Բաղդադի երկաթուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բաղդադի երկաթուղի, Բոսֆորը Պարսից ծոցի հետ կապող երկաթուղի, որի երկարությունը հասնում է 2400 կմ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող երկաթուղու կառուցումը մրցակցության առարկա է դարձել մեծ տերությունների միջև։ Ձգտելով ստանձնել Բաղդադի երկաթուղու շինարարությունն ու շահագործումը՝ Գերմանիան ցանկանում էր իր վերահսկողությունը սահմանել Օսմանյան կայսրության նկատմամբ և հարվածի տակ դնել անգլիական դիրքերը Հնդկաստանում ու Եգիպտոսում, և ռուսական դիրքերը՝ Կովկասում ու Միջին Ասիայում։ 1888-1899 թվականներին Գերմանիային հաջողվեց Թուրքիայից ստանալ Բաղդադի երկաթուղու հիմնական հատվածի կառուցման և շահագործման արտոնություն (կոնցեսիա), որը վերջնականապես ձևակերպվեց 1903 թվականին։ Մյուս տերությունների դիմադրությունը հաղթահարելու նպատակով գերմանական դիվանագիտությունը փորձում էր փոխզիջմամբ համաձայնության գալ նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ֆրանսիային և Անգլիային թույլատրվեց մասնակցել Բաղդադի երկաթուղու առանձին տեղամասերի շինարարությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին երկաթգիծը հասել էր մինչև ուսս ալ Այն։ Ամբողջ մայրուղու կառուցումն ավարտվել է 1934-1941 թվականներին՝ անգլիական և ֆրանսիական մասնավոր ընկերությունների կողմից։ Գերմանական կառավարությունը Բաղդադի երկաթուղու հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանի նկատմամբ Գերմանիայի տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ։ Գերմանական հայտնի քաղաքագետ և դիվանագետ Պ. Ռորբախը Հայաստանը համարում էր բանալի Անատոլիային և Միջագետքին տիրելու համար։ Արևմտյան Հայաստանում երկարատև տեսչական շրջագայությունից հետո նա եկել էր այն եզրակացության, որ Արևմտյան Հայաստանում թուրքական միատարրություն ստեղծելու համար անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով կլուծվեր երկու կարևոր խնդիր՝ երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու գործունյա բանվորական ուժով, և միաժամանակ կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում։ Այս տեսակետը հետագայում հիմք ծառայեց երիտթուրքական կառավարության հայաջինջ քաղաքականության համար։ Բաղդադի երկաթուղու առանձին տեղամասերի շինարարությանը մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխովին ոչնչացրել են թուրք ջարդարարները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акопян С. В.. Западная Армения в планах империалистических держав в период первой мировой воины, Е, 1967․
  • Степаиян С. С., Армения в политике империалистической Германии /конец XIX• начало XX векаJ, Е., 1975․
  • R о г b а с h P., * Die Bagdadbahn, В., 1902․
  • Earle Е М., Turkey, the Great Powers and the Bagdad Railway, N. Y, 1923․
  • Wolf J.B., The Diplomatic History of the Bagdad Railroad, Columbia, 1938.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png