Շոտոկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շոտոկան կարատեից)
Շոտոկան
ճապ.՝ 松濤館
Изображение логотипа
Ծագման երկիրՃապոնիա Ճապոնիա
Ծագման ժամանակ1936 թվական
ՍտեղծողԳիչին Ֆունակոշի
ՆախորդողՍյորեյ-ռյու, Սյորին-ռյու
ՀաջորդողՎադո կայի, Շոտոկայ, Տիտո-ռյու, Յոսեյկան կարատե, Կյոկուսինկայ

Շոտոկան (ճապ.՝ 松濤館, բառացի՝ «ճոճվող սոճիների տուն» կամ «Սոճու և ծովի սրահ»), ճապոնական կարատեի ոճերից մեկը, որը հիմնադրել է Գիչին Ֆունակոշին (1868-1957) և հետագայում զարգացվել նրա որդու՝ Ֆունակոշի Յոսիտակայի (1906-1945) կողմից։ Գիչին Ֆունակոշին ծնվել է Օկինավայում[1] մեծ ներդրում ունի կարատե դոյի ժողովրդականացման գործում. նա կազմակերպել է ցուցադրական ելույթներ, ինչպես նաև աջակցել է համալսարաններում կարատեի ակումբների բացմանը Կեյոյում, Վասեդայում, Հիտոցուբասիում, Տոկուշոկուում, Չուոյում, Գակուսյուինում, Հոսեյում[2]։ Ֆունակոշին բազմաթիվ աշակերտներ ուներ ինչպես համալսարանական ակումբներում, այնպես էլ դոջոներից դուրս, ովքեր շարունակել են կարատե պարապել Ֆունակոշիի մահից հետո։ Սակայն ներքին տարաձայնությունները (մասնավորապես այն պատկերացումը, թե մրցակցությունը հակասում է կարատեի գաղափարախոսությանը) հանգեցրին տարբեր կազմակերպությունների հիմնադրմանը, ներառյալ առաջին բաժանումը Ճապոնական կարատեի ասոցիացիան (որ ղեկավարում էր Մասատոշի Նակայաման) ու Շոտոկայի (որ ղեկավարում էին Մոտոնոբու Հիրոնիշին ու Շիգերու Էգամին), որոնց հետևեցին ուրիշները, ինչի հետևանքով ներկայում չկա Շոտոկանի միասնական դպրոց, չնայած դրանք բոլորը կրում են Ֆունակոշիի ազդեցությունը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտոկան է կոչվել առաջին պաշտոնական դոջոն, որ հիմնադրվել է Գիչին Ֆունակոշիի կողմից 1936 թվականին[3] Մեջիրոյում և ավերվել 1945 թվականին դաշնակից ուժերի ռմբակոծման հետևանքով[4]։ Շոտոն (松濤, Shōtō), որ նշանակում է «սոճու տարուբերում» (սոճու փշերի տատանում, երբ քամին անցնում է նրանց միջով), եղել է Ֆունակոշիի գրական կեղծանունը[5], որ նա օգտագործում էր իր քնարական ու փիլիսոփայական ստեղծագործություններում և իր աշակերտներին ուղղված ուղերձներում։ Ճապոներեն «կան» (館) նշանակում է «տուն» կամ «սրահ»։ Իրենց Սենսեյի պատվին Ֆունակոշիի աշակերտներն ստեղծել են նշան, որ կարդացվում է շոտո-կան. այդ նշանը նրանք տեղադրել են այն սրահի մուտքի վերևում, որտեղ դասավանդում էր Ֆունակոշին[5]։ Գիչին Ֆունակոշին երբեք անուն չի տվել իր ոճին, այլ այն պարզապես կոչել է կարատե։

Հիմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտոկանի ուսուցումը սովորաբար բաժանվում է երեք մասի՝ կիհոն (հիմունքներ), կատա (շարժումների ձևեր) և կումիտե (սպարինգ)։ Կիհոնի ու կատայի տեխնիկան բնութագրվում է երկարատև դիրքերով, որ զարգացնում են դիմացկունությունը, թույլ են տալիս կատարել հզոր շարժումներ և ամրացնում են ոտքերը։ Շոտոկանը համարվում է դինամիկ մարտարվեստ, քանի որ այն զարգացում է անաերոբ, հզոր տեխնիկա, ինչպես նաև արագություն։ Սկզբում ուժն ու հզորությունը ցուցադրվում են դանդաղ, ավելի սահուն շարժումների փոխարեն։ Նրանք, ովքեր ստանում են դարչնագույն կամ սև գոտի, զարգացնում են ավելի սահուն ոճ, որ ներառում է բռնում, նետում և կանգնած ջիու-ջիտսուի նման տեխնիկա, որ կարելի է գտնել նաև կատայի հիմքում[6]։ Կումիտեի (մարտական) տեխնիկաները գործնականում կիրառվում են կիհոնում ու կատայում և զարգացվում հակառակորդի հետ։

Փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին ձևակերպել է «Կարատեի քսան սկզբունքները»[7](կան «Նիջու կուն»[8]), որոնք ներկայացրել են մարտարվեստի հիմունքները նախքան նրա մի քանի աշակերտներ կբացեին Ճապոնական կարատեի ասոցիացիան։ Այս քսան սկզբունքները հիմնված են Բուշիդոյի ու Զենի վրա և ներկայացնում են Շոտոկանի հիմնական փիլիսոփայությունը։ Սկզբունքները պատվիրում են ցուցաբերել համեստություն, հարգանք, կարեկցություն և ներքին ու արտաքին հանգստություն։ Ֆունակոշին հավատացած էր, որ կարատե պարապելն ու այդ քսան սկզբունքներին հետևելը մարդուն կօգնի զարգացնել իր անհատականությունը[5]։

Դոջո կունը ներկայացնում է հինգ կանոններ, որոնք վերաբերում են դոջոյում պարապելուն։ Դրանք են՝ ձգտել կատարելագործել բնավորությունը, լինել հավատարիմ, ջանալ գերազանցել, հարգել ուրիշներին, զերծ մնալ բռնությունից։ Այս կանոնները կոչվել են Կարաեի հինգ սկզբունքներ[9]։ Դոջո կունը սովորաբար գրվում է դոջոյի պատին, և որոշ շոտոկան ակումբներում այն կարդում են ամեն պարապմունքի սկզբում ու վերջում, որպեսզի ապահովեն մոտիվացիա հետագա պարապմունքների համար։

Գիչին Ֆունակոշին նաև գրել է. «Կարատեի վերջնական նպատակը հաղթանակը կամ պարտությունը չէ, այլ մասնակցի բնավորության կատարելագործումը»[5]։

Գոտիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 20-ական թվականներին Գիչին Ֆունակոշին վերցրել է ձյուդոյի հիմնադիր Կանո Ձիգորոյի ստեղծած գոտիների համակարգը[10] աշակերտների ու վարպետների համար (կյու և դան)։ Այդ համակարգում գործածվում են տարբեր գույնի գոտիներ, որոնք նշանակում են տվյալ մարտարվեստով զբաղվողի վարպետության աստիճանը։ Նախապես կարատեում գոտիները երեք գույնի էին (ինչպես ներկայում էլ ընդունված է ձյուդոյի գոտիների ճապոնական համակարգում).

  • 8-րդից 4-րդ կյու - սպիտակ
  • 3-րդից 1-ին կյու - դարչնագույն
  • 1-ին դան և բարձր - սև

Առաջին անգամ Ֆունակոշին 1-ին դան գոտի տվել է (初段; շոդան) Տոկուդային, Հիրոնորի Օձուկային, Ակիբային, Սիմիշուին, Մակոտա Գիմային ու Շինյո Կասույային 1924 թվականի ապրիլի 10-ին։

Ներկայում տարբեր դպրոցներ օգտագործում են գոտիների աստիճանավորման տարբեր համակարգեր։ Առավել տարածված է Ճապոնական կարատեի ասոցիացիայի ու Շոտոկանի միջազգային միությունների մեծ մասի կողմից օգտագործվող հետևյալ համակարգը.

