«Նվեր ամենաթույլի համար» (ռուս.՝ «Подарок для самого слабого»), խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Լեոնիդ Կայուկովի կողմից[1][2]։
Առյուծը դիտում է «Կենդանիների աշխարհում» հաղորդումը և իմանում, որ անտառում գազանները նեղացնում են ամենաթույլին՝ նապաստակին։ Առյուծը որոշում է ծանրոց ուղարկել նապաստակին և դրա վրա գրում է՝ «Նվեր ամենաթույլի համար»։ Երբ ծանրոցը փոստով հասնում է անտառ, նրա մոտ հավաքվում են աղվեսը, վարազն ու գայլը և սկսզում վիճել, թե ում պետք է բաժին հասնի այն։ Արդյունքում գայլը վտարում է բոլորին և սկսում բացել ծանրոցը։ Ծանրոցը բացվում է, և դրանից դուրս է գալիս առյուծը։ Նա մռնչում է. «Դե, ո՞վ է այստեղ ամենաթույլը»։ Գազանները փախչում են, իսկ նապաստակը շշնջում է՝ «Ես»։ Առյուծն ասում է. «Մի՛ վախեցիր։ Ես կպաշտպանեմ քեզ»։ Պարզվում է, որ առյուծը որպես նվեր ուղարկել էր ինքն իրեն, որ միշտ պաշտպանի նապաստակին և բոլոր թույլերին։ Մուլտֆիլմի վերջում առյուծն ու նապաստակը միասին քայլում են անտառում Արիել Ռամիրեսի «Արտույտ» երաժշտության ներքո, որը «Կենդանիների աշխարհում» հաղորդման երաժշտությունն է։ Ճանապարհին առյուծի շուրջը հավաքվում են ամենաթույլերը՝ սկյուռը, գորշուկը, որոնց առյուծը վերցնում է իր պաշտպանության ներքո։