիրում։ Էստեբանը առաջադրվում է Պահպանողական կուսակցության սենատոր, բայց վստահ չէ, թե արդյոք կհաղթի։ Կլարան խոսում է նրա հետ նշանների միջոցով՝ տեղեկացնելով, որ նրանք, ովքեր միշտ հաղթել են, նորից կհաղթեն, սա դառնում է նրա կարգախոսը։ Մի քանի տարի անց Կլարան խաղաղությամբ մահանում է, իսկ Էստեբանը համակվում է վշտով։

Ալբան միայնակ երեխա է, որը սիրում է տան նկուղում խաղալ և նկարել իր սենյակի պատերին։ Բլանկան Ժան դե Սատինիի տնից հեռանալուց հետո աղքատանում է և փոքր եկամուտ էր ստանում կավեղենի վաճառքից ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին խեցեգործության դասեր տալուց։ Նա կրկին հանդիպում է Պեդրո Տերսերոյի հետ, որն այժմ հեղափոխական երգիչ և երգահան է։ Ալբան և Պեդրոն սիրում են միմյանց, բայց չգիտեն, որ հայր և դուստր են, չնայած Պեդրոն կասկածում է։ Ալբան սիրում է նաև իր հորեղբայրներին։ Նիկոլասին, ի վերջո, վռնդում է իր հայրը, և նա ենթադրաբար տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա։

Արդեն պատանի հասակում Ալբան հաճախում է տեղի քոլեջ, որտեղ հանդիպում է Միգելին, որն արդեն հասուն մարդ է, և դառնում նրա սիրեկանը։ Միգելը հեղափոխական է, և նրա հանդեպ սիրուց ելնելով Ալբան իրեն ներգրավվում է պահպանողական կառավարության դեմ ուղղված ուսանողների բողոքի ակցիաներին։ Ժողովրդական կուսակցության (սոցիալիստական շարժում) հաղթանակը Ալբան տոնում է Միգելի հետ։

Վախենալով կոմունիստական բռնապետությունից՝ Էստեբան Տրուեբան և նրա գործընկեր քաղաքական գործիչները ծրագրում են սոցիալիստական կառավարության ռազմական հեղաշրջում։ Այնուամենայնիվ, երբ ռազմական հեղաշրջումը գործի է դրվում, զինվորականները ճաշակում են իրենց ուժը և դառնում անվերահսկելի։ Էստեբանի որդին՝ Խայմեսը, սպանվում է իշխանության զինվորների կողմից՝ կառավարության մյուս կողմնակիցների հետ միասին։ Հեղաշրջումից հետո մարդկանց պարբերաբար առևանգում և խոշտանգում են։ Էստեբանն օգնում է Բլանկային և Պեդրո Տերսերոյին փախչել Կանադա, որտեղ ամուսինները վերջապես գտնում են իրենց երջանկությունը։

Ռազմական ռեժիմը փորձում է վերացնել ընդդիմության բոլոր հետքերը և ի վերջո հասնում Ալբային։ Նա դառնում է գնդապետ Էստեբան Գարսիայի գերին՝ Էստեբան Տրուեբայի և Պանչա Գարսիայի անօրինական որդու, հետևաբար Էստեբան Տրուեբայի թոռան։ Ավելի վաղ Տրուեբաների տուն այցելության ժամանակ Գարսիան բռնաբարել էր Ալբային մանուկ հասակում։ Ալբայի արտոնյալ կյանքի և հնարավոր ժառանգության հանդեպ մաքուր ատելությամբ Գարսիան բազմիցս տանջում է Ալբային՝ փնտրելով տեղեկություններ Միգելի մասին։ Նա բռնաբարում է նրան՝ այդպիսով ավարտելով այն ցիկլը, որը Էստեբան Տրուեբան շարժման մեջ էր դրել, երբ բռնաբարել էր Պանչա Գարսիային։ Երբ Ալբան կորցնում է ապրելու կամքը, նրան այցելում է Կլարայի ոգին, որն ասում է նրան, որ մահ չցանկանա, քանի որ այն հեշտությամբ կարող է գալ. պետք է ապրել։ Նա սկսում է մտքում գրել իր ընտանիքի պատմությունը։

