Շանթ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանթ Հարությունյան
քաղաքական գործիչ
ShantHarutyunyan.jpg
Ծնվել էփետրվարի 3, 1965 (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Շանթ Շահենի Հարությունյան (փետրվարի 3, 1965, Երևան), հայ ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ազգային Միացյալ նախաձեռնության համակարգող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Շահեն Հարությունի Հարությունյանն, ակտիվ հայ անկախական էր, հակախորհրդային և ազգային գործիչ, եղել է 1966 թվականին ստեղծված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրներից (Հայկազ Խաչատրյանի և Ստեփան Զատիկյանի հետ միասին), դատապարվել է երկու անգամ ազատազրկման, հակասովետական գործունեության համար, իսկ ավելի ուշ արտաքսվել[2]։

Շանթ Հարությունյանը 1980 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Իրավագիտություն» ֆակուլտետում։

1984 թվականին զորակոչվել է սովետական բանակ, որտեղ ԿԳԲ-ի պատվերով ազատազրկվել է երեք տարի ժամկետով՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Ճանաչվել է քաղաքական բանտարկյալ[3]։

1987 թվականի դեկտեմբերի 1-ին հիմնել է «Կանչ» երիտասարդական ակումբը, 1988 թվականից Արցախյան շարժման ջատագովն էր և նույն թվի հունիսին ընկերների հետ հացադուլ է հայտարարել՝ Արցախը Հայաստանին միանալու պահանջով։ Նույն թվականի հունիսի 15-ին Գերագույն խորհուրդն ընդունել է Արցախը Հայաստանին միանալու որոշումը։

1988 թվականին «Կանչ»-ը վերանվանվել է «Հայ երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպության, որն առաջնորդվում էր Նժդեհի ցեղակրոն գաղափարներով։ 1988-1991 թվականներին հրատարակել է «Ցեղակրոն» պաշտոնաթերթը։ 1988 թվականի շարժմանն ակտիվ մասնակցելու համար մեկ ամսով ազատազրկվել է։

1989 թվականին ընկերների հետ ստեղծել է կամավորական ջոկատ՝ Հայաստանի սահմանների պաշտպանության համար։ 1990 թվականի փետրվարից ընկերների հետ եղել է Կապանի սահմանամերձ տարածքում, ուր ապրիլի 24-ին, ջոկատի սպառազինությունն ուժեղացնելու նպատակով, զինաթափել են սովետական բանակի մի ստորաբաժանում[4]։

1990 թվականի մայիսի 27-ին «Անկախության բանակի» և մի քանի այլ ջոկատների կազմում մասնակցել է սովետական բանակի հետ ռազմական բախմանը։ Մինչև 1992 թվականը ընկերների հետ պաշտպանել է Հայաստանի սահմանամերձ գոտին[2]։ Հայկական բանակի կազմավորումից հետո Շանթ Հարությունյանի ընկերների մի մասը շարունակում են իրենց ծառայությունը բանակում, իսկ Շանթ Հարությունյանը իրականացրել է կուսակցական-քաղաքական գործունեություն։

2008 թվականի ապրիլի 10-ին կալանավորվել է մարտի 1-ի դեպքերին մասնակից լինելու համար։ 2009 թվականին ազատ է արձակվել[3] հայտնի և աղմկալից դատավարությունից հետո, ուր ներկայացնում էր իր պաշտպանությունը անձամբ, առանց պաշտպանի և կարողացավ ամբողջովին իր և ընկերների վրայից հանել բոլոր մեղադրանքները, ներառյալ անմեղսունակության մեղադրանքը, որը փորձում էին վերագրել իրեն։

Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004 թվականին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն»[5], 2007 թվականին՝ «Աստվածների վերադարձը»[6] աշխատությունները։ Հասարակությանը հայտնի է հեռուստատեսային զանազան բանավեճերում հայրենասիրական վերլուծություններով։

Շանթ Հարությունյանը իր գործունեությունը նվիրել է ազատ և անկախ Հայաստանի կերտման գործին։ Բազմիցս քննադատել է Պուտինյան Ռուսաստանի քայքայիչ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ և որոշ կուսակցությունների հակահայ-ռուսամետ կեցվածքը։ Բանավեճերում և հոդվածներում ապացուցել է 1920-1921 թվականների Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի անօրինակությունը, որոնցով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, բաժանվել Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ [7]։

Բանտարկվել է մի շարք համախոհների հետ գործող ռեժիմի ներկայացուցիչների հետ բախումներից հետո 2013 թվականի նոյեմբերի 5-ին, երբ օրեր առաջ, մինչ ձերբակալությունը հայտարարել էր արժեքների հեղափոխություն իրականացնելու մասին[8], ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը և 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման ՀՀ իշխանությունների կողմից[9]։

«Human Rights Defense» իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է քաղաքական բանտարկյալներ[10]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից[11]:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]