Յակուտական դանակ
Յակուտական դանակ, դանակի տարատեսակ, որն օգտագործվում է Յակուտիայի արմատական բնակիչների կողմից։ Համարվում է Յակուտիայի մշակույթի ամենահայտնի առարկաներից մեկը, ինչպես կոմուզը, ադամանդները և այլն։
Դանակի տարատեսակները և հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Յակուտիայի տարածքում անցկացվող հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ դանակների նմուշները, որոնք դուրս են բերվել բազմաթիվ գերեզմանոցներից և հնադարյան մարդկանց կացարաններից, անկասկած նմանություն ունեն յակուտական դանակի հետ[1]։
Գոյություն ունեն յակուտական դանակի բազմաթիվ տարածաշրջանային տարատեսակներ, սակայն դասական տարբերակում դանակը իրենից ներկայացնում է 110-170 մմ երկարությամբ շեղբ, որը նստեցված է փայտե կոթի վրա, պատրաստված կեչու ծառի բնի վրա առաջացած խիլից կաշվե պատյանից։
Շեղբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակուտական դանակի շեղբը մի կողմից ունի սայր և հարթ (կամ գրեթե հարթ) կռնակ։ Յակուտական դանակի առանձնահատկությունը համարվում է նրա սայրի սրվածքի անհամաչափությունը, որը նշել են յակուտների կյանքը ուսումնասիրող դեռևս առաջին հետազոտողները[2]։ Մի կողմից դանակի սայրը հարթ է, ունի երկայնակի ակոս (եթե նայենք կռնակի կողմից, ապա դա շեղբի աջ կողմն է)։ Շեղբի հակառակ (ձախ) կողմը ճկված է։ Դա արվում է նրա համար, որպեսզի դանակի հետ աշխատելու ժամանակ այն չխրվի նյութի մեջ։ Հենց դրա հետ կապված աջլիկների և ձախլիկների դանակները տարբերվում են։ Ձախլիկների համար դանակները պատրաստվում են շեղբի շրջված հայելային անհամաչափությամբ։
Դանակները տարբերվում են շեղբի երկարությամբ.
- 80-110 մմ՝ փոքր դանակ (բիհիչա) – սովորաբար պատրաստվում է երեխաների և կանանց համար,
- 110-170 մմ՝ դանակ (բիհախ) – ամենատարածված ձևը,
- սկսած 170 մմ-ից՝ մեծ դանակ (խոտոխոն) – գործնականորեն մարտական դանակ է, և այդ պատճառով երբեմն է արտադրվում։
Շեղբի լայնությամբ առանձնացնում են տունդրային՝ նեղ շեղբ ունեցող և տայգային՝ ավելի լայն շեղբ ունեցող դանակներ։ Տունդրայում դանակը հիմնականում պետք է լինում կտրելու կամ շաղափելու համար, իսկ տայգայում՝ որսամսի կամ ընտանի անասունների մսի կտրատման կամ փայտի հետ աշխատելու համար։ Հենց դրանով է պայմանավորված դանակի շեղբի լայնության տարբերությունը։
Ավանդական յակուտական դանակը պատրաստվում է բավականին փափուկ պողպատից։ Դա արվում է նրա համար, որպեսզի դաշտային պայմաններում այն հեշտ լինի սրել գետի մանրաքարով կամ այլ նյութերով։ Վերջին ժամանակներում լայն տարածում են գտել յակուտական դանակների շեղբեր, որոնք պատրաստված են պողպատի հատուկ տեսակից, կամ նույնիսկ դամասկյան պողպատից։
Բազմաթիվ հետազոտողների մոտ հարցեր են ծագում շեղբի վրա երկայնակի ակոսի հետ կապված։ Կան տարբեր վարկածներ սկսած նրանից, որ այդ երկայնակի ակոսը հարկավոր է արյունածորման համար, որ դա տուրք էր ավանդույթներին, երբ դանակները պատրաստվում էին ոսկրից, որ երկայնակի ակոսը հարկավոր է շեղբին ամրություն տալու համար, որ ակոսի առկայությունը անհամաչափ շեղբի դարբնելու առանձնահատկության արդյունք է կամ ակոսը պետք է շեղբի քաշը նվազեցնելու համար, որպեսզի այն չսուզվի ջրի տակ և այլն։ Անկասկած է միայն այն, որ յակուտական դանակը պետք է ակոս ունենա շեղբի աջ կողմից։
Կոթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանակի կոթը սովորաբար պատրաստվում է կեչու ծառի բնի վրա առաջացած խիլից, որը տոգորվում է հատուկ ձեթի մեջ։ Դանակի կոթը ձվանման է, «սուր» ծայրով ուղղված սայրի կողմը, որը զուրկ է որևէ հենակներից, դաստապանից և այլն, այն իրենից ներկայացնում է սովորական, հարթ կոթ։ Դրա երկարությունը 130-150 մմ է, ինչը ավելի երկար է, քան տղամարդու ձեռքի ափի լայնությունը։ Երկար կոթը բացատրվում է ոչ միայն հարմարության տեսանկյունով, այլ նաև նրանով, որ դանակը չպետք է սուզվի ջրի տակ։ Բացի կեչու խիլից օգտագործվում են նաև կեչու կեղևի վերնաշերտ, որը դրվում է մեկը մյուսի վրա և դրանց միջև սոսինձ է քսվում։ Սոսնձումից հետո կեչու կեղևի վերնաշերտը չորանում է ճնշման տակ, ինչից հետո դրանից կոթ են պատրաստում։ Մամոնտի ոսկրից, պլաստիկից և այլ նյութերից պատրաստված կոթերով դանակները համարվում են հուշանվեր և չեն օգտագործվում առօրյա կյանքում։
Պատյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յակուտական դանակում օրիգինալ է համարվում նաև պատյանը։ Դասական տարբերակում պատյանը պատրաստվում է ցուլի պոչի տիկ հանած կաշվից, որի ներսում տեղադրվում է փայտե ներդիր, որը չպետք է ամուր գրկի շեղբը։ Ներդիրի գործառույթը ոչ թե դանակը պահելն է, այլ շեղբի պաշտպանումը կոտրվելուց։ Պահելու գործառույթը կատարում է պատյանի կաշվե հատվածը, քանի որ դանակը ընկղմվում է պատյանի մեջ կոթի 2/3 երկարությամբ այնպես, որպեսզի պատյանը քիպ գրկի դանակի կոթը։ Թույլատրվում են նաև պատյանի պատրաստման այլ տարբերակներ՝ սովորական կաշվից և կեչեկեղևից։ Շատ հազվադեպ հանդիպում են փայտե պատյանները։
Դանակը պատյանի մեջ պահելու համար սովորաբար ամրացվում է կաշվե քուղ։
Դանակի կրում և օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանակը սովորաբար կախում են ձախ կողմից՝ սայրով դեպի ձախ։ Այն պետք է ազատ կախված լինի, որպեսզի չխանգարի դանակի տիրոջ շարժումներին։ Դանակը ձախ կողմից կրելու դեպքում այն հարմար է հանել աջ ձեռքով՝ բութ մատով հենվելով պատյանի հիմքի վրա։
Խորհրդային ժամանակներում յակուտական դանակի արտադրությունը և կրումը քրեորեն հետապնդվում էր, սակայն հարկ է նշել, որ հետապնդում է շատ դեպքերում ձևական բնույթ էր կրում։
Ներկա դրությամբ յակուտական դանակի արտադրությունը, վաճառքը և պահպանումը կանոնակարգվել է Սախա-Յակուտիայի Հանրապետության կառավարության կողմից[3], որի համաձայն յակուտական դանակը ճանաչվել է սախա ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը, և հանրապետության տարածքում թույլատրվում է դանակի օգտագործումը առօրյա կյանքում։
Յակուտական դանակը լայնորեն կիրառվում է Յակուտիայի բնակիչների գյուղատնտեսա-կենցաղային կյանքում՝ որսի, ձկնորսության, սննդի պատրաստման, փայտի հետ աշխատելու ժամանակ և այլն։
Վարպետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսումնասիրելով յակուտական դանակի ֆենոմենը անհրաժեշտ է հաշվի առնել նրա առանձնահատկություններից մեկը։ Դա իրական դանակ է, որն օգտագործվում է Յակուտիայի բնակիչների կողմից առօրյա կյանքում։ Ամբողջ Յակուտիայում դժվար է գտնել ընտանիք, որտեղ չկա գոնե մեկ յակուտական դանակ։ Դա նշանակում է, որ դանակը պատրաստվում է հիմնականում տնային պայմաններում, գյուղական դարբնոցների և արհեստանոցների պայմաններում։ Յուրաքանչյուր յակուտական գյուղ ունի իր վարպետը (իսկ ավելի հաճախ վարպետներ), որոնք պատրաստում են դանակների իրենց տարբերակները։ Դրանով է պայմանավորված դանակների՝ գյուղից գյուղ և վարպետից վարպետ փոփոխությունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Алексеев А. Н. Древняя Якутия: неолит и эпоха бронзы. — Новосибирск, 1996.
- ↑ Серошевский В. Л. Якуты. Опыт этнографического исследования. — 2-е изд. — Якутск, 1993.
- ↑ Постановление Правительства Республики Саха (Якутия) № 409 от 12 сентября 1995 г.