Գարսիան, վախենալով Ալբայի հետ իր կապվածությունից, վռնդում է նրան։ Էստեբան Տրուեբային հաջողվում է ազատել Ալբային` Միգելի և Տրանզիտո Սոտոյի՝ իր վաղեմի ընկերոջ և հասարակաց տան տիկնոջ օգնությամբ։ Էստեբանը Ալբային օգնում է գրել իրենց հուշերը, և կարճ ժամանակ անց մահանում Ալբայի գրկում՝ Կլարայի ոգու ուղեկցությամբ. նա ժպտում է՝ խուսափելով Ֆերուլայի այն մարգարեությունից, թե ինքը շան պես կմեռնի։ Ալբան հղի է, թեև պարզ չէ երեխան Միգելի՞նն է, թե՞ բռնաբարության արդյունք։ Ալբան ընդունում է այս երկիմաստությունը՝ սիրելով իր չծնված երեխային, քանզի ամենից առաջ երեխան իրենն է։ Ալբան որոշում է, որ ինքը վրեժխնդիր չի լինի նրանցից, ովքեր վիրավորել են իրեն՝ ապրելով այն հույսով, որ մի օր ատելության և վրեժխնդրության մարդկային շրջապտույտը կկտրվի։ Պարզվում է, որ Ալբան վեպի պատմողն է, որը նա գրում է՝ սպասելով Միգելին և իր երեխայի ծննդյանը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարների որոշ անուններ նշանակալից են, մասնավորապես՝ կանանց անունները, որոնք հաճախ ցույց են տալիս նրանց անհատականությունները։ Նիվեա, Կլարա, Բլանկա և Ալբա անունները քիչ թե շատ հոմանիշներ են, և դա նշվում է որպես ընտանեկան ավանդույթ։ Նիվեա նշանակում է «ձյունաճերմակ», և կարող է թարգմանվել նաև որպես «սպիտակ», ինչպես մյուս բոլոր անունները, թեև դրանք ունեն հատուկ նշանակություն։

