Շամպինյոն դեղնամաշկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շամպինյոն դեղնամաշկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Agaricaceae
Տեսակ Շամպինյոն դեղնամաշկ
Լատիներեն անվանում
Agaricus xanthodermus


Շամպինյոն դեղնամաշկ (լատին․՝ Agaricus xanthodermus), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստ մսալի, զանգակաձև, կիսագնդաձև գլխարկը, որը կպչելիս ստանում է դեղին կամ դեղնանարնջագույն գունավորում, ունի 2-12 սմ տրամագիծ, սպիտակ է, սպիտակավուն, մոխրագույն, մերկ, հարթ, թավշյա, փայլուն։ Այն մեջտեղում տափակ է, երբեմն ճաքճքված, ծալված եզրերով և մասնակի ծածկոցի մնացորդներով, գունավորված է ավելի մուգ։ Կտրվածքում վառ դեղին գունավորմամբ պտղամիսը սպիտակ է և ունի տհաճ կարբոլաթթվի հոտ։ Սպիտակավուն, վարդագույն և մուգ շագանակագույն թիթեղները գրեթե սև են։ Գլխարկի գույնի, կենտրոնական, մերկ ոտիկը 5-10 x 1-4 սմ է, հիմքում՝ դեղնավուն, ուռուցիկ, լայն, սպիտակավուն, դեղին եզրերով օղակով։ Սպորափոշին մուգ շագանակագույն է։ Շագանակագույն, կլորավուն ձվաձև սպորները 5,5-6,5 x 3,5-5 մկմ են և հարթ։ Հումուսային սապրոտրոֆ է, իսկ պտղամարմինները թունավոր են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր արեալը ընդգրկում է Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը)։ Լայն տարածում ունի որոշ եվրոպական երկրներում։ Հայաստանում եզակի օրինակները հայտնաբերված են Արագածի ֆլորիստիկական շրջաններում, Սև լճի շրջակայք և Երևանի ֆլորիստիկական շրջակայք, Երևանի քաղաքի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգի[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է հողի վրա, ալպիական մարգագետիններում, արոտավայրերում, այգիներում, 1000-3500 մ բարձրությունների վրա, հուլիս-օգոստոս ամիսներին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացման եզրին գտնվող տեսակ է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.