Ներքին Տավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ներքին Տավրոս, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Արևմտյան Եփրատ, Արաքս և Արևելյան Եփրատ գետերի ջրբաժան գոտում։ Սկսվում է Կենտրոնական Տավրոսի Ուզուն Յայլա բարձրադիր սարահարթից և փնջաձև տարածվում արևելք։

Ներքին Տավրոսի մակերևույթը մասնատված է Արևմտյան Եփրատ, Արաքս և Արևելյան Եփրատ գետերի ու նրանց վտակների հովիտներով։ Դրանցից մի քանիսի միջանցիկ կիրճերով Ներքին Տավրոսը բաժանվում է առանձին լեռնաճյուղերի։ Ներքին Տավրոսի կենտրոնական մասում ձգվում են Մնձուր, Մերջան, Այծպտկունք (Փալանթոքյան), Հայկական պար լեռնաշղթաները և վերջանում Արարատ լեռնազանգվածով։ Հյուսիս–արևելյան լեռնաճյուղն սկսվում է Այծպտկունքից և ձգվում Սիվրիդաղ, Մեծրաց (Չախըրբաբա), Ալլահյուեկբեր լեռնաշղթաներով մինչև Կուր գետի ակունքները։ Հարավ–Արևելյան Ներքին Տավրոսը կազմված է առանձին լեռնազանգվածներով տրոհված Խամուր, Կազբել, Աղդաղ, Սիփան լեռնաճյուղերից։

Ներքին Տավրոսը հիմնականում կազմված է յուրայի և կավճի հասակի ծալքավորված (հաճախ իզոկլինալ), խզումներով տրոհված կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից և նրանցում ներդրված օձաքարային զանգվածային ապարներից։ Առանձին տեղերում ծածկված է պլիոցեն-անթրոպոգենի անդեզիտային ու բազալտային լավաներով։ Ներքին Տավրոսի հարավային և հյուսիսային լեռնաճյուղերը ենթարկվել են խորքային բեկվածքների, որոնց ուղղությամբ ձգվում են հյուսիսում՝ Երզնկայի, Մամախաթունի, Աշկալայի, Էրզրումի, Հասանկալայի, Բասենի, Արարատյան, հարավում՝ Դերջանի, Տուզլայի, Խնուսի, Ալաշկերտի, Դիադինի, Բայազետի գոգավորությունները։ Ջրբաժան գոտուն բնորոշ են տարասեռ մորֆոլոգիայով սրածայր ատամնավոր գագաթները (Մյուրիդ, Քեշիշդաղ, 3537 մ, Կասադաղ, 3424 մ, Չաքմաք, 3040 մ), հնագույն սեղանաձև մնացորդային մակերևույթները (3000–3100 մ) և լավածածկույթի վրա տեղադրված Այծպտկունք (3350 մ), էրլիդաղ (3300 մ) հզոր հրաբուխները։ Օգտակար հանածոներից կան շինանյութեր, երկաթ (Դիվրիգի), նավթ (Հասանկալա), լիգնիտ, ծծումբ (Քյուքյուրթլու՝ էրզրումի մոտ, Օլթի), բազմամետաղային հանքավայրեր (Կեբանի շրջան), կերակրի աղ (Տուզլա, Օլթի, Կողբ, Կաղզվան), բոր (Բուխանա, Օլթի), հանքային տաք աղբյուրներ (էրզրում, Իլլիջա, Հասանկալա, Կաղզվան)։

Կլիման չոր մերձարևադարձային է, ցուրտ ձմեռներով, չոր ու շոգ ամառներով։ Լեռնային ռելիեֆի շնորհիվ լավ է արտահայտված ուղղաձիգ գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1°С-ից –5 °C է, հուլիսինը՝ 26–27 °С։ Տարեկան տեղումները լեռներում և բարձրադիր սարահարթերում 500–800 մմ են, միջլեռնային գոգավորություններում՝ մինչև 500 մմ։ Մեծ տարածում ունեն լեռնային անտառային գորշ հողերը, լեռնային սևահողերը, լեռնամարգագետնային հողերը։ Բուսականությունը հիմնականում տափաստանային է՝ տարախոտահացազգիներ, կան նաև մարգագետիններ։ Տարածված ծառատեսակներից են բոխին, հաճարենին, հացենին, գիհին։ Կենդանիներից կան վայրի ոչխար, գայլ, աղվես, նապաստակ, ճագարամուկ, սողուններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 267