  • Կլարա դել Վալյե Տրուեբա. Կլարան (անվան թարգմանություններից մեկը համարժեք է անգլերեն «clear» բառին, թեև այն նաև կանացի սովորական անուն է) վեպի գլխավոր կին կերպարն է։ Նա պայծառատես է, որը հազվադեպ է ուշադրություն դարձնում կենցաղային գործերին, բայց պահում է իր ընտանիքը բոլորի հանդեպ իր սիրով և անսովոր կանխատեսումներով։ Նա Սևերոյի և Նիվեա դել Վալյեի կրտսեր դուստրն է՝ Էստեբան Տրուեբայի կինը և Բլանկայի, Խայմեսի ու Նիկոլասի մայրը։ Նույնիսկ մանկության տարիներին նրա տարօրինակությունը դիտվում է որպես սպառնալիք իր համայնքում շատերի համար։ Միևնույն ժամանակ ընտանիքն ու նվիրյալ Նանան պաշտպանում են նրան տարօրինակություններից։ Նա և իր հորեղբայր Մարկոսը օգտագործում են իր ուժերը և զարգացնում այլ գերբնական ունակություններ` օրինակ երազահանությունը։
  • Էստեբան Տրուեբա. Էստեբան Տրուեբան վեպի գլխավոր տղամարդ կերպարն է և իր թոռնուհու՝ Ալբայի հետ միասին պատմվածքի պատմողն է։ Իր պատանեկության տարիներին նա սիրահարվում է ջրահարսի նման կանաչ մազերով Ռոսա Գեղեցկուհուն՝ Սևերոյի և Նիվեա դել Վալյեի դստերը, տանջվելով հանքերում՝ համապատասխան հարստություն վաստակելու համար, որպեսզի կարողանա նեցուկ լինել նրան։ Սակայն Ռոսան մահանում է պատահական թունավորումից, երբ Էստեբանը աշխատում էր հանքերում` ճակատագրի դաժան հարված, որը կարծրացնում է Էստեբանի սիրտը։ Նա ջանասիրաբար աշխատում է իր կալվածքը բարվոքելու համար Տրես Մարիասում, և գայթակղում ու բռնաբարում է տեղի բազմաթիվ գյուղացի կանանց՝ ունենալով բազմաթիվ ապօրինի երեխաներ, այդ թվում՝ Էստեբան Գարսիային (Պանդրո Սեգունդոյի քրոջ՝ Պանչա Գարսիայից)։ Թեև նա ի վերջո ամուսնանում է Կլարայի (Ռոսայի քրոջ և Դել Վալյեի կրտսեր դստեր) հետ և մեծ ընտանիք է կազմում, Էստեբանի համառ և բռնի վարքագիծը օտարացնում է նրան շրջապատից։ Էստեբանը լարված հարաբերություններ ունի դստեր՝ Բլանկայի հետ, սակայն անկեղծ սեր և նվիրվածություն է ցուցաբերում իր թոռնուհուն՝ Ալբային։
  • Բլանկա Տրուեբա. Բլանկան (բառացի՝ «սպիտակ») Կլարայի և Էստեբանի առաջնեկ դուստրն է։ Նա իր մանկությունն անցկացնում է մայրաքաղաքում գտնվող Տրուեբաների տանը և Տրես Մարիասում, որտեղ նա կապվում է Պեդրո Տերսերո Գարսիա անունով տղայի հետ, որը Էստեբանի վարպետի որդին է։ Նրանց ընկերությունը հարատևում է, չնայած միմյանց տեսնում են միայն ամռանը, իսկ դեռահասության տարիքում նրանք դառնում են սիրահարներ։ Նրանց սերը պահպանվում է նույնիսկ այն բանից հետո, երբ Պեդրոյին Էստեբանը դուրս է վռնդում է կալվածքից, քանի որ նա կոմունիստական գաղափարներ է տարածում մյուս աշխատողների մոտ։ Այն բանից հետո, երբ նա հղիանում է Պեդրո Տերսերոյի երեխայով, հայրը ստիպում է նրան ամուսնանալ կոմս Ժան դե Սատինիի հետ, որին նա չի սիրում։ Այն բանից հետո, երբ Բլանկան թողնում է կոմսին և վերադառնում Տրուեբաների տուն, նա երբեմն տեսնում է Պեդրոյին՝ ընդդիմանալով նրա ամուսնանալ համոզելու փորձերին։ Սակայն նրանց հարաբերությունները շարունակվում են։ Բլանկայի հաշտությունը հոր հետ ի վերջո թույլ է տալիս նրան փախչել Կանադա Պեդրոյի հետ, և նրանք վերջապես կարող են միասին հասնել երջանկության։ Բլանկան նաև առաջին անգամ կարողանում է մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով իր կավե արձանիկները, որոնք կանադացիները համարում են ժողովրդական արվեստ։
