Շնկոտեմ հովանոցավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնկոտեմ հովանոցավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Thlaspideae
Ցեղ Շնկոտեմ (Thlaspi)
Տեսակ Շնկոտեմ հովանոցավոր (T. umbellatum)
Միջազգային անվանում
Thlaspi umbellatum

Շնկոտեմ հովանոցավոր (լատին․՝ Thlaspi umbellatum ), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5-15 սմ, երբեմն՝ 30 սմ բարձրությամբ միամյա, նուրբ բույս է, որն ունի բազմաթիվ ցողուններ։ Տերևները լայն-նշտարաձև կամ երկարավուն են, հիմքում՝ սրտաձև, ականջուկներով։ Ծաղիկները քառատիպ են, պսակաթերթերը սպիտակ են և խմբված վահանիկանման կարճացած գագաթնային ողկույզում։ Պտուղը 4-6 մմ երկարությամբ, հակաեռանկյունաձև, կողքերից տափակացած, հիմքում՝ սեպաձև, գագաթում՝ թեթևակի գոգավոր, անկյունավոր ճառագայթաձև ջղավորված թևերով պատիճակ է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Ճակատեն, Ներքին Հանդ)։ Աճում է նաև Արևելյան Նախակովկասում և Արևելյան Անդրկովկասում, ինչպես նաև Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 700-900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, թփուտների մեջ։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէր նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնկոտեմ հովանոցավոր» հոդվածին։