  • 9-րդ կյու – սպիտակ
  • 8-րդ կյու – դեղին
  • 7-րդ կյու – նարնջագույն
  • 6-րդ կյու – կանաչ
  • 5-րդ կյու – բաց կապույտ
  • 4-րդ կյու – կապույտ
  • 3-րդ կյու – բաց դարչնագույն
  • 2-րդ կյու – դարչնագույն
  • 1-ին կյու – մուգ դարչնագույն
  • 1-ի դան և բարձր – սև

Սև գոտին անվանական է. նրա վրա ասեղնագործված է տիրոջ անունն ու դանը։ Սև գոտու պատրաստման տեխնոլոգիան տարբերվում է գունավորների ստեղծման տեխնոլոգիայից։ Գունավոր գոտիները փոխվում են, այնինչ սևը մնում է ամբողջ կյանքում, այդ պատճառով էլ այն կարվում է շատ հաստ ու ամուր։ Գունավոր գոտիները պատրաստվում են ներկած կտորից, այնինչ սևը չի ներկվում։ Նրա հիմքում սպիտակ կտոր է, որը պատված է սև բարակ կտորով։ Պարապմունքների ընթացքում սև կտորն աստիճանաբար պատռվում է, և հաճախ կարելի է տեսնել, որ սև գոտի ունեցող վարպետների գոտիները սպիտակ են, որից կախված են սև կտորի ծվեններ։ Ընդունված է համարել, որ երբ սև կտորն ամբողջությամբ պատռվում է, ու մնում է միայն սպիտակը, ուրեմն մարդը հասել է վարպետության բարձրակետին։

Կիհոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիհոն (基本, きほん) ճապոներեն բառ է, որ նշանակում է հիմքեր, հիմունքներ։ Կիհոնը Շոտոկան կարատեի բազային տեխնիկան է։ Կիհոն Կատան կամ Տաիկյոկու Շոդանը զարգացվել է Գիչին Ֆունակոշիի որդու՝ Յոշիտակա Ֆունակոշիի կողմից որպես կարատե կատայի ներածական մաս։

Կատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիչին Ֆունակոշին կատարում է Կանկու դայ (観空大) կատան

Կատան սովորաբար բնութագրվում է որպես կարատեի քայլերի հերթականություն, որ նախապես պլանավորվել են երևակայական հակառակորդի հետ պայքարի համար։ Կատան ներառում է ոտքով հարվածներ, բռունցքով հարվածներ և այլն։ Տարբեր կատաներում մարմնի շարժումը ներառում է քայլ անելը, պտտվելը, շրջվելը, գետնին ընկնելը և ցատկելը։ Շոտոկանում կատան ներկայացում է կամ ցուցադրություն, որի ամեն մի տեխնիկա գործնականում կարող է սպանել (ikken hisatsu), ընդ որում, առանձին ուշադրություն է դարձվում ձևին ու ժամանակին (ռիթմին)։ Կարատեիստի հասակ առնելուն զուգահեռ ավելի շատ տեղ է հատկացվում առողջությունն ամրապնդող վարժություններին, որոնք մարմինը պահպանում են ճկուն ու շարժուն։ Շոտոկան կատայի հիմնական ծրագիրը ներկայացված է Գիչին Ֆունակոշիի «Կարատե դո Կյոհան» գրքում,որը Շոտոկան կարատեի հիմնական դասագիրքն է։ Դայ Նիհոն Կարատո-դո Շոտոկայը Շոտոկան կարատեի պաշտոնական ներկայացուցիչն է։ Երբ հիմնադրվել է Ճապոնական կարատեի ասոցիացիան, Նակայաման գրել է 27 կատաներ որպես ծրագիր այդ կազմակերպության համար։ Սակայն նույնիսկ այսօր շոտոկանի հազարավոր դոջոներում կիրառվում են այդ 27-ից միայն 26-ը։ ՃԿԱ-ի համար հիմնական են համարվում հետևյալ կատաները՝ Տաիկյոկու շոդան (երբեմն կոչվում է Կատա Կիհոն կամ Կիհոն Կատա) (太極初段), Հեյան շոդան (平安初段), Հեյան նիդեն (平安二段), Հեյան սանդան (平安三段), Հեյան յոնդան (平安四段), Հեյան գոդան (平安五段), Բասսսաի դայ (披塞大), Ջիոն (慈恩), Էնպի (燕飛), Կանկու դայ (観空大), Հանգեցու (半月), Ջիտտե (十手), Գանկակու (岩鶴), Տեկկի շոդան (鉄騎初段), Տեկկի նիդան (鉄騎二段), Տեկկի սանդան (鉄騎三段), Նիձյուշիհո (二十四步), Տինտե (珍手), Սոտին (壯鎭), Մեյկյո/Ռոհաի (明鏡), Ունսու (雲手), Բասայ շո (披塞小), Կանկու սյո (観空小), Վանկան (王冠), Գոձյուսիհո շո (五十四歩小), Գոձյուսիհո դայ (五十四歩大) և Ձիին (慈陰)[2][11][12]:

Ավանդական շոտոկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական Շոտոկան Կարատե-դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը:Ավանդական Կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը։ Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները:Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում:Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը։ Շոտոկան (Շոտոկան) [shoto+kan] Կարատե-դո. ճապոնական կարատեի հիմնական ոճերից մեկը, որը ստեղծել է մարտական արվեստների մեծագույն վարպետներից մեկը՝ Գիչին Ֆունակոշին (1868-1957), XX դարի 30-ական թվականների կեսերին, օկինավյան Սյորին-րյու ուղղության սկզբունքների հիման վրա։ «Շոտոկան» ճապոներեն նշանակում է «Սյոտոյի տուն» և այդ անվան տակ գոյություն ունի 1936 թվականից։ Շոտոկան կարատեն ամենամասսայական ոճն է ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում և դասվում է չորս խոշոր ոճերի շարքին՝ Գոձյու-րյուի, Սիտո-րյուի և Վադո-րյուի հետ միասին:1935թ. Ֆունակոշիի մտերիմներն ու աջակիցները հավաքել էին զգալի միջոցներ Ճապոնիայում Կարատեի առաջին դոձյոյի (դպրոցի) շինարարության համար։ Ֆունակոշիի կողմից նախագծված դոձյոն կառուցվել է Զոսիգայում (Տոկիո) 1936 թվականին։ Դպրոցին տրվել է «Սյոտո-կան» անվանումը։ Ըստ Սիգերու Էգամիի կառույցը ավերվեց Տոկիոյի վրա ամերիկյան օդային նավատորմի հարձակումներից մեկի ժամանակ։ Ի նշան վարպետի հանդեպ երախտագիտության՝ մուտքի դռան վրա տեղադրվեց ցուցատախտակ «շո», «տո» և «կան» հիերոգլիֆներով։ «Շոտո» բառը Ֆունակոշիի գրական կեղծանունն է, որը դեռ պատանեկության ժամանակ ընդունել է վարպետը նրբագեղ բանահյուսության երկրպագուն։ Սյոտո հիերոգլիֆը բառացի նշանակում է «սոճիներ և ալիքներ», «կան»՝ «տուն»։ Բացատրելով իր կեղծանվան ծագումը՝ Ֆունակոշին իր հուշերում՝ «Սյոտոյի գիշերային զրույցները» («Սյոտո յովա»), պատմում է, թե ինչպես իր աշակերտական տարիներին սիրում էր Սյուրի քաղաքի մարդկային իրարանցումից առանձնանալ փոքր կղզու վրա, որտեղ աճում էին հզոր ծեր սոճիներ։ Լսելով քամու աղմուկը սոճիներում եւ հայելով ափակոծության ալիքները՝ նա մտորում էր մարդու, բնության, աշխարհի արարման մասին՝ հղանալով համաշխարհային մարդասիրական կարատեի ստեղծման գաղափարը։ Նրա ցանկությունները մեծ մասամբ պետք է իրականանային:Սյոտոկան դպրոցի խորհրդանիշ Վագրի ծագումը. Վագրը նկարել է ճապոնացի հայտնի նկարիչ Հոան Կոսուգին վարպետ Գիչին Ֆունակոշիի պատվին, ով ուժ և խիզախություն խորհրդանշող այս նկարը զետեղել է իր առաջին գրքի կազմի վրա։ Շրջանի եզրերի անհավասարությունը ցույց է տալիս, որ պատկերը նկարված է եղել վրձնի մի հարվածով։ Վագրի պոչի մոտ գտնվող հիերոգլիֆները նշում են նկարչի անունը[13]։