  • Պեդրո Տերսերո Գարսիա. Պեդրոն Տրես Մարիասի վարձակալի և վարպետ Պեդրո Սեգունդո Գարսիայի որդին է։ Երիտասարդ տարիքում նա սիրահարվում է Բլանկային և նրա միակ երեխայի՝ Ալբայի հայրն է։ Պատանեկության տարիներին նա սոցիալիստական իդեալներ է տարածում կալվածքի բանվորների մոտ, իսկ ավելի ուշ դառնում է հեղափոխական և երգահան (նրա կերպարը կարող է ձևավորված լինել հեղափոխական երգահան Վիկտոր Յարայի օրինակով)։ Իր երկրում պետական հեղաշրջումից հետո նա և Բլանկան Էստեբանի օգնությամբ աքսորվում են Կանադա։ Նշվում է, որ նա վերսկսում է իր քաղաքական խաչակրաց արշավանքը Կանադայում։
  • Ալբա Տրուեբա դե Սատինի. Ալբան (իսպաներեն՝ «արշալույս», լատիներեն՝ «սպիտակ») Բլանկայի և Պեդրո Տերսերո Գարսիայի դուստրն է, թեև իր կյանքի ընթացքում հավատացնում էին, որ կոմս դե Սատինին իր հայրն է։ Ծնվելուց առաջ Ալբայի տատիկը՝ Կլարան, հրամայեց, որ աստղերը նրան օրհնեն։ Այդ պատճառով ըստ Կլարայի՝ նա դպրոց գնալու կարիք չուներ։ Արդյունքում Ալբան մեծացավ տանը մինչև յոթ տարեկանը։ Վեպն ավարտվում է Էստեբանի մահով, և Ալբան մենակ նստում է Տրուեբա հսկայական առանձնատանը նրա մարմնի կողքին։ Վերջին պարբերությունը բացահայտում է, որ նա հղի է, թեև չգիտի (կամ չի հետաքրքրում) արդյոք երեխան Միգելի՞նն է, թե՞ այն բռնաբարությունների արդյունքը, որին նա ենթարկվել է անվտանգության ոստիկանների կողմից իր բանտարկության ընթացքում։
  • Սևերո և Նիվեա դել Վալյե. Սևերոն (բառացի՝ «դաժան») և Նիվեան («ձյունոտ») Ռոսայի, Կլարայի և մի քանի այլ երեխաների ծնողներն են։ Սևերոյի թեկնածությունը Չիլիի լիբերալ կուսակցության համար անմիջապես ավարտվեց այն բանից հետո, երբ ինչ որ մեկը փորձեց թունավորել նրան, բայց փոխարենը սպանեց նրա դստերը՝ Ռոսային։ Նիվեան, այնուամենայնիվ, դարձավ կանանց ազատագրության նշանավոր հասարակական ակտիվիստ։ Զույգը մահանում է սարսափելի ավտովթարի հետևանքով։
  • Լա Նանա. իր ողջ կյանքում ծառայելով դել Վալյե և Տրուեբա ընտանիքներին՝ Նանան մտերիմ է բոլոր այն երեխաների հետ, որոնց խնամել է, հատկապես՝ Կլարայի։ Նա նույնիսկ խնամում է Կլարայի երեխաներին Սևերոյի և Նիվեայի մահից հետո։ Նանան մահանում է երկրաշարժից և թաղվում առանց ավելորդությունների։ Ավելի ուշ նրա մարմինը տեղափոխվում է դամբարան՝ Կլարայի և Ռոսայի մարմինների հետ միասին։
  • Ռոսա դել Վալյե. Սևերոյի և Նիվեայի ավագ դուստրը՝ Ռոսան ծնվում է կանաչ մազերով և զարմանալի գեղեցկությամբ։ Նրա ոչ երկրային գեղեցկությունը վախեցնում է գյուղում բոլորին, բացի Էստեբան Տրուեբայից, որը խորապես հիացած է նրանով և փնտրում է ճանապարհ Ռոսայի հետ լինելու համար։ Ռոսան համբերատար սպասում է, մինչ Էստեբանը կամաց-կամաց հարստություն է կուտակում՝ աշխատելով հանքերում, որպեսզի իրեն արժանի համարի Ռոսային։ Էստեբանը վերադառնում է՝ պարզելով, որ Ռոսան մահացել է իր հոր համար նախատեսված թույնից։ Թեև երբեք իսկապես չմոռանալով Ռոսային, Էստեբանն ամուսնանում է Ռոսայի քրոջ՝ Կլարայի հետ։
  • Խայմես Տրուեբա. Խայմեսը Կլարա և Էստեբան Տրուեբաների որդին է։ Ամաչկոտ, գրքասեր և կարեկցող բժիշկ, որը բուժում է աղքատներին, նա հակադրվում է իր երկվորյակ եղբորը՝ Նիկոլասին և նենգ հորը։ Խայմեսը միշտ լարված հարաբերություններ է ունեցել հոր հետ, հատկապես հաշվի առնելով իր հեղափոխական գաղափարները։ Խայմեսը նաև լավ ընկեր է դառնում Ալբայի համար, որին նա վերաբերվում է որպես քրոջ։ Հեղաշրջման ժամանակ նրան կանչում են նախագահական պալատ և սպանում այն բանի համար, որ նա հրաժարվում է հայտարարել, որ նախագահը հարբած վիճակում ինքնասպան է եղել։ Էստեբանը չի հավատում դրան, քանի դեռ Խայմեսի հոգին չի հայտնվում Կլարային՝ ցույց տալով նրան, թե ինչպես է իրեն սպանել իշխանությունը։ Խայմեսի նախատիպը հավանաբար Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի անձնական բժիշկ Արտուրո Ժիրոնն է։

