Կենտրոնական Տավրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենտրոնական Տավրոս
AlaDaglarDirektas.jpg
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԼեռնաշղթաՏավրոսյան լեռնահամակարգ
Մեծագույն գագաթQ19611707?

Կենտրոնական Տավրոս, լեռնազանգվածների համալիր Թուրքիայում, Անատոլիա ծոցից հյուսիս-արեելք՝ մինչև Պյուրամոս (Ջեյհան) գետի ակունքները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեկտոնական բեկվածքով՝ Ծամնդավի (Զամանթիի) կիրճով Կենտրանական Տավրոսը բաժանվում է 2 մասի՝ Անտիտավրոսի և Կիլիկյան Տավրոսի։ Կազմված է պալեոզոյի կրաքարա-թերթաքարային շերտախմբերից՝ ծածկված նեոգենի մերգելա-կրաքարային նստվածքներով։ Զարգացած են կարստային երևույթները։

Կիլիկյան Տավրոսը զուգահեռ շղթաների և աստիճանակերպ սեղանաձև զանգվածների համալիր է՝ մասնատված Մեդիսիզ, Տարսոս (Թարսուս), Չակիտ, Սարոս (Սեյհան), Պյուրամոս, Դյոքսու գետերի անտեցեդենտ միջանցիկ կիրճերով։ Տավրոսի լեռները դժվարամատչելի են, լեռնանցքներից նշանավոր է Կիլիկիայի դարպասները (Դրունք Կիլիկիո) կամ Գուկլակի կապանը (թուրք.՝ Կյուլեք-Բողազ), որի տակով է անցնում Բաղդադի երկաթուղու թունելը։ Բարձր գագաթներն են Կալդիդաղը (3734 մ), Մեդեդսիզը (3585 մ)։

Հարավ-արևելքում Կենտրոնական Տավրոսը ընդհատվում է Ադանայի իջվածքով, որի շարունակությունն են կազմում Մերսինի և Ալեքսանդրետի (Իսկենդերուն) ծոցերը։ Օգտակար հանածոներից կան բազմամետաղներ երկաթի, պղնձի երևակումներ, շինանյութեր։

Կենտրոնական Տավրոսի աշխարհագրական դիրքը, լեռնագրությունը պայմանավորում են լեռնային երկրի կլիմայական և լանդշաֆտային հակադրությունները։ Հյուսիս-արևմտյան լանջերն ու նախալեռները կրում են Անատոլական ցամաքային կլիմայի ազդեցությունը՝ ցուրտ ձմեռ, տաք և չոր ամառ, տարեկան 300-500 մմ տեղումներ։ Նախալեռնային սարավանդներում տարածված են գորշլեռնային, ցածրադիր, քարքարոտ լանջերում՝ չորատափաստանային լեռնա-շագանակագույն, բարձր լանջերում՝ լեռնա-անտառային դարչնագույն հողերը։ Լեռների բարձրադիր մասերը ծածկված են կաղնու, հաճարենու, եղևնու, սոճու, մայրու անտառներով, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգագետիններով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային և հարավարևելյան լանջերը բնորոշվում են տիպիկ միջերկրածովային կլիմայով (տարեկան տեղումները՝ 1000-2000 մմ և ավելի)։ Լանջերն ունեն համատարած հարուստ անտառածածկ՝ լիբանանյան մայրի, կիլիկյան բրգաձև սոճի, ձիթենի, ընկուզենի, նշենի, մակվիս։ Հարթավայրերում և սարավանդներում կան շաքարեղեգի, բամբակենու, փյունիկյան արմավի պլանտացիաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 380 CC-BY-SA-icon-80x15.png