Հիմնական տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կումիտե – «ձեռքերի հանդիպում», սպարինգ
  • Իպպոն կումիտե (一本組み手) – ուսուցողական կումիտե մեկ քայլով
  • Սամբոն կումիտե (三本組み手) – ուսուցողական կումիտե երեք քայլով
  • Դոջո – «վայր, որտեղ որոնվում է ուղին», մարզասրահ
  • Կատա – «ձև», տեխնիկական կոմպլեքս
  • Նիհոնգո (気合) – բարձրաձայն արտաշնչում որովայնով, որ ուղեկցում է կենտրոնացված հարվածին
  • Կիհոն – բազային տեխնիկա
  • Օսս, օսսու (おっすっ、おっす) – բոլոր խոնարհումների ժամանակ ասվող բառ, որ նաև նշանակում, որ մարտիկը պատրաստ է մարտին
  • Օբի – գոտի
  • Ռեյ (礼) – խոնարհում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark Bishop (1999). Okinawan Karate: Teachers, styles, and secret techniques. ISBN 0-8048-3205-6.
  2. 2,0 2,1 Funakoshi, Gichin (1973). "Karate-do Kyohan", Kodansha International Ltd, Tokyo. ISBN 0-87011-190-6.
  3. «Funakoshi Gichin (1868-1957)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. «Gichin Funakoshi, the father of karate». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Funakoshi, Gichin (1981). "Karate-do: My Way of Life". Kodansha International Ltd, Tokyo. ISBN 0-87011-463-8. pg. 85
  6. Funakoshi, Gichin (1973). Karate-Do Kyohan. Kodansha. էջ 227. ISBN 0-87011-190-6.
  7. JKA, Official site. «'The Twenty Precepts of Karate». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 16-ին.
  8. Teruyuki Okazaki (2006). Perfection of Character. ISBN 0-9785763-2-2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  9. South African JKA Affiliated Life Book. 2010.
  10. Adams, Andy (1971). «The Father of Modern Karate». Black Belt (10): 41–47.
  11. Sugiyama, Shojiro (1984). "25 Shoto-Kan Kata". Shojiro Sugiyama, Chicago. ISBN 0-9669048-0-X.
  12. Redmond, Rob (2008). «The Shotokan Canon». Kata: The Folk Dances of Shotokan (4th ed.). էջ 45.
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shojiro Sugiyama. (2005).11 Innovations in Karate, ISBN 978-0-9669048-3-3. Chicago, IL.
  • Bruce Clayton. Shotokan's Secret: The Hidden Truth Behind Karate's Fighting Origins, ISBN 978-0897501880
  • Harry Cook. Shotokan Karate: A Precise History.
  • Gichin Funakoshi. Karate-do Kyohan: The Master Text, ISBN 978-1568364827
  • Gichin Funakoshi. Karate-do Nyumon: The Master Introductory Text. ISBN 978-4770018915
  • John Sells. Unante: The Secrets of Karate (Panchita S. Hawley, 2nd ed. 2000), ISBN 0-910704-96-1 .
  • Marius Podeanu. Best Embusen: Shotokan.
  • Masatoshi Nakayama. Dynamic Karate, ISBN 978-1568364131
  • Randall G. Hassell. Shotokan Karate: Its History and Evolution (Damashi, 1984). ISBN 0-911921-05-2.
  • Randall G. Hassell and Edmond Otis. "The Complete Idiot's Guide to Karate". (Penguin Group (USA), 2000), ISBN 978-0028638324
  • Rob Redmond. Kata: The Folk Dances of Shotokan.
  • Teruyuki Okazaki. Perfection of Character: Guiding Principles for the Martial arts & Everyday Life, ISBN 978-0978576325
  • Willy J. Ortiz. "Funakoshi, Father of Modern Karate" ISBN 952-92-0852-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]