Հրատարակումների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La casa de los espíritus (Բարսելոնա, Plaza & Janés, 1982) առաջին հրատարակություն 84-01-38011-1
  • The House of The Spirits (Ուեսթմինսթեր, Մերիլենդ, Knopf, 1985 ապրիլի 12) առաջին անգլալեզու հրատարակություն, թարգմանիչ՝ Մագդա Բոգին 0-394-53907-9
  • The House of The Spirits (Լոնդոն, Jonathan Cape, 1985 հուլիսի 4) Մեծ Բրիտանիայում առաջին հրատարակություն, թարգմանիչ՝ Մագդա Բոգին 0-224-02231-8
  • The House of The Spirits (Նյու Յորք, Bantam, 1986) ԱՄՆ-ում առաջին բարակ կազմով հրատարակություն, թարգմանիչ՝ Մագդա Բոգին 0-553-27391-4
  • The House of The Spirits (Լոնդոն, Black Swan, 1986) Մեծ Բրիտանիայում առաջին բարակ կազմով հրատարակություն, թարգմանիչ՝ Մագդա Բոգին 0-552-99198-8
  • Ոգիների տունը (Երևան, Զանգակ, 2022) հայերեն առաջին հրատարակություն 978-9939-68-977-7

Կինոյի և թատերական ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին գիրքը ադապտացվել է դանիացի ռեժիսոր Բիլ Օգյուստի ֆիլմում` The House of the Spirits անվանմամբ։ Ֆիլմում նկարահանվել են Ջերեմի Այրոնսը՝ Էստեբան Տրուեբայի դերում, Մերիլ Սթրիփը՝ Կլարա դել Վալյե Տրուեբայի դերում, Վայնոնա Ռայդերը՝ Բլանկա Տրուեբայի դերում, Գլեն Քլոուզը՝ Ֆերուլա Տրուեբայի դերում և Անտոնիո Բանդերասը՝ Պեդրո Տերսերո Գարսիայի դերում[6]։

Վեպի թատերական ադապտացիան ներկայացվել է Seattle's Book-It Repertory թատրոնում 2007 թվականին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Isabel Allende
  2. «Fairfield University : Award-winning author Isabel Allende to speak at Fairfield University». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  3. Isabel Allende
  4. Isabel Allende
  5. «Ոգիների տունը». zangak.am.
  6. "The House of the Spirits," Rotten Tomatoes. Retrieved Oct. 12, 2020.
  7. «Arts & Entertainment - This old "House" opened a lot of doors for Isabel Allende». Seattletimes.nwsource.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. «Book-It Repertory Theatre». Book-It Repertory Theatre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]